Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է

Հուլիս 15,2004 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԻՑ Ընդդիմադիրները նորից անդրադարձան իրավապահների կամայականություններին Երեկ Մամուլի ազգային ակումբը «Հրատապ թեմայի» շրջանակներում հրավիրել էր ապրիլյան հայտնի դեպքերի տուժողների փաստաբաններին՝ կատարվածին ու հետագա գործընթացներին իրավական գնահատական տալու, եւ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանին ու «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանին՝ այդ ամենին քաղաքական գնահատական տալու: Ապրիլյան դեպքերից տուժողների փաստաբանները հուսահատված չէին: «Վճռաբեկում կփորձեմ հիմնավորել, որ Էդգար Առաքելյանի արածն ընդամենը հետեւանք է՝ իր նկատմամբ տեղի ունեցած բռնությունների, փաստն արձանագրված է, բժշկական եզրակացություն կա, Կարմիր խաչում էլ արձանագրվել է, որ նրա նկատմամբ ահավոր բռնություններ են կատարվել: Ե՛վ առաջին ատյանում, ե՛ւ վերաքննիչում միջնորդությամբ հանդես եկանք, որ Էդգար Առաքելյանը դատապարտվում է հետեւանքի համար, բայց ոչ ոք չի ցանկանում այդ բռնությունների մասին քննություն կատարել: Հեռուստատեսությամբ ցույց տրվող կադրերից մի քանի կադր եթե հետ գնանք, կերեւա, թե ինչի համար են նրան ծեծել. նրա համար, որ նա կանգնած է եղել մայթին: Քանի որ վերաքննիչում ակնհայտ պրոցեսուալ խախտումներ են եղել, շատ հնարավոր է, որ օբյեկտիվ քննության դեպքում գործը վերադարձվի նոր քննության»,- հուսով է քաղբանտարկյալ Էդգար Առաքելյանի փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը: Հիշեցնենք՝ Է. Առաքելյանը դատապարտվել է՝ ոստիկանից պաշտպանվելիս նրան պլաստիկե շշով հարվածելու համար: Ավելի իրատես է ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը՝ կարծելով, որ Վճռաբեկ դատարանն ուժի մեջ կթողնի վճիռը: Ինչի մասին է խոսքը, երբ հարձակում է եղել 3 կուսակցությունների գրասենյակների վրա, եւ որեւէ դիմումի արձագանք չի եղել գլխավոր դատախազի կողմից: «Բազմիցս դիմել ենք Աղվան Հովսեփյանին, իսկ հիմա դիմել ենք դատարան եւ պահանջում ենք դատական գործ հարուցել Աղվան Հովսեփյանի անգործության հետ կապված, ինչը եւս չի ընդունվի: Ես հոռետես չեմ, ես ռեալիստ եմ, բայց դա չի նշանակում, որ մենք կանգ ենք առնելու»: «Ապրիլի 23-ին Գրիշա Վիրաբյանի հանդեպ գործած բռնության հեղինակներն ի սկզբանե իմացել են, որ անպատժելի են մնալու, որ ի սկզբանե գծվելու է մի սյուժե, որով եւ տարվելու է քննությունը: Քննվում է գործ՝ Գրիշա Վիրաբյանի դեմ՝ փաստորեն, հանցադեպի բացակայությամբ: Ակնհայտ հիմնավորված է, որ Վիրաբյանը տուժել է, շտապօգնության կանչեր կան արձանագրված, բայց առայսօր մեղադրանք առաջադրված չէ»,- իր փաստարկները բերեց Գրիշա Վիրաբյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը: Զազրախոսության համար մեղադրվող Լավրենտի Կիրակոսյանի փաստաբանի կարծիքով էլ, «օպերատիվ տվյալներ» ասվածը զենք է դարձել դատարանի ձեռքին, եւ դրա կեղծությունն, ըստ էության, հասարակ մահկանացուներն ապացուցել չեն կարող: Նա մի զավեշտալի փաստ հրապարակեց, ըստ որի, Լ. Կիրակոսյանի տանը կատարած խուզարկության ժամանակ վարժեցրած շները թմրանյութ չեն հայտնաբերել, սակայն շուտով շների սխալն ուղղել են ոստիկանները: «Այս թիրախներն ընտրված են մեկ պատճառով. սրանք այն մարդիկ են, ովքեր չեն ընկճվել, դիմադրել են, ցույց են տվել կամք: Էդգար Առաքելյանը ջարդի մթնոլորտում փորձել է պաշտպանել նաեւ իրեն շրջապատող մարդկանց. սա արդեն վտանգավոր երեւույթ է բռնապետության, այս տիպի իշխանությունների համար: Չէ՞ որ դա կարող է օրինակ ծառայել: Այս ամենը միտում ունի վախի մթնոլորտ ստեղծելու, կոտրելու հասարակության կամքը,- համոզված է Ռ. Խաչատրյանը,- ուստի ես համոզված եմ, որ սա է հիմնական պատճառը, որ Էդգար Առաքելյանն այդքան խիստ պատժվեց, եւ թե ինչու «սկզբունքային» կգտնվեն իշխանությունները: Իշխանությունը մահացու վախենում է հասարակության դիմադրությունից»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել