Անառաջարկները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերն արդեն վերածվում են ճիշտ նույնպիսի բարի ավանդույթի, որպիսին Կաղանդ պապիկի եւ Ձյունանուշի ամանորյա այցերն են: Միջնորդները որոշակի պարբերականությամբ գալիս են Երեւան, ապա՝ Բաքու, կամ հակառակը՝ Բաքու, Երեւան, երբեմն էլ՝ Ստեփանակերտ, հանդիպումներ են ունենում հակամարտող կողմերի ղեկավարների հետ, վերջում իրենց պատասխանների եւ պարզաբանումների միօրինակությամբ զվարճացնում լրագրողներին եւ մեկնում: Ի դեպ, Ժամանակին միջնորդներն, ինչպես եւ Կաղանդ պապը, դատարկաձեռն չէին գալիս եւ իրենց հետ բերում էին կարգավորման զանազան առաջարկներ: Այդ առաջարկների տեսականին վաղուց սպառվել է, եւ այժմ համանախագահները տարածաշրջան են այցելում դատարկ ձեռքերով, գրեթե հենց այնպես: Կամ, ինչպես իրենք են ասում՝ երկուստեք կայացած ընտրություններից հետո փոփոխված իրավիճակում կողմերի դիրքորոշումներին ծանոթանալու համար: Թե ինչ կտա նրանց այս նոր ծանոթացումը՝ դժվար է ասել, համենայնդեպս երեկ հրավիրած ասուլիսին ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանն «անմիտ» անվանեց հայտարարությունները, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղի են մտել: Իր հերթին ռուսաստանյան միջնորդ Յուրի Մերզլյակովը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վարշավայում կայացած ապրիլյան հանդիպումը «շատ կարեւոր բնույթ էր կրում եւ դարձավ այն հիմքը, որի շնորհիվ մենք կոնսուլտացիաներ ենք վարում երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ»: Փակուղու մասին հարցին, ի դեպ, բավական էմոցիոնալ արձագանքեց Ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը: «Նրանց, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, ես խորհուրդ կտայի պատասխանել հետեւյալ հարցին. ո՞վ է իրականում սպառել հնարավորությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբը, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանը»,- չորեց ֆրանսիացին: Եվ իսկապես. եկեք մի պահ պատկերացնենք, թե ի՞նչ կփոխվեր ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, եթե միջնորդությունը ստանձներ մոլորակի ամենալավ միջազգային կառույցը, իսկ դրանում ընդգրկվեին աշխարհի ամենահանճարեղ դիվանագետները: Պատասխանը միանշանակ է՝ բացարձակապես ոչինչ: Կարգավորման գործընթացը հաստատապես չի շարժվի մեռյալ կետից, քանի դեռ կողմերը դույզն-ինչ չեն թոթափել քաղաքական «կոտոշությունն» ու չեն փորձել խնդրին մոտենալ տարածաշրջանային հեռագնա համագործակցության ու իրենց ժողովուրդների բարօրության կարեւորության գիտակցման դիրքերից: Միջնորդները հենց այդպես էլ ասացին. «Դուք ինքներդ պետք է գտնեք հարցի լուծումը, իսկ մենք կաջակցենք»: Իհարկե, այստեղ էական է նաեւ տարածաշրջանում գերտերությունների միջեւ ազդեցությունների բաշխման գործընթացի անավարտությունը: Մի քանի սկզբունքային հարցերում, այսպես կոչված, գեոպոլիտիկ համաձայնությունների ձեռքբերումից հետո ԼՂ հարցի կարգավորումն, անկասկած, արագանալու է: Սակայն այս անգամ արդեն՝ անկախ կողմերի կամքից: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ