«ՀԱՇՎԻ Է ԱՌՆՎԱԾ ՔԻՈՒԵՍԹՅԱՆ ՓՈՐՁԸ» Կարծում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը – Այս օրերին ակտիվորեն քննարկվում է հարց. ո՞ւր ենք գնում՝ Եվրոպա՞, թե՞ մնում ենք ասիական ժողովուրդ։ Եվ այս քննարկման առիթը ԱՊՀ երկրների հայտնի հայտարարությունն էր ընդդեմ ԵԱՀԿ պահվածքի։ Ուրեմն՝ ո՞ւր ենք գնում։ – Երեւի հարցը ճիշտ չէ դրված, որովհետեւ ԱՊՀ կառույցները, որոնց մեջ ընդգրկված է Հայաստանը, ինքնին ուղղվածությամբ եվրոպական ուղղության կրող է։ Այն գործընթացները, որ կան այսօր Հայաստանում, նկատվում են նաեւ Ռուսաստանում եւ ԱՊՀ մի շարք երկրներում։ Այնպես որ, հարցը դնել՝ կամ ԱՊՀ, կամ՝ ԵԱՀԿ, ճիշտ չէ։ Խնդիրը այլ հարթությունում է։ Քանի որ ԵԱՀԿ-ն ունի տասնյակ անդամ պետություններ եւ ձեւավորված ավանդույթներ, կա լոբբինգ պետական իմաստով, շատ շահեր արդեն ճշտված են։ Եվ ԵԱՀԿ մուտք գործած ԱՊՀ երկրները կարիք ունեն աշխատանքային մեխանիզմների որոնման։ Դրանք գտնելու շուրջ երբեմն հարկ է լինում հանդես գալ միավորված։ Իմ կարծիքով, այդ հարցի բացատրությունը այստեղ պետք է որոնել, այստեղ տեխնիկական խնդիր է լուծվել։ Երկրների մի խումբ, որի կազմում երկրները ինքնիշխան են, ունեն իրենց ռազմավարական շահերը, մեծ պոտենցիալ, պաշտպանական մեխանիզմներ, ուզում են ցույց տալ, որ իրենք պարզապես կցորդ չեն, լիիրավ անդամ են եւ կարող են ունենալ եւ պաշտպանել իրենց ձայնը ԵԱՀԿ-ի այս հեղինակավոր կառույցում։ Այս իմաստով եթե նայենք՝ հարցը չի դրված Եվրոպա՞, թե՞ Ասիա։ Հարցը դրված է. որ ԱՊՀ երկրները, ունենալով տասնամյակների շատ հզոր ներքին կապեր եւ ընդհանուր ռազմավարական շահեր, փորձում են նաեւ համաձայնեցված հանդես գալ նման միջազգային հեղինակավոր կազմակերպության մեջ։ – Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք նրանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստորեն առավել ակտիվացել են, այդ կառույցի հատուկ ներկայացուցիչը զեկույց է հրապարակում Ղարաբաղի հարցի մասին, իսկ Հայաստանի նախագահը միանում է այդ կառույցի դեմ հրապարակված հայտարարությանը։ – Չեմ կարծում, թե կապ պետք է փնտրել այդ ամենի մեջ, որովհետեւ Մինսկի խումբը պրոֆեսիոնալ կառույց է, ստեղծված է միայն ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրության ու լուծումներ գտնելու համար եւ այս բոլոր տարիներին շատ լուրջ եւ պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել խմբի կողմից։ Նման բարդության հիմնահարցը, ինչպիսին Ղարաբաղինն է, պահանջում է նուրբ վերաբերմունք։ Եվ միջնորդը պարտավոր է զգույշ գործել, խորությամբ հասկանալ պրոբլեմը եւ չանել քայլեր, որոնք կվնասեն հարցի լուծմանը։ Այս իմաստով Մինսկի խումբը կարողացել է պահել իր մակարդակը բոլոր վայրիվերումների ժամանակ։ Ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ճգնաժամային իրավիճակներ, համեմատաբար հանդարտ իրավիճակներ, մոտեցել ենք հարցի քննարկմանը։ Եվ Մինսկի խմբի ամենակարեւոր ներդրումն այն է, որ կողմերը կարողացել են միմյանց համար հստակեցնել իրենց դիրքորոշումը, բոլոր հարցերի պատասխանները տրված են։ Եվ այստեղ Մինսկի խմբի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել։ – Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից առաջ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ համանախագահները նոր առաջարկներ չեն բերելու։ Սակայն համանախագահները Երեւանում հանդես եկան աննախադեպ նախաձեռնությամբ՝ ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպեցին Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Արդյո՞ք այս ակտիվացումը նշանակում է, որ Ղարաբաղի հակամարտության լուծման ինչ-որ փաստաթուղթ գոյություն ունի եւ այդ կարգի հանդիպումներով նախապատրաստվում է այդ «ինչ-որ լուծումը» հասարակության համար ընկալելի դարձնել։ – Մինսկի խմբի գործունեության մեջ իսկապես նոր շեշտադրում առաջացավ։ Փաստորեն, միջնորդները փորձեցին պետական բարձրաստիճան մակարդակով ընթացող բանակցությունների ընթացքում նշաձողը մի քիչ իջեցնել եւ շփվել նաեւ տվյալ երկրի քաղաքական ուժերի հետ՝ փորձելով ստանալ նրանց մեկնաբանություններն ու հաստատումները։ Սա բավականին լուրջ քայլ է կոնֆլիկտի լուծման իմաստով հասարակական նպաստավոր իրավիճակ ստեղծելու համար։ Իմ կարծիքով, հաշվի է առնված քիուեսթյան փորձը։ Քի-Ուեսթում լուծումների շուրջ որոշակի խոսակցություն սկսվեց, ընդունվեց նախնական փաստաթուղթը, բայց քանի որ հասարակական-քաղաքական էլիտան այդ փաստաթղթի բովանդակությանը եւ ընթացքին հոգեբանորեն պատրաստ չէր, ըստ էության քիուեսթյան գործընթացը ունեցավ այն ավարտը, ինչ ունեցավ։ Այժմ, իմ կարծիքով, այդ փորձն են հաշվի առել համանախագահները եւ շատ ճիշտ քայլ են կատարել։ Նրանք փորձում են հասկանալ երկու երկրների քաղաքական էլիտայի դիրքորոշումները։ Այդ իմաստով մենք դրական փորձ ունենք։ Նախորդ խորհրդարանում Հայաստանի քաղաքական ուժերը հանդես եկան շատ կարեւոր հայտարարությամբ, եւ Ղարաբաղի հարցում Հայաստանի պետական քաղաքականությունը ամրապնդվեց նաեւ քաղաքական էլիտայի միասնական կեցվածքով։ Այսօր ըստ էության Մինսկի խումբը փորձում է նաեւ այդ հայտարարության հաստատումը ստանալ։ Համանախագահները փորձում են նաեւ երկու ժողովուրդներին եւ Լեռնային Ղարաբաղին համոզել, որ կոնֆլիկտի ձգձգման քաղաքականությունը վնաս է երկու ժողովուրդներին էլ եւ չի նպաստում տարածաշրջանի զարգացմանը։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ