Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄԸ

Հուլիս 15,2004 00:00

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄԸ Արշակ Սադոյանը շարունակում է ապավինել նախագահի խոհեմությանը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս ամսվա վերջերին Ազգային ժողովրդավարական դաշինքը բաց համագումար է անցկացնելու։ Քննարկվելու է երկրում ստեղծված իրավիճակը եւ փնտրվելու են ելքերը։ Երեկ փորձեցինք պարոն Սադոյանից տեղեկանալ մանրամասներին։ Պարզվում է՝ մինչ բոլորը հանգստանում են, ԱԺԴ-ն՝ Սադոյանի գլխավորությամբ, նշյալ համագումարին ներկայացնելու է գործունեության աշնանային ծրագիր։ Համագումարին հրավիրվելու են բոլոր կուսակցությունները, նաեւ՝ իշխանական։ Քանի որ, ըստ պարոն Սադոյանի, սահմանադրական բարեփոխումները արդեն հասունացել են եւ իշխանական ճամբարում էլ կոնկրետ հայտարարություններ են հնչում, որ մինչեւ 2004-ի վերջը այդ բարեփոխումները պետք է կատարվեն, կոալիցիան էլ, ինչպես հայտնի է, առաջարկում է փոխհամաձայնությամբ արմատապես բարեփոխել սահմանադրական կարգը, Արշակ Սադոյանը որոշել է առիթը բաց չթողնել, մանավանդ որ՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկ դեռ երկու տարի առաջ իրենք էլ են ներկայացրել։ Ուստի, ելնելով իրականությունից, որ կտրականապես մերժվեց վստահության հանրաքվեի անցկացումը, «մեր ուժը չհերիքեց, ՍԴ-ն էլ խուսափողական դիրք գրավեց», ԱԺԴ առաջնորդը գտնում է, որ մինչեւ տարեվերջ սահմանադրական հանրաքվե պե՛տք է անցկացնել։ Սակայն մի պայմանով՝ մինչեւ հանրաքվեն նախագահ Քոչարյանը պետք է պաշտոնապես հայտարարի երրորդ անգամ թեկնածություն չառաջադրելու մասին։ Հանրաքվեից անմիջապես հետո, Սադոյանի ծրագրով, պետք է անցկացվեն արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններ։ Արդարության երաշխավորը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի։ Համաձայնելով նաեւ մեր դիտարկմանը, որ իշխանությունները միանշանակ չեն ընդունի այդ առաջարկը, պարոն Սադոյանը այստեղ է, որ օգնություն է ակնկալում, ինչպես ինքն էր արտահայտվել՝ բիլակակռվի պատրաստ խմբերից։ Հիշեցնենք, որ այդ առաջարկը Սադոյանը շրջանառության մեջ դրեց մոտավորապես մեկ ամիս առաջ։ Այն ենթադրում է բոլոր թաղերում մարդկանց կազմակերպված խմբեր, որոնք պայքարելու են ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքների համար։ Եթե պարոն Սադոյանի ծրագրերը խոչընդոտների չհանդիպեն, ապա աշնանը նա ակնկալում է, որ ընդդիմությունն ավելի լայն թիմով՝ ներառյալ մարտնչող ժողովրդավարներով, կգործի։ Ի դեպ, դաշինքի կուսակցություններն այս ծրագրին բացասական գնահատականներ չեն տվել։ Պարոն Սադոյանի համոզմամբ, իշխանավորներն ինչքան էլ ամեն ինչ այլ գույներով են ներկայացնում, բայց իրենք էլ են հասկանում, որ այս լարված իրավիճակում խորանում է միտումը, թե բոլոր բացասական զարգացումներում հիմնական դերը նրանցն է։ Ուստի հղում կատարելով Վահան Հովհաննիսյանի՝ մի առիթով արտահայտած կարծիքին՝ «հո մենք ինքնասպա՞ն չենք», Արշակ Սադոյանը գտնում է, որ իշխանավորները մտավախություն ունեն, թե իրենց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն։ Միչդեռ, «մենք արդարության եւ օրինականության կողմնակից ենք», տարատեսակ մտավախությունները ցրում է ԱԺԴ ղեկավարը։ Եվ նախագահին՝ իր ենթակաների գլխավորությամբ, խորհուրդ է տալիս «էքս» կարգավիճակը ձեռք բերել դրական քայլերով, մասնավորապես, օգտագործելով այսօրվա լիազորությունները՝ երաշխավորել երկրի ապագան։ Իսկ վարչախմբի երաշխիքը կլինի հենց դա։ Ճիշտ է, պարոն Սադոյանը դեմ է Լինչի դատաստանին, բայց գտնում է, որ ժողովրդավարության եւ արդարության համար պետք է պայքարել՝ ոչ թե արձակուրդ գնալ ու սպասել, թե աշխարհում կամ Եվրոպայում ինչ կկատարվի։ Ով քիչ թե շատ ժողովրդավար է, ըստ Սադոյանի, սա նրա կռիվը պետք է լինի։ Քանի որ ընդդիմության գարնանային զարթոնքի անփառունակ ավարտը նա պայմանավորում է կազմակերպվածության պակասով, ուստի ցանկալի արդյունքին հասնելու ելքը հենց այսպես է պատկերացնում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել