Հուլիսի 6-10-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը Բրիտանական խորհրդի աջակցությամբ 5 համերգ է ունեցել մարզերում: ՀՊԿՆ-ի ընկերակցությամբ հանդես է եկել նաեւ ֆլեյտահարուհի Տաթեւիկ Բաղդասարյանը: Նվագախումբը եղել է Վանաձորում, Իջեւանում, Դիլիջանում եւ այլ քաղաքներում, հատկապես բացառիկ էր համերգը Սանահինի վանքային համալիրում: «Չնայած մշակույթի նախարարը նոր է մտածում մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու մասին, մենք նման ծրագիր իրագործում ենք արդեն 7 տարի»,- ասաց ՀՊԿՆ տնօրեն Արմեն Արաբյանը: Նվագախումբը ջերմ ընդունելության է արժանացել ամենուր, մանավանդ, Ա. Արաբյանի խոսքերով՝ «Տաշիրում, որտեղ 16 տարի դասական երաժշտություն չէր հնչել, վաղուց էին սպասում մեզ»:
«Առավոտի»՝ «Ոչ նորմալ պայմանները՝ հյուրանոցներ, համերգային դահլիճների բացակայություն եւ այլն, չե՞ն խոչընդոտել համերգներն ավելի լավ կազմակերպելուն» հարցին ի պատասխան, պրն Արաբյանն ասաց. «Պայմանները Եվրոպայի նման չէին, անգամ նորմալ հյուրանոցներ չկային, եղածներն էլ 15 մարդուց ավելի չէին կարող տեղավորել: Այս ամենը չխանգարեց, որ ունենանք մարդաշատ համերգներ, եւ երաժիշտներն իրենց երջանիկ զգան, քանի որ բոլորս էինք գիտակցում, թե ինչ առաքելությամբ ենք մարզերում»:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ