Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հուլիս 15,2004 00:00

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Աթենքում
կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մեկ ամսից էլ պակաս
ժամանակ է մնացել: Խաղերի ուղեգիր նվաճած մեր մարզիկները հիմա ազգային հավաքականների
կազմերում նախապատրաստական փուլի վերջին հավաքներն են անցկացնում: Հիմա ամենապատասխանատու
պահն է: Մարզիչներն անում են ամեն բան, որպեսզի մարզումներն ընթանան առանց
խափանումների, մարզիկները մարզավիճակի գագաթնակետին հասնեն իրենց օլիմպիական
մեկնարկների օրերին, իսկ բժիշկների գլխավոր անելիքը մարզիկների առողջության
պահպանումն է, նրանց վնասվածքներից զերծ պահելը, եղածները հնարավորինս արագ
վերացնելը:
Ամեն ինչ նախապես կանխատեսել, գուցե, հնարավոր չէ, սակայն տհաճ երեւույթները նվազագույնի հասցնելը, հենց թեկուզ՝ Աթենքում, օլիմպիական խաղերի օրերին, ցանկալի է: Այդ նպատակով ճիշտ ժամանակին գովելի նախաձեռնությամբ հանդես է եկել «Վան ստոմատոլոգիական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն եւ խորհրդի նախագահ Հարություն Վանցյանը: Նա իր գլխավորած կոլեկտիվի հետ որոշել է անվճար բուժել մեր օլիմպիական հավաքականների անդամների ատամները: Այդ առիթով օրերս զրուցեցինք նրա հետ:

– Պարոն Վանցյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ նախաձեռնությունը:

– Նրանով, որ սպորտը շատ եմ սիրում: Ժամանակին զբաղվել եմ լողով: Ճիշտ է, դա կարճ է տեւել ու նվաճումներ չեմ ունեցել, սակայն սերը սպորտի հանդեպ չի մարել: Հիմա էլ ընկերներիս մեծ մասը գործող կամ նախկին մարզիկներ են: Շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ մեր անվանի մարզիկների, մարզիչների հետ, որոնք Հայաստանի հավաքականների առաջատարներ են կամ գլխավորում են մեր ընտրանիները:

– Ի՞նչ կարգով է կատարվելու բուժսպասարկումը:

– Կարգը դեռ ստույգ որոշված չէ: Բայց դա խնդիր չէ: Պայմանավորվել եւ մոտ օրերս հանդիպելու եմ ՀԱՕԿ-ի նախագահին: Նրա հետ միասին ձեւը կորոշենք: Համոզված եմ, որ մարզիկների ատամները բուժելը պարտադիր է, որովհետեւ, Աստված չանի, պատկերացնո՞ւմ եք, եթե լավ մարզավիճակում գտնվող օլիմպիականի հիվանդ ատամը հանկարծ ցավի: Դա կնշանակի, որ չորս տարվա քրտնաջան աշխատանքն ու ծախսված միջոցները ջուրը կընկնեն:

– Երբվանի՞ց կարելի է այցելել ձեզ:

– Թեկուզ հենց այսօրվանից:

– Իսկ ձեր բարեգործությունից օգտվել կարող են միայն մարզիկնե՞րը, թե՞ օլիմպիական պատվիրակության մյուս անդամներն էլ:

– Դա էլ կարելի է որոշել: Այստեղ մի կարեւոր նրբություն կա: Մեր նախաձեռնությունը միայն այս օլիմպիական խաղերի համար չէ, ուր մեկնողների մեծամասնության անունները, որքան տեղյակ եմ, հայտնի են: Դա լինելու է միշտ: Խաղերի ավարտից հետո սկսվելու է օլիմպիական հաջորդ քառամյա փուլը: Ամենայն հավանականությամբ հենց սկզբից հայտնի կլինեն հավանական թեկնածուները: Հաջորդ օլիմպիադայի ժամանակ պատվիրակության անդամները կարող են փոխվել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել