ՀՀ
արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանը Ֆրանսիայի չափ ժողովրդավար չէ, բայց
այդ ճանապարհին է
Հուլիսի 14-ը նշվում է որպես Ֆրանսիայի ազգային տոն: 1789թ. այդ օրը գրավվել է Բաստիլը: Երեկ այս առիթով Հայաստանում ֆրանսիայի դեսպանին շնորհավորելու էին եկել այլ երկրների դեսպաններ, քաղաքական ու մշակութային գործիչներ: «Հուլիսի 14-ը շարժիչ գաղափարների ատաղձն է: Ազատություն, հավասարություն, ինքնիշխանություն. այս գաղափարները ժողովրդավարություն են կոչվում»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին:
Դեսպանը նշեց, որ հուլիսի 14-ի որդեգրած արժեքները համամարդկային են, արժեքներ, որոնք հեշտ ձեռք չեն բերվում, իսկ ձեռք բերելուց հետո դժվար է պահպանել. «Յուրաքանչյուր անգամ, երբ բռնության որեւէ դրսեւորում է տեղի ունենում, ֆրանսիացին դուրս է գալիս փողոց՝ պաշտպանելու իր իսկ որդեգրած արժեքները»: Լրագրողներին հետաքրքրում էր պրն Կյունիի կարծիքը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Ռոլան Բլաթմանի այն հայտարարության վերաբերյալ, թե «Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը եւ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Ես այստեղ եմ, հետեւաբար լիազորված եմ Հայաստանի մասին խոսելու: Եթե հարցեր ունեք հակամարտության առնչությամբ, օգտվեք առիթից եւ ձեր հարցերը ուղղեք Մինսկի խմբի համանախագահներին»,- պատասխանեց նա:
Դեսպանն անդրադարձավ նաեւ ՀՀ ու Ֆրանսիայի նախագահների միջեւ կայացած վերջին երկու հանդիպումներին՝ ասելով, որ տպավորված է. «Առաջին հերթին հաճելի էր զրույցի մտերմիկությունն ու ջերմությունը երկու նախագահների մակարդակով: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց նաեւ պարոն Շիրակի ուշադիր տրամադրվածությունը, երբ ՀՀ նախագահը արծարծում էր Հայաստանի գերակա խնդիրներն ու մտահոգությունները: Ապրիլին կայացած վերջին հանդիպման ժամանակ արծարծվել է այսպիսի մի նպատակ՝ 2007թ. հայտարարել Հայաստանի տարի Ֆրանսիայում, գաղափար, որն անմիջապես սատարեց Ֆրանսիայի նախագահ Շիրակը: Եթե նման նպատակ կա՝ Հայաստանի տարի հայտարարել Ֆրանսիայում, ուրեմն դա արդեն ինչ-որ բան նշանակում է»: Ա. Կյունիի համոզմամբ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերություններ են, ինչի արտահայտությունը համարեց հայազգի հյուրերի մեծ թիվը դեսպանատանը:
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարեւորեց Ֆրանսիայի դերը Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին եվրոպական կառույցներում. «Սա ոչ միայն ֆրանսիացիների տոնն է, այլեւ բոլոր այն ժողովուրդների ու պետությունների, որոնք դավանում ու հավատում են ֆրանսիական հեղափոխության արժեքներին՝ բարեկամությանը, հավասարությանը, եղբայրությանը եւ մարդու իրավունքներին: Այս արժեքները նաեւ Հայաստանի կողմից դավանված արժեքներ են եւ հստակ ուղեցույց են դարձել մեր հետագա զարգացման ու ինտեգրացիոն գործընթացներում»,- ասաց նախարարը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ նախարարը Հայաստանը իսկապե՞ս ժողովրդավար երկիր է համարում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ դավանվում Ֆրանսիական հեղափոխության ձեռքբերումները: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ մենք ժողովրդավարության ճանապարհի վրա ենք: Ես բազմիցս ասել եմ, որ չենք կարող հավակնել լիարժեք ժողովրդավարական երկիր լինելուն, բայց մի բան պատկերացրեք՝ նույնիսկ այդ ճանապարհին կարող էինք չլինել, չէ՞»,- մխիթարեց Վ. Օսկանյանը:
Նրա կարծիքով, ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Մինսկի խմբի մյուս երկու միջնորդ անդամները կատարում են իրենց չեզոք, անաչառ միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման հարցի առումով. «Ադրբեջանը կարող է ցանկություններ ունենալ, որոնք չի կարող պարտադրել նրանցից որեւէ մեկին»: Վ. Օսկանյանը համաձայնեց Ա. Կյունիի այն գնահատականին, թե «Հայաստանի ու Ֆրանսիայի բազմակողմ հարաբերությունները փայլուն են»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ