Դարակերտցիներին
հողը չի բավարարում, նրանք պահանջում են փորձադաշտի հողերը
«Մեր գյուղը ինքնահոս ոռոգման ջրերով առատ է, սակայն տարածքի արեւմտյան եւ հարավային մասի հողատերերը կանգնած են ջրի լուրջ պրոբլեմի առաջ։ Տարիներ շարունակ գյուղն ունեցել է ջրբաշներ, սակայն վերջիններս չգիտեն իրենց պարտականությունները, չունեն աշխատանքային ու կատարողական կարգապահություն»,- ոռոգման շրջանի հերթական բողոքն այս անգամ Արարատի Դարակերտ գյուղի 84 ընտանիքից է։ Նրանց ասելով, հունիսի 8-20-ը՝ ոռոգման պիկ հատվածում, ջրային տնտեսության աշխատողները փակել են Դարակերտի ոռոգման ջուրը, այն ուղղելով Նիզամի գյուղ։ Դրա հետեւանքով հողատերերն ունեցել են կարտոֆիլի բերքի մեծ կորուստ, իսկ «ցորենի ցանքերը նմանվել են երաշտի տարվա վիճակին»։ «Գյուղի արեւելյան հատվածի հողատերերի մեծ մասը երբ եւ քանի անգամ ուզում՝ ջրում է, իսկ ջրբաշները ոչ կանխում, ոչ էլ արգելում են այդ անօրինականությունը, այնինչ մենք հավասարաչափ ենք վճարում ջրի վարձը»,- բողոքում են արեւմտյան հատվածի ցանքատերերը, ավելացնելով, որ 25 տարվա վաղեմության ջրագծերի 60-70%-ը շարքից դուրս է եկել, բայց ջրային տնտեսությունը ոչ մի գծամետր չի նորոգել, թեպետ տարիներ շարունակ կանոնավոր գանձում է վարձերը։
Գյուղի հարավ-արեւմտյան տարածքի հողագործների մյուս դժգոհությունը կապված էր Դարակերտի ամենալավ հողակտորները զբաղեցրած Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական փորձարարական կենտրոնի հետ, որը «գրավել է 33 հա ընտիր տարածք, բայց խորհրդային տարիներից հետո չի ծառայում իր նպատակին, ուստի պահանջում ենք այդ հողերը տալ մեզ, իսկ մեր ճահճային ու աղակալած տարածքները դարձնել արոտավայր»։
Տարբեր պաշտոնյաներից ստացած պատասխաններով պարզեցինք, որ ոռոգման ջուրը փակելու պատճառը արդարացի ջրբաշխումն է։ Դարակերտը գտնվում է մայր ջրագծի մոտ, իսկ Նիզամին՝ շատ ավելի ցածր, ինչի հետեւանքով էլ միշտ զրկվում է ոռոգման ջրից։ Այդ պատճառով էլ բաշխողները ստիպված են եղել Նիզամիի բնակիչներին ոռոգման ջուրը ապահովել «պահակախմբով»։ Ինչ վերաբերում է գյուղնախարարության ենթակայությամբ գործող փորձարարական կենտրոնին, ապա, մեր տեղեկությամբ, այստեղ՝ բացի բույսերի սելեկցիայի համար հատկացված տարածքներից, կան նաեւ վարձակալությամբ տրված հողեր։ Վարձակալողներն էլ նույն դարակերտցիներն են։ «Սակայն փորձադաշտում կատարվում են լուրջ գիտական աշխատանքներ, եւ ասել, թե այդ հողերը կարելի է տալ գյուղացիներին՝ անհեթեթություն է, հատկապես որ Դարակերտում շատ լավ մշակվում են նաեւ ճահճային հողերը»,- պատասխանեցին գյուղնախարարությունից։
«2002-03թթ. ձմեռվա խիստ ցրտահարությունը, ինչպես նաեւ գարնան կարկտահարությունը գյուղացիներին զրկեց խաղողի եւ ծառապտուղների եկամտից։ Լրատվամիջոցներով հայտարարեցին գյուղացիներին օգնելու նպատակով հարկերից ազատելու մասին, բայց գյուղի հարկահավաքները պահանջում են հողի հարկ՝ պատճառաբանելով, որ կառավարությունից նման որոշում չեն ստացել»,- սա էլ դարակերտցիների վերջին բողոքն էր։ Ի պատասխան ասենք, որ կառավարությունը ոչ թե հողի, այլ ոռոգման ջրի հարկից ազատել է ոչ թե անցյալ, այլ այս տարվա հունիսին կարկտահարված մի շարք մարզերի հողագործներին։ Նույնը հաստատեցին գյուղնախարարությունում, հիշեցնելով, որ վնասված խաղողի եւ այլ պտղատու այգիների տերերին նախորդ տարի կառավարությունը փոխհատուցել է անվճար պարարտանյութով, որոշ տեղերում էլ՝ նաեւ սերմացուով։ Իսկ դարակերտցիների այն առաջարկին, թե ջուր բաշխողներին պետք է ենթարկել կարգապահական տույժի եւ ազատել աշխատանքից, պատասխանում ենք առաջարկով. ջրբաշխներին ընտրում են համայնքի անդամները եւ նրանք էլ կարող են հրաժարվել իրեն չարդարացրած «ընտրյալից»։ Իսկ այդպիսիք, իրոք, շատ են։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ