ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵԹԵ…
Երեկ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը
մի հետաքրքիր հայտարարություն արեց. «ԱԺ կանոնակարգի 36-րդ հոդվածի համաձայն,
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
մեր օրենսդրական նախաձեռնությունը, որը գտնվում է նստաշրջանի օրակարգում,
տեղափոխվել է եռօրյա նիստերի օրակարգ:
Եվ քանի որ ԱԺ-ում ոմանք ծանոթ չեն ԱԺ կանոնակարգին (նրանք պետք է հետաձգելու այլ որոշում կայացնեն, որը չի կայացվել), հետեւաբար, վստահության հանրաքվեի հիմք հանդիսացող «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը ավտոմատ գտնվում է ԱԺ եռօրյա նիստերի օրակարգում»: Այս առիթով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին եզրակացությունները Վիկտոր Դալլաքյանը թողեց մեզ՝ կրկին նկարագրելով իրավիճակը. «Արդարություն» դաշինքը չի քննարկել մեր վերադառնալու հարցը, բայց եռօրյա նիստերի օրակարգում է գտնվում այն օրենքի նախագիծը, որի անօրինական քննարկման հետ կապված մենք բոյկոտում ենք ԱԺ աշխատանքները»: «Եթե իշխանությունները վերադառնան օրենքի դաշտ, ապա մենք պատրաստ ենք քննարկել խորհրդարան վերադառնալու մեր հարցը»,- ամփոփեց Վ. Դալլաքյանը՝ բացառելով, որ իշխանություններն այնքան խելամիտ կարող էին գտնվել, որ վերոնշյալ բացթողումը (հետաձգելու որոշում չկայացնելը) միտումնավոր կազմակերպեին՝ ընդդիմությանը խորհրդարան վերադարձնելու համար:
Հ. Բ.