Լրահոս
Օրվա լրահոսը

Անդամության սառեցման տեխնոլոգիան

Հուլիս 14,2004 00:00

Անդամության սառեցման տեխնոլոգիան Ռոլանդի բինոմը Երեկվա «Առավոտի» «Վարկած» խորագրի հրապարակումներից մեկը վերաբերում էր մեր իրականության ամենախարդավալի երեւույթներից մեկին՝ ՀՅԴ անդամի կուսակցական անդամությունը սառեցնելուն։ Ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք սառեցման տեխնոլոգիան։ Անդամության սառեցումը, ըստ փորձագետների, ոչ այնքան կուսակցական արարողակարգ է, որքան ազգային ծես։ Սառեցման ենթակա է բացառապես մեր ժողովրդի ամենագիտակից եւ ինտելեկտուալ ներկայացուցիչների՝ դաշնակցականների անդամությունը։ Հասարակ մահկանացուների անդամությունը սառեցնելու ավանդույթ մեզանում առհասարակ ձեւավորված չէ։ Անդամության սառեցումը կատարում է Գերագույն Մարմինը։ Տնային պայմաններում նման գործողություն կատարելը հղի է աղետալի հետեւանքներով, ընդհուպ մինչեւ անդամի վերականգնելու անհնարինությունը։ Գերագույն Մարմինը, ի դեպ, այդ քայլին դիմում է որեւէ դաշնակցականի պետական ծառայության ուղարկելու դեպքում։ Պետական ծառայող դաշնակցականը, այսինքն, ոչ միայն սառը դատողություն պիտի ունենա, այլեւ սառած անդամություն։ Սառեցված կամ սառած անդամությամբ դաշնակցականի համար պետական ծառայությունն այլեւս դառնում է սրբություն, որի հանդեպ, բնականաբար, արգահատելի բնազդներն ու հետին մտքերն արդեն բացառվում են։ Իմաստազրկվում է, մասնավորապես, շինիչ գործունեություն ծավալելու գաղափարը, որը կիրառում էին նախորդ իշխանությունները։ Գերագույն Մարմինը, սառեցնելով դաշնակցականի անդամությունը, պատասխանատվություն չի կրում պետական ծառայության ընթացքում կամ դրանից հետո այդ անդամությանը գործուն կարգավիճակ տալու հարցում։ Անդամության սառեցման բուն գործողությունը շատ պարզ է։ Նախ՝ համապատասխան խողովակով ստացվում է դիմում։ Գերագույն Մարմինը գրանցում է դիմումը եւ արձանագրում անդամության վաղեմության ժամկետը։ Այնուհետեւ, թույլ չտալով, որ կրքերը բորբոքվեն՝ ընդունում է համապատասխան որոշում։ Ընդ որում, կարեւոր է, որ որոշումն ընդունվի անդամության բուն սառեցումից վայրկյան առաջ, վայրկյանի հապաղումը տվյալ անդամի վրա կարող է խոսակցություն բերել։ Այս ամենից հետո տվյալ անդամն ընդունում է սառը ցնցուղ։ Համոզվելով, որ անդամությունը հիմնավորապես սառած է, դաշնակցականը ստանձնում է իր պաշտոնը։ ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ Հ. Գ. Գերագույն Մարմինը, ի դեպ, իրավասու է նաեւ կախակայել կամ կասեցնել ՀՅԴ անդամների անդամությունը։ Սրանք, սակայն, կիրառվում են իբրեւ պատիժ։ «Առավոտ», 14.05.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել