Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ԿՀԱՆԴԻՊԵՄ ԱՇՆԱՆԸ»

Հուլիս 14,2004 00:00

«ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ԿՀԱՆԴԻՊԵՄ ԱՇՆԱՆԸ» Խոստանում է երգչուհի Վարդուհի Խաչատրյանը Արվեստագետների ու արվեստասերների շրջանում անցկացված ոչ պաշտոնական հարցումներն իսկ վկայում են, որ արտերկիր համերգային շրջագայությունների ամենահաճախ մեկնող արվեստագետները հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներն են, առավելապես՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչները։ Նրանց թվում է միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանը։ Նա օրերս է վերադարձել Ճապոնիայից եւ արդեն պատրաստվում է մեկնել Ֆրանսիա։ «Առավոտի»՝ «Ասում են դուք տարին 12 ամիս շրջագայում եք, այդպե՞ս է» հարցին երգչուհին պատասխանեց. «Մի փոքր սխալվում են։ Ոչ թե 12, այլ՝ 7-8 ամիս»։ Երգչուհու հետ մեր հանդիպումից տեղեկացանք, որ ապրիլին նա մեկնել էր Իտալիա (Պալերմո, Կատանիա, Մեսսինա եւ այլ քաղաքներ), ուր իր անփոփոխ դաշնակահար-կոնցերտմայստեր, պետկոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանի հետ հրավիրված էր մասնակցելու «Գարնանային հնչյուններ» միջազգային փառատոնին։ «Իտալիայից հետո անմիջապես մեկնեցի Ճապոնիա, ուր 12 քաղաքներում (Տոկիո, Սապպորո, Հերոսիմա, Նագասակի եւ այլուր) մասնակցեցի Իտալիայի Սպոլետո քաղաքի օպերային թատրոնի հյուրախաղերին՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ կատարելով Կերուբինոյի դերերգը։ Ի դեպ, գլխավոր դերերգերը կատարում էին հրավիրված երգիչներ Պորտուգալիայից, Իսպանիայից, Բրազիլիայից, իսկ նվագախումբը ղեկավարում էր աշխարհահռչակ դիրիժոր Ամադեո Մոնետտին»,- պատմեց երգչուհին։ Վ. Խաչատրյանից տեղեկացանք նաեւ, որ նույն օպերային թատրոնի կազմում նա հրավիրված է Իտալիա՝ կատարելու Իզաբելլայի դերերգը Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» ներկայացման մեջ։ Օրերս երգչուհին պատրաստվում է մեկնել Ֆրանսիա, մասնակցելու Ռայմս քաղաքում անցկացվելիք «Կաբալիեն եւ նրա ձայները» միջազգային փառատոնին։ Մեր՝ «Աշխարհահռչակ Մոնսարատ Կաբալիեի արվեստին ծանոթ ենք, իսկ ի՞նչ է նշանակում «նրա ձայները» հարցին ի պատասխան՝ Վ. Խաչատրյանը պարզաբանեց. «2001 թվականին մասնակցելով մեծ երգչուհու անունը կրող մրցույթին ու ստանալով առաջին մրցանակը, արդեն երրորդ տարին է՝ մասնակցում եմ տիկին Կաբալիեի կողմից կազմակերպվող ու անցկացվող փառատոնին։ Այնուհետեւ օգոստոսին հրավիրված եմ Սիցիլիա՝ մասնակցելու «Երաժշտությունն ամրոցներում» միջազգային փառատոնին»։ Հետաքրքրվեցինք, թե երգչուհին, մեծանուն երգիչներ տեսած բեմերում մասնակցելով նման հեղինակավոր փառատոների, ներկայացնո՞ւմ է հայ կոմպոզիտորների գործեր։ Վ. Խաչատրյանն ասաց, որ ինքը հայ երգչուհի է եւ մեծ պատիվ է իր համար ներկայացնել Կոմիտաս, Նարեկացի եւ մի շարք այլ կոմպոզիտորների գործերը։ Երեւանի օպերային թատրոնում երգչուհին զբաղված է Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Բելինիի «Նորմա» (Ադալջիզա), Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), Ա. Տիգրանյանի «Անուշ» (Սարոյի ու Մոսիի մայր) ներկայացումներում։ «Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ վերջին հարցին՝ «Ունենո՞ւմ եք արդյոք ժամանակ՝ շփվելու հայ հանդիսատեսի հետ», Վ. Խաչատրյանն ասաց. «Իհարկե՝ այո։ Խոստանում եմ հոկտեմբերին, քանի որ մինչ այդ արտերկրում եմ, բացի օպերային ներկայացումներից, Երեւանում հանդես գալ նաեւ մենահամերգով»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել