Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶՆԻՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԸ ԿՆՆՍՏԻ 10 ՏԱՐԻ

Հուլիս 14,2004 00:00

ԱԶՆԻՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԸ ԿՆՆՍՏԻ 10 ՏԱՐԻ 2003թ. սեպտեմբերի 13-ին Երեւանի փողոցներից մեկում սպանվեց 16-ամյա Գագիկ Հակոբյանը։ Նա իր երկու ընկերներով փողոցում կռվի էր բռնվել երկու մարմնավաճառի հետ։ Գագիկն այդ օրը մասնակցել էր ընկերներից մեկի ծննդյան օրվա խնջույքին։ Ընկերների հետ տուն վերադառնալիս, տեսնելով Գրիգոր Լուսավորիչ փողոցի «վելոտրեկի» պատի մոտ կանգնած մարմնավաճառներին, որոշել են վարձել նրանց։ Սեռական ծառայություններ մատուցող աղջիկները չեն ցանկացել սպասարկել անչափահասներին։ Պատանիների ինքնասիրությունը վիրավորվել է։ Առաջացած քաշքշուկի ընթացքում Գագիկը սպանվել է։ Դատարանում Ազնիվ Բաղդասարյանն իրեն մեղավոր չճանաչեց։ Կինը պատմեց, որ ընդամենը ցանկացել է վախեցնել իրեն վիրավորող պատանիներին. «որ խփել էին փորիս, ցավեր ունեի։ Ու որ խփել էին աչքիս, կատաղած էի։ Մանավանդ որ ասին՝ մորդ գերեզմանի վրա… սենց անեմ։ Դրա վրա էի կատաղած»։ Դատարանը Ազնիվին չհավատաց եւ դատապարտեց 10 տարի ազատազրկման։ Սպանվածի հոր՝ Սահակ Հակոբյանի կարծիքով որդու մահվան համար առաջին հերթին մեղավոր է հասարակությունը, քանի որ հանդուրժում է փողոցում տեղի ունեցող սեռական առեւտուրը։ Երեւանի փողոցներում աշխատող մարմնավաճառների համար հաճախորդների հետ ընդհարումները սովորական են։ Երեւանում գործող սեռական շուկայի հնաբնակներից մեկը՝ Սիլվան, բարձրացնում է շապիկը եւ ցույց է տալիս տարիներ առաջ հաճախորդների հետ հերթական «հանդիպման» վկայությունը՝ փորի երկայնքով ձգվող 20 սմ սպին։ «Ես մի հաճախորդի հետ գնացի։ Տարավ Նորք, իսկ այնտեղ եւս 5 հոգի ինձ էին սպասում։ Որ ամեն ինչ չէի անում՝ բացեցին փորս։ Ասին, որ չես անում՝ մի ապրի»,- հիշում է Սիլվան։ Սիլվան մեծացել է մանկատանը, ծնողները զոհվել են ավտովթարից։ Տառապում է ռեւմատիզմով եւ երեւանյան հիվանդությամբ։ Երկրորդ կարգի հաշմանդամ է։ Մանկատնից հետո որոշ ժամանակ ստիպված է եղել ապրել փողոցում։ Նա մարմնավաճառությամբ զբաղվելու որոշումը կայացրել է մանկատանն իր հետ ապրած ընկերուհու խորհրդով։ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում գրանցված է 2000 մարմնավաճառ։ Սա պաշտոնական թիվն է։ Փողոցում հաճախորդի սպասող կանանց հետ սեռական հարաբերության վճարի չափը տատանվում է 5-ից 50 դոլարի սահմաններում։ «Մոտենում են, ասում են՝ ի՞նչ արժես։ Ասում եմ 20 դոլար, օրալ սեքսով չեմ զբաղվում։ Չեն հասկանում օրալը ինչ ա, ասում եմ՝ մինետ չեմ անում։ Ասում են՝ բա խի՞ չես անում, որ 20 դոլար ես ուզում…Հարցնում են՝ որ 40 դոլար տամ, չե՞ս անի։ Ո՛չ, ասում եմ, միլիարդ տուր»,- իր ամենօրյա աշխատանքի մասին պատմում է Զառան։ Մարմնավաճառներին պարբերաբար փողոցներից հավաքում, բերման է ենթարկում եւ տուգանում է Ոստիկանության թմրամոլության եւ զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի 4-րդ վարչությունը։ Վարչության ավագ օպեր-լիազոր Տիգրան Պետրոսյանն ասում է, որ Երեւանի փողոցներից մարմնավաճառներին հավաքելու ժամանակ ուժ գործադրելու կարիք չի լինում. «Բոլորն էլ ճանաչում են մեզ՝ որպես այդ ստորաբաժանման աշխատակիցներ, հասկանալով են վերաբերվում մեր աշխատանքին»։ Մարմնավաճառները ոստիկաններից վախենում են։ Կանայք պատմում են, որ լինում են դեպքեր, երբ ոստիկանը փորձում է ձրի սպասարկվել։ Սա կաշառքի մի ձեւ է՝ աշխատատեղ ունենալու դիմաց։ Նա, ով համագործակցում է ոստիկանի հետ, փողոցում տեղ ունի։ Զառան, վառելով հերթական սիգարետը, պատմում է իր մասնագիտական դժվարությունների մասին. «Ոստիկաններն ասում են՝ մեզ համար գործ տվեք՝ անօրինական զենք, մարդասպան, նարկոտիկ վաճառող, շորը փոխած զինվոր, տեղն ասեք, մենք ձեզ ոչինչ չենք անի։ Ես դուրս եմ գալիս աշխատելո՞ւ, ընտանիքս պահելո՞ւ, թե՞ դուրս եմ գալիս՝ տեսնեմ զենքը օրինական է, թե ոչ»։ Տիգրան Պետրոսյանը մարմնավաճառների պատմածը համարում է «ուղղակի խոսակցություններ, ասեկոսեներ՝ ոստիկանական մարմիններին փնովելու համար»։ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել