Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱՐՈՐԴԸ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ Է»

Հուլիս 14,2004 00:00

«ՎԱՐՈՐԴԸ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ Է» Տարբեր ընկերությունների կողմից մրցակցության կանոնների թույլ տված խախտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից ոմանք ավելի շուտ խախտման նորանոր ոլորտներ ու ձեւեր են փնտրում, քան՝ փորձում տեղափոխվել բարեկիրթ բիզնեսի ոլորտ: «Պռոշյանի կոնյակի գործարանը», օրինակ, դարձել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական «հաճախորդը»: Այս հատուկ «կարգավիճակին» ընկերությունն արժանացել է շուկայում իր մրցակիցների նկատմամբ դրսեւորած անբարեխիղճ վարքագծի «շնորհիվ»: «Պռոշյանի կոնյակի գործարանի» նկատմամբ հանձնաժողովի կայացրած որոշումների ուսումնասիրությունից կարելի է կարծել, թե այս ընկերությունը հատուկ նպատակ է ունեցել կատարել հնարավոր բոլոր խախտումները: Ի դեպ, այն նախկինում գործում էր մեկ այլ անվանմամբ՝ «Տեխնոտրանս»: Նախ այս ընկերությունն իր արտադրանքը թողարկել է մեկ այլ ֆիրմայի՝ «Երեւանի կոնյակի գործարանին» պատկանող շշերով, ինչի առնչությամբ կարգադրություն է ստացել վերացնել խախտումը, եւ խախտման հետեւանքով ստացված շահույթը փոխանցել պետական բյուջե: Այնուհետեւ, կարծելով, թե կարելի է խաբել, սույն ընկերությունը հայտնել է, թե այլեւս այդ շշերը չի օգտագործում: «Տեխնոտրանսը» մի անգամ էլ պատժվել է պետական մարմնին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար: Այս անգամ՝ 100 հազար դրամով: Հետո ընկերության փորձագետները մի քանի ամսվա ինտենսիվ վերլուծությունների արդյունքում ընդունել են, որ չի կարելի ուրիշի շշերն օգտագործել, բայց հանգել են եզրակացության, որ կարելի է ուրիշի ապրանքանշաններից օգտվել: Ընտրել է ռուսական հայտնի ընկերությունների «Ստարայա Մոսկվա», «Զոլոտոյե կոլցո» եւ «Ֆլագման» արտադրանքները, որոնք հեղինակություն ունեն Հայաստանում, եւ շփոթության աստիճանի նմանեցնելով՝ «սեփական» արտադրանք է թողարկել: Մեկական անգամ էլ սրա համար է պատժվել: «Զոլոտոյե կոլցոյի» դեպքում կրկնել է նույն սխալը եւ դարձյալ ոչ հավաստի տեղեկություն ներկայացրել, թե իբր վերացրել է խախտումը: Մի 100 հազար էլ այդ անգամ է տուգանվել: «Պռոշյանի կոնյակի գործարանի» անունը խառն է նաեւ կեղծ կոնյակի արտադրանքի պատմության մեջ: Դարձյալ ուրիշի պիտակների օգտագործման մասին է խոսքը: «Ղարիբ» ընկերության պիտակներով արտադրված է կոնյակ, վրան գրված է «Պռոշյանի կոնյակի գործարան»: Քանի որ պիտակն ինքը խախտումեր է պարունակում, ընկերություններից ոչ մեկը պատասխանատվություն չվերցրեց: Այս գործի հանգամանքները հիմա ճշտվում են, ինչը մասնագետների գնահատմամբ այնքան էլ բարդ գործ չէ եւ հեշտությամբ կարելի է պարզել թեկուզ ակցիզային դրոշմանիշերի պատկանելությամբ: Ալկոհոլային խմիչքների արտադրության բնագավառում մեծ առաջընթացներ արձանագրելով, այս ընկերությունն այժմ նույն հաջողությամբ իր ուժերն է չափում սուրճի արտադրության ոլորտում: Արդյունքներն առայժմ մոտավորապես նույնն են. մի անգամ էլ սուրճի շուկայում թույլ տված անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար է ընկերությունը պատասխանատվության ենթարկվել՝ արտադրանքի փաթեթի վրա բացակայել են մակնշման պարտադիր տվյալներ: Ով գիտե, այս ընկերության կենսագրության մեջ դեռ ի՜նչ էջեր են գրվելու, բայց հիշատակված ընկերության գործունեության արդյունքում, միեւնույն է, պետբյուջեն համալրվում է՝ ուղղակիորեն, թե անուղղակիորեն: Եվ այս ամենի մեջ դրականն այն է, որ ընկերությունն ընդունում է իր սխալները եւ դրանք վերացնելու պատրաստակամություն հայտնում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել