Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐԵՋՈՒՐԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

Հուլիս 14,2004 00:00

ԳԱՐԵՋՈՒՐԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ «Լինսի» հիմնադրամի հաշվին վերանորոգված Ազգային պատկերասրահը մի յուրօրինակ փորձաքար է դարձել Հայաստանի պետական այրերի համար։ Վերանորոգված պատկերասրահ այցելել են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Անդրանիկ Մարգարյանը։ Երեկ հերթը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանինն էր։ Վերջինս պատկերասրահի մշակութային արժեքները դիտելուց հետո հանդիպեց պատկերասրահի աշխատակիցների հետ։ Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը անմիջապես իրենց դարդուցավից խոսեց՝ պատկերասրահը չի ջեռուցվում եւ չի օդափոխվում։ Թերեւս սրանք ամենակարեւոր հարցերն են մշակութային արժեքների պահպանման համար, բայց «Լինսի» փողերը ծախսվել են զուտ վերանորոգման վրա։ Արթուր Բաղդասարյանը խոստացավ օգնել։ Աշխատակիցները բարձրացրին նաեւ իրենց խիստ ցածր աշխատավարձի հարցը. «Միլիոնավոր դոլարներ գնահատվող արժեքները պահպանողներն ու խնամողները 14-15 հազար դրամ աշխատավարձ են ստանում»,- պատմեցին աշխատակիցները։ ԱԺ նախագահը խոստացավ հնարավորինս անել նաեւ այս հարցում։ «Առավոտը» աշխատակիցներից հետաքրքրվեց. արդյոք պատկերասրահ այցելած վարչապետի եւ երկրի նախագահի առջեւ նման հարցեր բարձրացվե՞լ են, եթե «այո»՝ ի՞նչ արձագանք է եղել։ «Նրանց այցերի ժամանակ մենք հարցեր տալու հնարավորություն չենք ունեցել»,- եղավ պատասխանը։ ԱԺ նախագահի՝ պատկերասրահ կատարած այցի շրջանակներում մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը գովեց իր կուսակցական ղեկավարին. «Նա գործի մարդ է, մենք մեծ հույսեր ենք կապում Արթուր Բաղդասարյանի հետ։ Նա ամեն ինչ կանի մշակույթի մարդու հարցերը լուծելու համար»,- իր բառաֆոնդը ներկայացրեց նախարարը։ Պատկերասրահից հետո ԱԺ նախագահը ուղեւորվեց դեպի «Կիլիկիա» գարեջրի գործարան։ Գործարանը դիտելուց հետո Արթուր Բաղդասարյանին հարցրինք՝ ամառվա այս շոգին իր շարունակական այցերը ինչո՞վ են պայմանավորված։ ԱԺ նախագահն ասաց, թե իր այցերը դեռ շարունակվելու են, եւ կոնկրետ երեկվա այցը նպատակ ուներ ծանոթանալ մշակութային օջախի հոգսերին, նաեւ՝ միջամտել, որպեսզի գործարար աշխարհը ավելի հոգատար եւ ուշադիր լինի մշակույթի հանդեպ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել