Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտավորականները դե՞մ են Եվրոպային

Հուլիս 14,2004 00:00

Մտավորականները դե՞մ են Եվրոպային Եռամսյա լռությունից հետո Մտավորականների ֆորումի ավագանին երեկ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում յոթերորդ հանդիպումն էր հրավիրել՝ քննարկելու երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։ Նախ՝ ֆորումի ավագանու անդամ Խորեն Պալյանը հիմնավորեց եռամսյա լռությունը։ Ըստ այդմ՝ «Հակառակ մեր բախումներին՝ մեր առջեւ դռներ չբացվեցին»։ Մտավորականները դիմել են ԵՊՀ-ի, Ճարտարագիտական համալսարանի, ԳԱԱ-ի ղեկավարներին՝ դահլիճ տրամադրելու խնդրանքով, բայց, ինչպես իրենք արտահայտվեցին՝ «ձայն բարբառո հանապատի»։ Ի դեպ, դահլիճ տրամադրելու առիթով իր մտահոգությունը հեռախոսազանգով արտահայտել է ԱԺ նախագահը եւ, ողջունելով հավաքների գաղափարը, խոստացել անհրաժեշտ միջնորդություններ անել։ Այս հավաքին մտավորականները հրավիրել էին քաղաքական բոլոր կուսակցություններին, սակայն ներկա էր միայն կուսակցական ընդդիմադիր հատվածը։ Ճարտարագիտական համալսարանի դոցենտ Արմեն Սարգսյանը փորձեց ներկայացնել իր տեսակետները, թե ինչո՞ւ ժողովուրդը, իշխանությունը եւ ընդդիմությունը չեն կարողանում ձեռք բերել հաստատուն քաղաքակիրթ կեցվածք։ Իր վերլուծություններում դոցենտը մտորեց Եվրոպայում մահմեդականության լայն տարածման շուրջ։ Մեջբերումներ արեց անգամ Բրիջիդ Բարդոյից, ով քարկոծել էր մահմեդականության, համասեռամոլության եւ նման այլ եվրոպական ախտանիշները։ Ու եզրահանգում արեց. «Իսկ մեր իշխանությունները այդքան համառորեն ուզում են ինտեգրվել Եվրոպային։ Եվրոպան մեզ ոչինչ չի կարող տալ։ Ինքն իր վերքերի մեջ է թաղված։ Եվրոպան թքած ունի ե՛ւ մեր, ե՛ւ ազերիների, ե՛ւ երկուսիս միջեւ եղած կոնֆլիկտի վրա»,- հավաստիացրեց մտավորականը: Ամփոփելով արտաքին քաղաքական ոլորտը՝ բանախոսը նաեւ համոզմունք արտահայտեց, որ այն չունի ազգային դիմագիծ, եւ Հայաստանին սպառնում է մրցասպարեզից դուրս մղվելու հեռանկարը։ Իշխանության մասին դոցենտն ասաց, որ փախչում են իշխանափոխության ուրվականից՝ ինչպես օձը՝ դաղձից։ Իսկ ընդդիմությանը խորհուրդ տվեց քիչ բողոքել դրսերին. «Թվերին տիրապետելն էլ քիչ է, պետք է նաեւ վերլուծական միտք ունենալ»։ Իսկ մտավորական հայերին վազգենսարգսյանաբար խորհուրդ տվեց՝ մի մոմ վառել, ոչ թե բողոքել խավարից։ Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը այդ առիթով նկատեց. «Մեր «էլիտար» մտավորականությունը ո՛չ միայն մոմ չի վառում, այլեւ չի էլ բողոքում խավարի դեմ»։ Խոսելով ընդդիմության գարնանային զարթոնքից՝ Ռ. Ղազարյանը ընդդիմությանը համեմատեց ռինգ դուրս բերված եւ շղթաներով կապկպված բռնցքամարտիկի հետ։ Ընդ որում՝ փաստելով, որ հակառակ կողմը իրավունք ուներ նույնիսկ գոտկատեղից ներքեւի հարվածի։ Այդ իրավունքը օգտագործվեց բազմիցս։ Ուստի ընդդիմության պայքարը ակադեմիկոսը սխրանք որակեց եւ կարեւորեց հատկապես օրինականության պահպանումը։ Չնայած հիմնական արդյունքը դեռ անհասանելի է, սակայն պրն Ղազարյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ սասանվեց իշխանական բուրգի հանգիստը։ Վերջինիս ապացույցը ակադեմիկոսը համարում է ձեւական այցերը շրջաններ, ցուցադրական ծառատունկերը, կոռուպցիոն երեւույթների իբր բացահայտումը։ Խոսելով թերացումներից՝ պրն Ղազարյանը հիշեց «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը եւ առաջիկայի համար ընդդիմադիրներին խորհուրդ տվեց ստեղծել միջկուսակցական կոորդինացիոն մարմին, որի առաքելությունը լինելու է ռազմավարության եւ մարտավարության մշակումը։ Ղարաբաղյան զարթոնքի հանրահավաքների եւ վերջին հանրահավաքների համեմատականներում Ռ. Ղազարյանը արձանագրեց, որ ընդդիմադիր լիդերներից յուրաքանչյուրը ասում է իր ուզածը, ծրագրային կապակցված ելույթներ ակադեմիկոսին չէր հաջողվել ունկնդրել։ Ուստի եւ այս «զինադադարը» խորհուրդ տվեց այդ նպատակին ծառայեցնել. «Նորացե՛ք, թարմացե՛ք՝ աշնանը նոր պայքար սկսելու համար»։ Ֆորումի հավաքը որոշեց, որ հայ ժողովրդի դեմ նյութվել եւ նյութվում է համակարգված դավադրություն՝ գործող ռեժիմի թողտվությամբ եւ ձեռքերով։ Ուստի իշխանափոխությանն այլընտրանք չկա։ Հայրենանվեր ուժերին, անկախ քաղաքական հակումներից, կոչ արվեց միավորվել՝ հանուն վաղվա օրվա։ Դատապարտվեցին նաեւ ԳԱԱ-ի նախագահության, Մայր բուհերի եւ Հոգեւոր բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները՝ արդարացում չունեցող անտարբերության համար։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել