ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՍԻԱԿԱՆ ԲԱԶԱՐ Հայաստանը կանգնած է այդ երկընտրանքի առջեւ Եվրոպական եւ ասիական արժեքների միջեւ տարբերությունը կարելի է բացահայտել հետեւյալ օրինակով: Ենթադրենք՝ Եվրոպայի խորհուրդը պարտավորեցնում է մեզ ներմուծել երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ դատարաններն ավելի անկախ դարձնելու համար: Ինչի՞ է դա վերածվելու: 12 ատենակալներից յուրաքանչյուրն ունի շրջապատ, ախպերություն, աներձագ եւ սանահեր: Դատավարության ընթացքում Հայաստանի ուղիղ կեսը ամեն մի ատենակալից խնդրելու է թեթեւացնել կամ ծանրացնել ամբաստանյալի վիճակը՝ փողով կամ զուտ «մարդկությունից» ելնելով: Բացի այդ, հիշյալ 12 հոգին մի քանի շաբաթ ամեն օր «պերերիվ են անելու», հաց են կիսելու, բաժակ են բարձրացնելու՝ ծնողների, երեխեքի եւ ազգի կենացը: Ասացեք, խնդրեմ, այսքանից հետո կարելի՞ է ակնկալել, որ դատավճիռն օբյեկտիվ է լինելու: Խոսքն այստեղ միայն երկրի չափերի մասին չէ: Երեք միլիոնանոց (ընդունենք՝ պաշտոնական թիվը ճիշտ է) Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտը չի աշխատի: Մեկուկես միլիոնանոց Էստոնիայում կաշխատի, որովհետեւ դա այլ (եվրոպական) մշակույթի երկիր է: Ի դեպ, ճիշտ նույն պատճառով Էստոնիայում արդար ընտրություններ հնարավոր են, իսկ Հայաստանում հնարավոր չեն, եւ այդ տխուր հանգամանքը վերագրել միայն երեկվա, այսօրվա կամ վաղվա իշխանությունների «չար կամքին»՝ պարզունակ մոտեցում է: Ոչ մի Քոչարյան, ոչ մի պատգամավորության թեկնածու, քաղաքապետ կամ գյուղապետ չի կարողանա կեղծել ընտրությունները, եթե մենք՝ հասարակությունը, ներքուստ դա չխրախուսենք: Ոչ մի չինովնիկ, դատավոր կամ ոստիկան կաշառք վերցնելը պատվի գործ չի համարի, եթե մենք դա հոգու խորքում չարդարացնենք: Իսկ եթե մտովի մի էքսպերիմենտ անցկացնենք եւ զուտ տեսականորեն ենթադրենք, որ վաղը Հայաստանում արդար ընտրություններ տեղի կունենան, ապա ձայների ճնշող մեծամասնությամբ նախագահ կընտրվի Տիգրան Կարապետիչը: Վստահ եղեք, դա այդպես կլինի, որքան էլ մի բուռ ինտելեկտուալներ դրա դեմ ընդվզեն: «Ազգասեր», «ժողովրդի մասին մտածող» առաջնորդի խարիզման այսօր դրոշմված է Կարապետիչի վրա, ինչպես, ասենք, 98-ին դրոշմված էր Կարեն Դեմիրճյանի վրա: Իհարկե, այդ մարդկանց արժանիքները եւ ծառայություններն անհամեմատելի են: Համեմատելի են ժողովրդի ակնկալիքներն ու պատրանքները, որոնք շատ ցայտուն ձեւով խոսում են ազգային հոգեբանության, մշակույթի, եթե ուզում եք՝ «մենթալիտետի» մասին: Կա ելքի երկու տարբերակ. ա/ համակերպվել եւ շարունակել ապրել ասիական բազարի՝ վերը նկարագրված արժեքների համակարգում, բ/ փորձել, այնուամենայնիվ, գնալ դեպի եվրոպական, արեւմտյան արժեքներ՝ ոչ թե խոսքով (վարկ կամ գրանտ պոկելու նպատակով), այլ՝ գործնական քայլերով: Առաջին տարբերակը, կարծում եմ, պարզապես վտանգավոր է: Չեմ ուզում չափից դուրս սարսափելի հեռանկարներ պատկերել, բայց այս ասիական բազարը շարունակելով, մենք վաղ թե ուշ կկորցնենք մեր պետականությունը: Ճիշտ է, անկախությունն էլ այսօր շատերի համար արժեք չէ, եւ դա նույնպես «մենթալիտետի» խնդիր է: Սակայն պետություն չունենալն այս դեպքում չի փոխհատուցվի կուշտ եւ բարեկեցիկ կյանքով՝ պարզապես նյութական նվաստացմանը կավելանա նաեւ հոգեւորը: Ասիական, փնթի, անլվա արժեքների պահպանման մեջ (երբ բոլոր մակարդակներում հստակ պայմանագրային հարաբերությունների փոխարեն գործում են «խաթրը», «թասիբը» եւ «ախպերությունը») շահագրգռված է նախ եւ առաջ Ռուսաստանը, որն այս ժամանակահատվածում եւ այս տարածաշրջանում կորցրել է իր դրական քաղաքակրթական ռեսուրսը: Ռուսաստանին այսօր պետք չէ ունենալ անկախ դաշնակից պետություն, նրան հարկավոր է բոլոր հարեւաններին հակադրվող միջնաբերդ (ֆորպոստ)՝ թույլ արտահայտված ինքնագիտակցությամբ: Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի նման մի «անկլավ»՝ ռուսական զորքերով լցված: Ասիական, կիսաէկզոտիկ մի տարածք, որտեղ գալիս են ռուսաստանյան չորրորդական կարգի չինովնիկները՝ չամաչելով հոգալ իրենց բնական պետքերը Գառնի-Գեղարդի պատերի տակ: Կրկնեմ, այդ ճանապարհով է տանում ոչ միայն ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, այլեւ Հայաստանի ազգաբնակչության մեծ մասի հոգեբանությունը: Երկրորդ. արեւմտամետ բարեփոխումների ճանապարհը նույնպես հարթ չէ եւ իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Նախ ակնհայտ է, որ եվրոպական արժեքները հնարավոր չէ ներմուծել, ինչպես եւ ժողովրդավարությունը հնարավոր չէ հաստատել: Ժողովրդավարություն հաստատելու վերջին ամենավառ օրինակն է Իրաքը, որի ժողովուրդը, ազատվելով բռնապետից, ապացուցեց, որ ավելի շատ հավատում է իր մոլլաներին, քան Թոմաս Ջեֆերսոնի դավանած արժեքներին: Կա նաեւ մի այլ վտանգ, երբ Արեւմուտքից ներմուծվում են ոչ թե ժողովրդավարությունն ու ազատականությունը, այլ զանգվածային մշակույթը, երբ, ասենք, երեխաները սկսում են դաստիարակվել սփայդերմենների եւ բեթմենների, այսինքն՝ կիսամարդկանց, մուտանտների օրինակով: Այնպես որ, օգտակարը եւ վնասակարը Արեւմուտքից գալիս են «մի խողովակով», եւ որոշակի մտավոր ճիգեր են պետք՝ դրանք զանազանելու համար: Այնուամենայնիվ, նույնիսկ Հայաստանում հնարավոր է ժողովրդավարություն կառուցել՝ շատ դանդաղ, համբերատար աշխատանքով: Դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ քաղաքական եւ մտավոր էլիտայի անկեղծ ցանկությունը: Բայց ցանկությունը քիչ է. անհրաժեշտ է նաեւ քաջություն՝ անհրաժեշտության դեպքում «ժողովրդական մենթալիտետին» հակադրվելու համար: Այսինքն՝ պետք է արիություն ունենալ եւ զրկել ժողովրդին պատրանքներից՝ ազգային, սոցիալական, «կողմնորոշումային»: Այժմ վերնախավի մեջ չկա ոչ ցանկություն, ոչ արիություն: Կա ժողովրդին, շրջապատին եւ «ախպերությանը» հաճոյանալու ձգտում: Այդ պայմաններում ժողովրդի կուռքը կլինեն Արկադի Վարդանյանը կամ Տիգրան Կարապետիչը: Իսկ նախագահ կամ պատգամավոր կլինի նա, ով կարողացել է իր օգտին ձայներ կեղծել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ