ՈՒԵՖԱ-ի գավաթի 2004/05թթ. խաղարկության որակավորման մրցաշարի մեկնարկային
հանդիպումում Աշտարակի «Միկան» երեկ «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց
Հունգարիայի «Հոնվեդին»
ու պարտվեց 0:1 հաշվով:
Թվում էր, թե «Միկայի» ֆուտբոլիստները, որ որոշ ժամանակ զրկված էին ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եվրոպական գավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունքից, իսկ ներկայումս Հայաստանի առաջնությունում վատ հանդես չեն գալիս, պետք է ամեն բան անեին իրենց երկրպագուներին ուրախացնելու համար: Առավել եւս, որ «Հոնվեդը» միայն այս տարի է տեղափոխվել իր երկրի առաջնության բարձրագույն խումբ: Սակայն աշտարակցիների խաղը պարզապես հիասթափեցրեց ֆուտբոլասերներին: Առաջին բանը, որ զգացվեց, մեր ֆուտբոլիստների ֆունկցիոնալ անպատրաստ լինելն էր: Նրանց գործողություններում չկային ակնկալվող կիրքն ու եռանդը: Երբ գնդակը հայտնվում էր մեր տղաների մոտ, նրանք, ասես, շատ թե քիչ իմաստավորված գրոհ կազմակերպելու ունակ չլինեին: Սեփական հարկի գործոնը իսպառ բացակայում էր: Եթե ասվածին ավելացնենք նաեւ, որ կիսապաշտպանների անզորության պատճառով խորը անդունդ էր առաջացել պաշտպանության եւ հարձակման գծի խաղացողների միջեւ, որ անհասկանալի կերպով, հատկապես՝ առաջին խաղակեսում, մերոնք թիկունքում մշտապես պահում էին մինչեւ ութ ֆուտբոլիստ, որ տղաները հաճախ չարաշահում էին անհատական խաղը, որի արդյունքում գնդակի կորուստները շատ-շատ էին, որ կարճ եւ միջին փոխանցումներով առաջխաղացումները քիչ տոկոս էին կազմում, իսկ մրցակցի տուգանային հրապարակ երկար փոխանցումներից հետո գնդակին, որպես կանոն, տիրում էին մրցակցի բարձրահասակ պաշտպանները՝ միանշանակ կարելի է ասել, որ «Միկայի» ցույց տված ֆուտբոլը հեռու էր եվրոպական չափանիշներից: Որ երկու դարպասների առջեւ էլ գոլային պահերը քիչ էին, դա ոչ այնքան պաշտպանների շնորհքն էր, այլ հարձակվողների անկարողությունը:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ երկու թիմերն էլ, այնուամենայնիվ, դարպասը գրավելու լավ առիթներ ունեցան: Հիշարժան են 5-րդ րոպեին «Միկայի»՝ ձախ եզրից կազմակերպած գրոհը, երբ սուր փոխանցումով գնդակը սլացավ դարպասապահի հրապարակով, սակայն մեր երկու խաղացողները չհասցրին դիպչել գնդակին, ինչպես նաեւ 22-րդ րոպեին «Հոնվեդի» հակագրոհի ժամանակ Աթիլա Դոբոշի հարվածը, երբ գնդակը դիպավ դարպասաձողի խաչուկին: Ինչեւէ, «Միկան» հարազատ հարկի տակ ցավալի պարտություն կրեց՝ դրանով իսկ մեծ հարցականի տակ դնելով պատասխան խաղից հետո հաջորդ փուլ անցնելու իր հեռանկարները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ