Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի պաշտոնյաները գո՞ղ են

Հուլիս 14,2004 00:00

Գյումրիի
Անտառավան 5-րդ թաղամասի
18բ շենքը այդ տարածքում միակն է, որ գազիֆիկացված չէ
Օրերս հիշյալ շենքի բնակիչները դիմել էին «Առավոտին»՝ դժգոհելով, որ իրենք զուրկ են բոլոր հարմարություններից, օրինակ՝ ջրից, տաքանալու հնարավորությունից: Հիշյալ շենքը Համաշխարհային բանկի միջոցներով վերանորոգվել է 1997-ին, սակայն բնակիչների ասելով, այն վթարայինի «հաշիվ է», քանի որ օգտագործվել են հին, «նոյի թվի» շինանյութեր:

«Բարեխիղճ» շինարարն անգամ ծխնելույզ չի տեղադրել՝ փայտով ու էլեկտրականությամբ տաքացող բնակչի համար կառուցելով իսկական «հրդեհի բույն»: Սակայն այս պահին նրանց ոչ այնքան շենքի որակի խնդիրն է հուզում, որքան «գազի մարդկանց» կողմից գյումրեցիների մեջ խտրականություն դնելը:

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Գյումրին ակտիվ գազիֆիկացվում է, սակայն այս շենքի բնակիչների ասելով, իրենց հերթն այդպես էլ չի հասնում: Եվ սա այն դեպքում, երբ 50 մետր հեռավորության վրա գտնվող հարեւան բոլոր շենքերը «տաք ձմեռ են տոնում»: Պաշտոնյաները դա բացատրում են նրանով, որ այդ շենքը ծրագրում չկա:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Գյումրիի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանից: Պաշտոնյան էլ իր հերթին մեղադրեց բնակիչներին՝ համբերությունից զուրկ լինելու եւ կայծակնային արագությամբ «Առավոտին» դիմելու համար: Նրա ներկայացմամբ, ընդամենը 2-3 օր առաջ բնակիչները եկան, «հարցը համատեղ քննարկեցինք, մի բան էլ շնորհակալ եղան ու գնացին»:

Վահան Պողոսյանի ասելով, որպես բաժանորդ, բոլորն էլ իր համար հավասար են, սակայն գազիֆիկացման ծրագրում ընդգրկելու համար իրենք՝ որպես կոմերցիոն ընկերություն, պարտավոր են հաշվի առնել տնտեսական շահավետությունը. հնարավոր բաժանորդների քանակը: «Հո ես կախարդական փայտիկ չունեմ, որ մի վայրկյանում բոլորի պահանջները բավարարեմ, կամ էլ ինչքանո՞վ է տրամաբանական որբերի շենքը թողած՝ այդ շենքի հարցերը լուծել»,- ասաց տնօրենը: Իսկ բնակիչների կարծիքով, իրենց շենքն էլ մի երեւելի վիճակում չէ. այստեղ ինչ կատեգորիայի մարդ ասես, որ չկա. էլ հաշմանդամներ, էլ այրիներ ու թոշակառուներ, պարզապես ուսումնասիրել էր պետք:

Բնակիչների ոգեւորությանն ի պատասխան, պարոն Պողոսյանը դժգոհեց, որ Շիրակի մարզում գազ ունեցողները փողերը մուծելով «իրենց չեն կոտորել»։ Ավելին, «այստեղ չտեսնված ու չլսված գողություններ են տեղի ունենում»: Իսկ այս հարցում, պարզվում է, հիմնականում մասնագիտացված են պետական պաշտոնյաները: Կոնկրետ անուններ նշելուց տնօրենը խուսափեց, սակայն շեշտեց, որ նրանցից սպառածի վճարը պահանջելու դեպքում կլսես «Էսքան պետության համար աշխատեմ, մի բան էլ պետությունից չօգտվե՞մ» կարգախոսը: Տնօրենի անկեղծ խոստովանությամբ, իր աշխատակիցների մեջ էլ կան մարդիկ, որոնք անմեղ գառներ չեն, սակայն գազի հաշվիչների տակ կապած գամփռ շների առջեւ, իրոք, անզոր են: Իսկ սա (գամփռների) Շիրակի մարզի պաշտոնյաների համար գողությունը թաքցնելու ամենաընդունված ձեւն է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Մինչ Գյումրիի Անի թաղամասում ընդամենը մի քանի օր առաջ ցուցադրաբար թողարկում էին կապույտ վառելիքը, մեր տեղեկություններով, նույն թաղամասի ծայրամասային հատվածներում դադարեցվել են ՀՀ նախագահի նախաձեռնությամբ իրականացվող գազիֆիկացման աշխատանքները: Դրանք իրականացնողների հետ մեզ չհաջողվեց հանդիպել, սակայն բնակիչների հետաքրքրասիրությանն ի պատասխան, նրանք տեղեկացրել են, որ պատճառը աշխատավարձի ձգձգումն է: Այնինչ, ժամանակից առաջ ընկնելով, անհատական ջեռուցման համակարգի անցնելու կապակցությամբ, քաղաքապետարանում աշխատանքից ազատվել են ջերմամատակարարման գրասենյակի աշխատակիցները՝ կենտրոնացված ջեռուցման դարն արդեն անցած համարելով:

Այս խնդիրներին կանդրադառնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել