ՄԱՐԶԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է Վերջին երկու տարում Հայաստանի սպորտպետկոմը լուրջ ուշադրություն է դարձնում հանրապետության մարզերում ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը, հատկապես՝ զանգվածային եւ մանկապատանեկան, մեռյալ դիրքից տեղաշարժելուն: Այդ ճանապարհին առաջին քայլերից մեկը գույքային ծրագրի ընդունումն ու իրականացումն էր, որի արդյունքում 80-ական թվականներից ի վեր առաջին անգամ բավականին մեծ քանակությամբ մարզագույք ներկրվեց Հայաստան ու բաշխվեց մարզերին: Հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են: Սակայն դրան զուգահեռ սկսվել է նաեւ ծրագրի երկրորդ փուլը, որով արդեն նախատեսվում է տեղերում իրավիճակին ծանոթանալով կազմել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման կոնկրետ ու աշխատող հեռանկարային ծրագրեր: Այդ նպատակով հանրապետության մարզական ղեկավարությունը հերթով լինում է մարզերում, ուսումնասիրում պայմանները, հանդիպում մարզերի ղեկավարության եւ սպորտի պատասխանատուների հետ ու համատեղ ճշգրտում անելիքները: Օրերս հերթական շրջայցի առիթը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հենց այդ նպատակով անձնական հրավերը դարձավ: Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկվել էր նաեւ երկու լրագրող: Սիսիան քաղաքում եղանք մարզաբազաներում: Ընդհանուր տպավորությունը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր: Դրանց առանձին- առանձին անդրադառնալու հարկ, կարծում ենք, չկա: Թերությունները համընդհանուր են: Ընդհանուր է նաեւ տեղերում ղեկավարության անտարբերությունն ու անզորությունը: Կրկին համոզվեցինք, որ այստեղ էլ եթե ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանդեպ մի փոքր ավելի սրտացավ վերաբերմունք լիներ, հնարավոր էր սեփական ուժերով եւ առանց շատ խոշոր ներդրումների որոշ խնդիրներ լուծել, մարզաբազաները կարգի բերել, դարձնել օգտագործելի: Շրջայցի ընթացքում եղանք նաեւ քաղաքի մշակույթի երկու կենտրոններում: Դրանցից մեկը, որ պարապության է մատնված, ֆիզկուլտուրային եւ սպորտին ծառայելու լավ պայմաններ ուներ: Սպորտպետկոմի նախագահը խոստացավ անել ամեն բան՝ այն մարզադպրոցի վերածել եւ վերանորոգման համար որոշ միջոցներ հայթայթել: Կապանում մարզպետի մոտ աշխատանքային խորհրդակցություն հրավիրվեց մարզի սպորտային պատասխանատուների, մարզադպրոցների տնօրենների մասնակցությամբ եւ նրանց առկա կարեւորագույն խնդիրները վեր հանելու, մարզում ոլորտն աշխատեցնելու գործնական առաջարկներ անելու հնարավորություն ընձեռվեց: Բայց, ավաղ, որեւէ կոնկրետություն չեղավ: Ոչ ոք չխոսեց ընդհանուր կազմակերպչական աշխատանքները բարելավելու, կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Դրա փոխարեն ելույթները հիշեցրին կոմունիստների ժամանակաշրջանի ոչինչ չասող դեկլարատիվ հայտարարությունները: Յուրաքանչյուրը ջանում էր հնարավորինս վառ գույներով ներկայացնել իր աշխատանքի արդյունքները: Իսկ պահանջները հիմնականում վերաբերում էին աշխատավարձի բարձրացմանը: Տպավորությունն այնպիսին էր, ասես, ոլորտի պատասխանատուները պատկերացում չունեին Սյունիքում եղած ընդհանուր խնդիրների մասին ու միմյանցից անտեղյակ էին: Եվ պատահական չէր, որ բոլորին լսելուց հետո մարզպետը եւ սպորտպետկոմի նախագահը Սյունիքում սպորտի դրվածքին տվեցին զրո գնահատական: Իշխան Զաքարյանը ստիպված եղավ մարզի սպորտային գործիչներին անձամբ բացատրել, որ ներկայումս պետությունն առաջնային նշանակություն է տալիս զանգվածային ֆիզկուլտուրային, որ այս փուլում ամենակարեւորը ազգաբնակչությանը, անկախ սեռից եւ տարիքից, ֆիզիկական կուլտուրային հաղորդակից դարձնելն է: Եվ որպես դրա ապացույց հիշեցրեց պետության կողմից հաստատված այն տասը միջոցառումները, որոնք կատարելով ամբողջ հանրապետության տարածքում մարզական պատասխանատուները, եթե անգամ անձնական նախաձեռնություններ չունենան, ըստ էության շուրջտարի կարող են ծանրաբեռնված աշխատել: Մարզպետը վերցրեց այդ ցուցակը, որն, ի դեպ, ժամանակին սպորտպետկոմն ուղարկել է բոլոր մարզեր, եւ խոստացավ դրանց անցկացումը վերցնել անձնական հսկողության տակ: Խորհրդակցության ավարտին մարզի եւ հանրապետության սպորտի ղեկավարները եկան այն ընդհանուր եզրակացության, որ Սյունիքում սպորտի ոլորտում կադրային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա եւ պայմանավորվեցին այսուհետեւ աշխատել համագործակցված, միմյանց աջակցել մարզաբազաները վերանորոգելու, դրանք արդյունավետ ու նպատակային շահագործելու հարցերում՝ յուրաքանչյուրը հստակեցնելով ու ստանձնելով իր պարտավորությունները: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ