Լենմարկերի զեկույցը եւ Սոլժենիցինը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը դժգոհեց լրագրողների անտեղյակությունից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից վերադառնալով՝ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիս հրավիրեց, որը սկսեց հետեւյալ կերպ. «Բավականին տարածված երեւույթ էր, երբ լրագրողներ, աշխատավորական-բանվորական կոլեկտիվներ ջղային նամակներ էին գրում Սոլժենիցինի «Արշիպելագ-Գուլագ» գրքի մասին՝ ոչ մի տող այդ գրքից կարդացած չլինելով։ Բայց մեղադրում էին եւ ասում, թե դա վատ է, ազգային շահերին դեմ է եւ այլն։ Իմ տպավորությամբ, ամառվա դատարկ «կոնիկուլյար» սեզոնով է բացատրվում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ԽՎ վերջին նստաշրջանը նման մթնոլորտ առաջացրեց հայաստանյան մամուլում։ Րոպեն մեկ եկող զանգերը վկայում էին, որ ուրիշ թեմա մեր լրագրողները չունեն, եւ մեկնաբանում էին Գյորան Լենմարկերի զեկույցը, որը ոչ ոք ձեզնից չէր կարդացել»։ Այս մեղադրական ճառից հետո Վահան Հովհաննիսյանը նաեւ դժգոհեց, թե մամուլը մեջբերումներ էր անում ադրբեջանական լրատվամիջոցներից ու դրանցով էր դատում զեկույցի մասին։ Վահան Հովհաննիսյանի պնդմամբ, այդ զեկույցը, բացի հեղինակից, հայերից ու ադրբեջանցիներից, Էդինբուրգում ուրիշ ոչ ոք չէր կարդացել եւ իրենց բացարձակ չէր էլ հետաքրքրել այն։ Երեկ Վահան Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշ բաներ փորձեց ներկայացնել։ Ասվեց, որ զեկույցը ոչ էլ զեկույց է, այլ «ընդամենը նախագիծ՝ բաղկացած երեք էջից, եւ իր մեջ չի պարունակում լուծման որեւէ մեխանիզմ։ Խոսքը ընդամենը ցանկությունների մասին է»։ Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ադրբեջանցիները դժգոհ էին, որ փաստաթղթում ոչ մի տեղ չի նշվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ ԱԺ փոխնախագահի կարծիքով, լրագրողների մտահոգությունն էր առաջացրել հետեւյալ կետը. «Ամբողջ գրավված հողը պետք է ազատվի եւ մաքրվի հակահետեւակային ականներից եւ այլ խանգարող հանգամանքներից՝ վերաբնակեցնելու համար»։ Ասվեց նաեւ, որ իր նախագծում Լենմարկերը բաց է թողել նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Փաստաթղթում նշված է. «ԼՂ-ն՝ ինչ էլ որ լինի նրա վերջնական կարգավիճակը, պետք է ապահովված լինի նրա անվտանգությունը»։ Սա Վահան Հովհաննիսյանը կարեւոր է համարում։ Նա հիշեցրեց, որ 2001-ին ստորագրված ԱԺ խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ ԼՂ կարգավիճակի մասին ասվել է, որ ԼՂՀ հարցի լուծման երաշխիքն այն է, որ ԼՂ-ն լինի կամ անկախ պետություն, կամ՝ ՀՀ կազմի մեջ։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ վերը մեջբերված նախադասությունը ապացույց է, որ այդ երաշխիքը այլեւս ճանաչվում է. «Եվ չի նշվում, որ այդ անվտանգությունը պիտի ապահովվի Ադրբեջանի կազմի մեջ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ