ԿԳՆ-Ն ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ Դեռեւս 2003 թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի նստավայրում անցկացված քննարկումների ժամանակ բուհական համակարգում կոռուպցիոն սողանցքներից խուսափելու համար մի շարք առաջարկներ ներկայացվեցին ԿԳ նախարարությանը: Դեռ այն ժամանակ գրանցվեց, որ «բուհական բնագավառը կոռուպցիոն ռիսկերի առումով գտնվում է ոչ նպաստավոր վիճակում»: Եթե սկսենք ամենաարդիական թեմայից՝ ընդունելության քննություններից, ապա համակարգը որակվեց իբրեւ անկատար, եւ հնարավոր լուծումներից առաջարկվեց. նախ՝ «քննական հանձնաժողովների ձեւավորման գործընթացների, լիազորների ինստիտուտի ձեւավորման ու գործունեության մեխանիզմների կատարելագործում, առավելագույն թափանցիկության ապահովում՝ այս գործընթացներում հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների առավել գործուն մասնակցությամբ, լիազորների վիճակահանական մեթոդով ընտրությամբ, ընդ որում վերջիններս պետք է լինեն ոչ մասնագետ»: Սակայն իրականում լիազորների ինստիտուտի, առավելեւս՝ քննական հանձնաժողովների ձեւավորման հարցում հ/կ-ների ու ԶԼՄ-ների մասնակցության մասին երազելն անգամ անիմաստ է: Որովհետեւ, ըստ փորձագետների, կոռուպցիոն սողանցքից օգտվելու գայթակղությունները հատկապես մեծ են այս տեղերում: Հաջորդ առաջարկը հետեւյալն է. «Գրավոր քննությունների ընթացքում քննական լսարան հանձնաժողովի անդամների (այդ թվում՝ նախագահի) մուտքի եւ ներկայության բացառում՝ համապատասխան իրավական նորմատիվ ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու ճանապարհով»: Առաջարկի հեղինակներն դա հիմնավորում են այսպես. քանի որ առարկայական հանձնաժողովում բացառապես մասնագետներ են, ապա չի բացառվում, որ նրանք՝ մինչեւ անգամ նախագահը, քննության ընթացքում միջամտություն ցուցաբերեն: Իհարկե, կան առարկաներ, որոնց դեպքում հուշումը գործին չի օգնի, սակայն կան եւ այնպիսիք, որոնց դեպքում մասնագետի ձեռքի մի շարժումն էլ կարող է լուծում տալ մի ամբողջ առաջադրանքի: Հանձնաժողովի «միջամտության» առավել հարմար ձեւերից մեկն էլ նշվում է տետրերն ստուգելու ժամանակ «հարցերը լուծելը»: Այստեղ, սակայն, լուրջ աշխատանք ունի անելու վերահսկողության վարչությունը, ինչը եւ արվեց վերջին՝ մեդալակիրների քննությունների ժամանակ. վերահսկողականի դիտորդները մինչեւ վերջ վերահսկեցին տետրերի ստուգման գործընթացը: Հերթական առաջարկներից մեկն է՝ «Քննությունների բողոքարկման առավել թափանցիկ ու ճկուն մեխանիզմների ներդրում (հստակ սահմանել դիմորդի աշխատանքի ոչ ճիշտ գնահատման գծով քննական հանձնաժողովի եւ ստուգող-մասնագետի պատասխանատվության կարգը)՝ համապատասխան իրավական նորմատիվ ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու ճանապարհով»: Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի մեր հրապարակումներում բազմիցս ենք անդրադարձել բողոքարկման մեխանիզմի անկատարությանը, երբ առարկայական հանձնաժողովը, առանց ավելորդ ջանք թափելու, բողոքարկող դիմորդին պարզապես խորհուրդ էր տալիս դիմել ՀԸՀ: Իսկ վերջինս էլ հարցը փակում էր նախարարության փորձագետի օգնությամբ՝ առանց դիմորդի մասնակցության: Ի դեպ, բողոքարկումն առավել թափանցիկ դարձնելու եւ լարվածությունը թուլացնելու նպատակով բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններ: Խոսքը վերաբերում է մասնավորապես քննասենյակներում լուսապատճենող սարքեր տեղադրելու առաջարկին, ինչին վերջերս, մեզ հետ զրույցի ժամանակ, իր համաձայնությունը չտվեց ԿԳ նախարարը՝ համարելով, որ դա ավելորդ ծախսի, ժամանակի եւ կուտակումների տեղիք է տալիս: Իհարկե, հենց այնպես վերցնել ու պատճենահանող սարքեր տեղադրելը բավարար պայման չէ, քանի որ ոչ բոլոր դիմորդները կցանկանան իրենց գրավորներն ի ցույց աշխարհի հանել: Հատկապես նրանք, ում «հարցերը պետք է լուծվեն» ստուգելու ժամանակ՝ հանձնաժողովի անդամների կողմից: «Ստուգելու» ընթացքում գրավորը «դզելուց» խուսափելու համար պետք է այդ առաջարկները բավարարել՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու ճանապարհով: Ինչը չի արվում: Ընդհանրապես, վերոնշյալ ոչ մի առաջարկի վերաբերյալ Կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել: Նախագահականում անցկացված քննարկումներին ու վերլուծություններին որեւէ արձագանք մինչ օրս չի տրվել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ