Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժելու է դարձյալ Հայաստանը

Հուլիս 13,2004 00:00

Տուժելու է դարձյալ Հայաստանը ԱՊՀ անդամ երկրների՝ ընդդեմ ԵԱՀԿ-ի հուլիսի 3-ին ընդունած հայտարարությունը մեկնաբանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ինչպես հայտնի է, հուլիսի 3-ին ԱՊՀ անդամ 9 երկրների ղեկավարներ ստորագրեցին մի հայտարարություն, որում մասնավորապես տարակուսանք է արտահայտվում, թե «ԵԱՀԿ-ն, կարեւոր տեղ զբաղեցնելով եվրոպական անվտանգության համակարգում, ժամանակակից պայմաններում չկարողացավ վերափոխվել փոփոխվող աշխարհի պահանջների ներքո եւ ի վիճակի չեղավ լուծել եվրոատլանտյան տարածքում առկա հիմնախնդիրները»։ Հարկ է նշել, որ սույն հայտարարությանը չեն միացել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքմենստանի նախագահները։ Մոլդովան ստորագրել է վերապահումներով, իսկ Ուկրաինայի պառլամենտականները հայտարարեցին, որ դա կառավարական համակարգի կարծիքն է, որը չի համընկնում իրենց կարծիքին։ Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը։ «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Հայաստանը եւ Կենտրոնական ասիական երկրները մարտահրավեր են նետում եվրոպական արժեքներին ու սկզբունքներին։ Մեր զրուցակցի հավաստմամբ, միակ տուժողը Հայաստանն է լինելու, քանզի ՌԴ-ն հզոր երկիր է եւ տարբեր լծակներ ունի ազդելու թե ԵԱՀԿ-ի, թե ՆԱՏՕ-ի վրա։ Նույնը՝ Ղազախստանը եւ Բելառուսը։ Իսկ Հայաստանը տուժելու է նախ՝ որ փոքր երկիր է, ապա՝ գտնվում է ծանր իրավիճակում։ Այն, որ Հայաստանը միացավ սույն հայտարարությանը, ըստ քաղաքագետի, մեծ հարված հասցրեց Հայաստանի հեղինակությանը աշխարհում եւ եվրոպական կառույցներում։ Իսկ ի՞նչ շահ է հետապնդում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը։ Դեռ 1999-ին ԵԱՀԿ-ի ստամբուլյան գագաթաժողովում որոշում է ընդունվել, որ ՌԴ-ն պետք է իր զորքերը դուրս բերի Մոլդովայից եւ Վրաստանից։ Որոշում ընդունվեց նաեւ, որ ԵԱՀԿ անդամ երկրները մարդու իրավունքների ոլորտը չպետք է ճանաչեն որպես իրենց ներքին խնդիր։ Այսինքն՝ այն դիտողությունները, որոնք անում է ԵԱՀԿ-ն Ռուսաստանին, օրինակ, Չեչնիայում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների առումով, բնականաբար, դուր չեն գալիս այդ երկրին։ Պարոն Գրիգորյանի մեկնաբանությամբ, Ռուսաստանին ձեռնտու չէ դուրս բերել զորքերը Վրաստանից եւ Մոլդովայից, թեկուզ հենց այն պատճառով, որ թուլանալու է իր ազդեցությունը Կովկասում եւ Կենտրոնական Եվրոպայում։ Այսպիսով, հասկանալի է նաեւ ԵԱՀԿ-ին քննադատելու Ռուսաստանի կեցվածքը։ Բայց ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Հայաստանը։ Հատկապես, երբ ԵԱՀԿ-ն Հայաստանի համար շատ օգտակար մեխանիզմ է։ Օրինակ, Մինսկի խումբը՝ ԼՂՀ հարցի լուծման գլխավոր ֆորմատը (թեկուզեւ այժմ բավականին թույլ) հենց ԵԱՀԿ շրջանակներում է գործում։ Ի դեպ, 1994 թ. Բուդապեշտում Մինսկի խմբի շնորհիվ ԼՂՀ-ն ստացավ բանակցային կողմի կարգավիճակ։ Բացի այդ, ըստ պրն Գրիգորյանի, խմբի շրջանակներում բազմաթիվ հայանպաստ ու ղարաբաղանպաստ փաստաթղթեր են մշակվել։ Ուստի, որպեսզի կատարված աշխատանքը ջուրը չլցվի, Հայաստանին ձեռնտու չէ, որ տարածաշրջանում թուլանա ԵԱՀԿ ազդեցությունը։ ԵԱՀԿ շրջանակներում ընդունվել է Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակումների մասին փաստաթուղթ։ ՌԴ-ն դեմ է այդ սահմանափակումներին, առայժմ ձեռնպահ են նաեւ բալթյան երկրները։ Քանի վերջիններս չեն մտքափոխվել, Ռուսաստանը ձգտում է ամեն ինչ անել՝ քանդելու այդ մեխանիզմը։ Իսկ Հայաստանին սահմանափակումները ձեռնտու են։ Եթե մեխանիզմը քանդվի, Ադրբեջանը եւ Վրաստանը կարող են զինվել անսահմանափակ, մինչդեռ, հաշվի առնելով նրանց ներկայիս հնարավորությունները, պարզ է, որ ռազմատեխնիկական առումով առաջ են անցնելու Հայաստանից։ Իսկ ի՞նչ էին մտածում մեր իշխանությունները՝ միանալով ընդդեմ ԵԱՀԿ-ի ԱՊՀ-ական խաղերին, Ստեփան Գրիգորյանը դժվարանում է ասել։ Բայց, ըստ նրա, այն, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը ներկայացված չէր առաջին դեմքով, ինչին հետեւեց վերոբերյալ փաստաթղթի ստորագրումը, «դժբախտաբար ցույց է տալիս, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքական կոնցեպցիա, ՀՀ իշխանությունները ստորագրում են փաստաթղթեր, որոնք բխում են բացառապես Ռուսաստանի շահերից։ Փաստորեն, Հայաստանը գրեթե հրաժարվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելուց»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել