Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԷԼԻ ԿԵՂԾՈՒՄ ԷԻՆ

Հուլիս 13,2004 00:00

ՀՅԴ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԷԼԻ ԿԵՂԾՈՒՄ ԷԻՆ Այդ էին վկայում մասնավորապես Արտաշատի քաղաքապետի ընտրությունները Հուլիսի 11-ին Արտաշատում եւ Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի ունեցան ընտրություններ՝ համապատասխանաբար քաղաքապետի եւ թաղապետի պաշտոններում: Երկու ընտրություններում էլ պայքարն ընթանում էր, ըստ էության, «Հանրապետական» կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ: Արտաշատում «Հանրապետական» կուսակցության թեկնածուն գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանն էր: Վերջինս ուղիղ 3 տարի առաջ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր այսօր արդեն տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գործուն աջակցությամբ: Այս անգամ Գ. Մուրադյանի մրցակիցը Գագիկ Մնացականյանն էր՝ Արտաշատում հայտնի է «Գագուշ» անունով: Մինչեւ ընտրությունները տեղեկություններ կային, թե նրան, որպես հիմնական այլընտրանքային թեկնածուի, պաշտպանում է ընդդիմությունը: Ընտրությունների օրը, սակայն, ակնհայտ դարձավ, որ նրա հիմնական պատվարը Դաշնակցությունն է՝ իր տեղական կառույցներով: Ընտրությունների օրը եւ մեկ, եւ մյուս թեկնածուին իրենց աջակցությունը հայտնելու համար Արտաշատ էին եկել հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչները՝ ի դեմս ՀՀԿ երիտասարդական թեւի կարկառուն ներկայացուցիչ Աշոտյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի եւ Գեղամ Մանուկյանի: Կար նաեւ 3-րդ կողմ՝ ի դեմս ՀՀ նախագահի, Արարատի մարզպետի եւ Արտաշատի ոստիկանապետի, որոնք, ըստ մեր տեղեկությունների, ընտրությունների նախորդ օրը որոշում էին կայացրել չեզոք դիրք գրավել եւ չմիջամտել որեւէ թեկնածուի ընտրությանը: Օրվա առաջին կեսին արդեն Գ. Մնացականյանի նախընտրական շտաբում ստացվեց առաջին ահազանգը. «Թիվ 23/5 տեղամասում 11:10-ի սահմաններում տեղամասային հանձնաժողովի անդամ, քաղաքապետարանի ավագանու անդամ Նելսիկ Հովհաննիսյանը ընտրատարածքին մոտենալով՝ գրպանից հանեց քվեաթերթիկներ եւ խցկեց արկղի մեջ»: Դեպքը արձանագրվել եւ դրա մասին տեղյակ է պահվել Արտաշատի դատախազությանը: Ահազանգեր էին ստացվել նաեւ, թե 5 տեղամասերում՝ 23/1, 23/5, 23/7, 23/8, 23/11, կնիքները թաց են եղել, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Մենք եղանք 23/7 տեղամասում, որտեղ մեր աչքի առաջ գործող քաղաքապետի կողմնակիցներից մեկը քվեարկելու համար մարդ էր բերել տեղամաս եւ ցուցում էր տալիս ընտրել գործող քաղաքապետին՝ «Տես հա, սխալ չանես»: Նույն շտաբին նաեւ ահազանգեցին, թե զանգվածաբար մարզի 1-ին ատյանի դատարան են դիմում Ոստան գյուղի բնակիչները եւ անօրինական որոշումներով գալիս են Արտաշատ՝ քվեարկելու հատկապես քաղաքապետի օգտին: Մարզային 1-ին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը, սակայն, «Առավոտին» ասաց, թե իրենց իրավունքները վերականգնելու համար դատարան են դիմել ընդամենը 242 մարդ, որոնցից միայն մեկն է Ոստան, 2-ը՝ Մրգավան, 3-ը՝ Շահումյան գյուղերից, մնացածը Արտաշատի գրանցում ունեցող բնակիչներ են, որոնց անունները ցուցակներից դուրս են մնացել: Ընդհանրապես, տեղի ունեցած ընտրությունները, ինչպես դիտորդներից մեկը՝ Գայանե Մարկոսյանն, ասաց՝ ազատ, արդար, թափանցիկ համարել չէր կարելի, որովհետեւ բոլոր 3 թեկնածուներն էլ չէին խորշում ընտրակեղծիքներ անելուց, ընտրակաշառքներ բաժանելուց՝ լիներ դա դրամ բաժանելու տեսքով, թե մարդկանց ընտրությունների բերելու: Հաճելի անակնկալ էր թերեւս այն, որ ընտրությունների ողջ օրվա ընթացքում Արտաշատում էին գտնվում ԿԸՀ 2 անդամներ՝ Եղիշ Տերտերյանն ու Արթուր Պողոսյանը: Ցանկացած ահազանգի դեպքում նրանք անմիջապես եւ նույնիսկ մի քանի անգամ լինում էին նույն տեղամասում: Հատկապես նրանց, դիտորդների ու լրագրողների ներկայությունը տեղամասերում ակնհայտորեն զսպող դեր էր կատարում ընտրակեղծիքների մեծ մասշտաբներ թույլ չտալու գործում: Արտաշատում այս ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Արտաշատի 20837 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էին 8241-ը, որոնցից 4817-ը քվեարկել էր գործող քաղաքապետի օգտին, 1922-ը՝ Գ. Մնացականյանի, իսկ Թ. Թադեւոսյանի օգտին՝ 1125-ը: Երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանի ասելով՝ ոչ մի դիմում-բողոք չէր ստացվել: Արտաշատում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների ակնկալիքներ ունենալը դեռ վաղ է: Նման մշակույթ ձեւավորելու համար նախադրյալների նշույլներ անգամ չեն նկատվում: Ու ընտրությունները կեղծելու համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանք արվեն ընդդիմությանը իշխանությանը մոտ չթողնելու համար: Դրանք կեղծվում են անգամ, երբ դրանց ընդդիմությունն, ըստ էության, չի մասնակցում: Ինչ վերաբերում է վերը նշված «երրորդ» կողմին, ապա այս անգամ եւս նրանց լռելյայն համաձայնությամբ որեւէ կեղծարար հաստատ պատասխանատվություն չի կրելու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել