ՆՈՐԻՑ՝ «ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, ինչպես միշտ, չփայլեց արդյունավետությամբ Երեկ նախագահ Ռ. Քոչարյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Սթիվեն Մաննին (ԱՄՆ) եւ Անրի Ժակոլենին (Ֆրանսիա)։ Պաշտոնական տեղեկատվության մեջ հանդիպման մասին միայն մեկ նախադասություն կա. «Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր»։ Հայաստան ժամանելուց առաջ համանախագահները հատուկ «կոնսուլտացիա» են անցել Մոսկվայում՝ ՌԴ փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի մոտ։ Համանախագահները կիրակի օրը «լանչի» եւ հետո՝ «ֆուրշեթի» էին հրավիրել Հայաստանի քաղաքական ասպարեզի մի շարք իշխանական եւ ընդդիմադիր գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ «Լանչի» եւ «ֆուրշեթի» մասին նույնպես որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկար։ Բայց համանախագահող երկրների դեսպանները, այդ թվում նաեւ ԱՄՆ-ինը, որի դեսպանի տանն էլ տեղի է ունեցել քաղաքական վերնախավի հետ հանդիպումը, ոչ մի տողով ինֆորմացիա չեն հաղորդել լրատվամիջոցներին։ «Առավոտի» հետ զրույցում իշխանական թեւի ներկայացուցիչները փաստեցին, թե առանձնապես արտառոց հանդիպում չէր եւ որեւէ հետին միտք չարժե փնտրել։ Իսկ ընդդիմադիրներից պնդումներ կան, թե հանդիպումը կոնկրետ նպատակով էր՝ համոզել հասարակությանը ընդունել այն լուծումները, որոնց, հնարավոր է, կհամաձայնի Ռոբերտ Քոչարյանը։ Բայց թե ի՞նչ է ստորագրելու Քոչարյանը՝ համանախագահները չեն մանրամասնել։ Կոալիցիայից հանդիպմանը մասնակցել են Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ)։ «Արդարություն» խմբակցությունից ներկա են եղել խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, Ալբերտ Բազեյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Խաչատրյանը եւ Արամ Գ. Սարգսյանը։ Վազգեն Մանուկյանը համանախագահների հետ հանդիպումը որակեց որպես բարի կամքի հանդիպում. «Բավականին ջերմ հանդիպում էր հասարակության հետ։ Ներկա էին հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ։ Խոսքը Ղարաբաղի հարցի մասին էր, բայց որեւէ որոշակի ծրագիր որեւէ կողմից չի ներկայացվել։ Ուղղակի դիրքորոշումներն էին հստակեցվում։ Եռանախագահները ուղղակի ծանոթացան հասարակության կարծիքի հետ, այն է՝ մի կողմից մենք, իհարկե, ուզում ենք Ղարաբաղի հարցի լուծումը եւ ապագա շատ խնդիրներ կապում ենք դրա հետ։ Մյուս կողմից էլ հարցի լուծման ճանապարհներ չեն երեւում, եւ բավականին խճողված է»։ Վազգեն Մանուկյանը համանախագահների այս քայլը նաեւ «շատ խելոք» որակեց։ Ի տարբերություն Վազգեն Մանուկյանի, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը առանձնապես հիացած չէր համանախագահների հետ հանդիպումից եւ այդ հանդիպման նպատակը մի փոքր անորոշ է համարում։ Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ. «Անկեղծ ասած, ինձ համար մի քիչ անհայտ մնաց, թե այդ հանդիպման նպատակը ո՞րն էր։ Իհարկե, կարելի է ասել, որ նման միանգամյա հանդիպումը համանախագահների հետ օգտակար է բոլորի, ըստ երեւույթին նաեւ՝ համանախագահների համար։ Բայց եթե դա շարունակական բնույթ է ունենալու, բնական է, որ անհրաժեշտ կլինի վերանայել ե՛ւ ֆորմատը, ե՛ւ կազմակերպման ձեւն ու տեւողությունը»։ Տիգրան Թորոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե Ղարաբաղի հարցում ինչ-ինչ լուծումներ ձեւավորվեն, որոնք պետք է ներկայացվեն հասարակությանը, «Ճիշտ կլինի հասարակության հետ աշխատանքն ավելի շուտ սկսվի, քան այն ժամանակ, երբ կգտնվեն ինչ-որ լուծումներ։ Իսկ որ հասարակության դերակատարությունը այս խնդրի լուծման մեջ չափազանց կարեւոր է՝ ակնհայտ է»։ Ըստ հանդիպման մասնակիցներից մի քանիսի պնդման՝ համանախագահները փորձել են ճշտել՝ հասարակությունը ինչպե՞ս կընդունի Ռոբերտ Քոչարյանի կողմից ԼՂ-ի մասով որեւէ փաստաթղթի ստորագրումը։ ԱԺ փոխնախագահն ասաց, թե պարզապես տարօրինակ է, եթե որեւէ մեկին թվում է, թե ԼՂ հարցի լուծումը գտնված է եւ մնում է ստանալ հասարակության աջակցությունը. «Նման բան չի ասվել ոչ ընդհանուր, ոչ առանձին խմբերի հետ զրույցների ժամանակ։ Այլ բան է, որ ասվել է, թե նոր գաղափարներ կան, որոնք քննարկվում են, եւ լավատեսության հույսեր կան»։ Դեմկուսի նախագահ Արամ Գ. Սարգսյանը, որը հանդիպման բավականին ակտիվ մասնակիցներից էր, ասաց, թե հանդիպումը փորձ էր՝ հասարակության տեսակետը պարզելու եւ նաեւ հասարակության վրա ծանր բեռ դնելու։ «Սա նշանակում է, որ համանախագահները հասկացել են, որ ԼՂ հարցը միայն իշխանությունների մակարդակով հնարավոր չէ լուծել։ Եթե հասարակությունը համամիտ չէ, իշխանությունը լուծումներ չի կարող տալ։ Ամենագլխավորն այն էր, որ համանախագահները մեզ պարզ ասացին, որ այն շղարշը կամ մտապատրանքը, որ դուք ունեք՝ հարցը երկարաձգելու պարագայում կշահեք, կամ՝ եթե ադրբեջանցիներին է թվում, թե հարցի ձգձգման պարագայում իրենք կշահեն, դա բացարձակ անիմաստ մոտեցում է։ Մեզ հասկացրին, որ ժամանակը աշխատում է ե՛ւ մեր դեմ, ե՛ւ Ադրբեջանի։ Հասկացվեց, որ ժամանակը շատ քիչ է, եւ որ մենք ինքներս պիտի գտնենք համաձայնության եզրերը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ