ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ Կոմիտասի անվան պետական
քառյակի 80-ամյակին նվիրված համերգաշարի երկրորդ համերգը՝ ի հիշատակ Ավետ
Գաբրիելյանի ծննդյան 105-ամյակի։
Առաջին անգամ էին հնչում Վիվալդիի երկու կոնցերտները՝ կիթառի եւ
քառյակի համար (կիթառահար՝ Հակոբ Ջաղացպանյան) եւ կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանի
«Ռեքվիեմը»՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակին։ «Առավոտի» հետաքրքրությանը՝
գործող քառյակին ինչո՞ւ է նվիրվում ռեքվիեմ՝ մահերգ, քառյակի ղեկավար, պրոֆեսոր
Էդուարդ Թադեւոսյանն ասաց. «Հեղինակը՝ վաղամեռիկ, շնորհաշատ կոմպոզիտոր Գարեգին
Գրիգորյանը, հավանաբար կանխազգալով իր մոտալուտ մահը, ձոնեց ռեքվիեմ, որն
այսօր նվիրում ենք տաղանդաշատ Ավետ Գաբրիելյանին»։ Մեր՝ «Նախատեսվո՞ւմ է
պետական մակարդակով տոնել քառյակի 80-ամյակը» հարցին պարոն Թադեւոսյանը պատասխանեց.
«92 թվականից մինչ այսօր մշակույթի նախարարությունը քառյակի հարցում ձեռնպահ
էր, սակայն այս համերգաշարի ծախսերը նախարարությունը առաջին անգամ վերցրել
է իր վրա։ Առաջին անգամ քառյակը ներգրավվել է մշակույթի նախարարության կողմից
2005թ. համերգային մեծամասշտաբ ծրագրում, որով նախատեսվում է համերգային
շրջագայություն»։