Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ՝ ՄԵՐ ԴՐՈՇԸ

Հուլիս 13,2004 00:00

ՄԵՆՔ՝ ՄԵՐ ԴՐՈՇԸ

Հուլիսի 11-ին Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում տեղի ունեցավ արտահերթ
պլենում՝ «Հունիսի 12-ի Կենտկոմի պլենումի արդյունքները եւ Վանաձորի քաղկոմի
խնդիրները» թեմայով, որին մասնակցում էին ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն
Թովմասյանը եւ 2-րդ քաղտուղար Ֆրունզե Խառատյանը։ Պլենումի՝ մի քանի կետից
բաղկացած որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Կազմակերպել 1-ին քարտուղար
Ռ. Թովմասյանի հանդիպումը Վանաձորի ազգաբնակչության հետ»։ Պետք է նկատել,
սակայն, որ պլենումը, որի վերջին մասին միայն հնարավորություն ունեցանք ներկա
գտնվել, կարելի էր արդեն իսկ փոքր հանդիպում համարել ազգաբնակչության հետ։
Վանաձորից, Ալավերդուց եւ Ստեփանավանից շուրջ 50 կոմունիստներ Ռ. Թովմասյանի
ելույթից հետո միմյանցից հերթ խլելով հարցեր էին ուղղում նրան։
«Կոմկուսը ընդդիմության հետ հանրահավաքի դուրս կգա ի՞ր դրոշով, թե՞ նրանց»,- մի կոմունիստի հարցին Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Մենք ուր էլ որ գնանք, ում կողքին էլ կանգնենք, մեր դրոշով ենք լինելու, սոցիալիզմի գաղափարներով»։

Ելույթի ընթացքում Ռ. Թովմասյանը երկրի ներքաղաքական իրավիճակի եւ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ գնահատականը տվեց վերջին 15 տարվա կտրվածքով եւ գովաբանեց սոցիալիզմի առավելությունները։ Պլենումի ավարտից հետո «Առավոտի» թղթակցի հարցին՝ թե Հայկոմկուսի աշնանը կայանալիք համագումարին բոլոր կոմունիստական միություննե՞րն են մասնակցելու, Ռ. Թովմասյանը կտրականապես ժխտեց «մայր» կոմկուսից դուրս գտնվող այլ միությունների մասնակցությունը։

Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել