Երբ է եղել առաջին համտեսը
Երեւի ամենեւին էլ պատահական չէ, որ վարչապետ Արմեն Դարբինյանը կառավարության անդամների՝ մանուկ հասակում պարտադիր ձկնկիթային խավիար կերած լինելու մասին հայտարարությունն արեց, երբ վերջնականապես պարզվել էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՏՐԱՍԵԿԱ ծրագրով Բաքու չի մեկնելու։ Այժմ վարչապետը հարեւան հանրապետության մայրաքաղաքում է եւ կարող է ոչ միայն պետական անլուրջ գործերով զբաղվել, այլեւ իր կառավարության՝ իրեն ուղեկցող անդամների հետ վերստին վայելել երշիկ, սուջուխ, բաստուրմա, խաշլամա, խորոված, խաշ եւ այլ մսեղեն «բովանդակող» սեղանից միայն սեւ իկրա ուտելու հաճույքը։ Սա, իհարկե, միայն մոտավոր ենթադրություն է վարչապետի մանկության մասին։ Որ նա խավիար կերել է, նույնիսկ ինքն է վկայում, իսկ թե մսի կոմբինատից ինչ կերակրատեսակների հումք է Դարբինյանների տուն հասել, Մար-Աբաս Կատինայից սկսած մինչեւ սովետական շրջանի հայտնի պատմիչները որեւէ հիշատակություն չեն թողել։ Տեսնենք, թե իշխանության բարձունքներ հասած նախկիններից ով ինչպիսի առնչություն է ունեցել ձկնկիթային խավիարին։
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, ասենք, մանկության տարիներին խավիար պարբերաբար կերել է՝ նախընտրելով, իր իսկ խոսքերով, կարմիրը։ Իսկ վարչապետի հայտարարությունը մեկնաբանում է այսպես. «Կարծում եմ, որ Արմեն Դարբինյանը ավելի մոտ է իր մանկությանը, քան ես։ Նա ավելի ճիշտ դատողություն է անում։ Լավ կլինի, որ կառավարությունում միայն կուշտ մարդիկ լինեն, բայց, որպես կանոն, հակառակն է լինում, որովհետեւ ախորժակը ուտելիս է բացվում՝ մանավանդ, երբ գործընթացը սկսվում է մանկուց»։ Ասածն անձնավորելուց մեր զրուցակիցը հրաժարվեց. «Տեսություն էր, ասացի էլի…»։ Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն էլ կարմիր խավիարը նախընտրում եւ կարծում է, որ հրատապ հարցը ոչ թե այն է, թե ով ինչ է կերել մինչեւ 88-ը, այլ այն, թե ով ինչքան է կերել մինչեւ օրս։
Ոչ թե խավիար կեր, այլ լավաշ, պանիր, կանաչի
Մեր հաջորդ զրուցակիցը Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է, որի տեղակալն է ժամանակին եղել Արմեն Դարբինյանը։ Նա ասաց. «Երեսուն տարի առաջ խավիարը Հայաստանում ազատ դրված էր խանութներում, ոչ ոք չէր գնահատում։ Կարեւոր է, որ այսօրվա պաշտոնյան այս երկրի համնուհոտը հասկանա։ Կասպից ծով, սեւ իկրա՝ օտար երեւույթներ են։ Կարծում եմ՝ լավաշ, պանիր, կանաչեղեն կերածն այս երկրից ավելի շատ բան կհասկանա»։ Վարչապետի հայտարարությանն անդրադարձավ նաեւ ԱԺ տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը։ Նա խրախուսող խոսք ասաց. «Խավիարը դրական է ազդում ինտելեկտի վրա, լիքը սպիտակուց է պարունակում»։ Միանգամայն հակառակ կարծիքի էր օրերս նրա տեղակալ դարձած Ավետ Գրիգորյանը. «Որքան շատ են ուտում, այնքան բթանում են, որովհետեւ արյունն իջնում է, ստամոքսը եւ ուղեղը քիչ են սնվում»։ Հիշեցնենք, որ սա առողջապահության նախկին փոխնախարարի բացատրությունն է, հետեւաբար ենթակա չէ բեկանման։
Խավիար մի կեր
Մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը միակն էր ինձ հանդիպածների մեջ, որ մանկության տարիներին խավիար չէր կերել. «Իմ մանկությունն անցել է պատերազմի տարիներին, իմ հայրն այն ժամանակ կռվում էր եւ ոչ թե մսի կոմբինատ ղեկավարում։ Ես շատ բան չեմ կերել՝ հետո ի՞նչ։ Իսկ այդ հայտարարությունը հիմարություն է»։
Մեր վերջին զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր։ Որ Սամվել Գեւորգյանը գյուղում է մեծացել՝ դա նրան չի՞ զրկել խավիար ուտելու հաճույքից։ Սամվել Գեւորգյանն էլ, թե՝ ինքը մանուկ հասակում շատ է սիրել հատկապես մեղր, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ սննդատեսակն օգտագործողները շատ խելոք են լինում: «Եթե վարչապետը մեղր կերած լիներ, այդպես խավիարին գովք չէր անի։ Կարծում եմ, որ մեղր կերածները պիտի գան կառավարություն,- իր համար ճանապարհ հարթեց Սամվել Գեւորգյանը,- իսկ ընդհանրապես՝ խավիարից թանկ հաճույքներ էլ կան։ Ասենք՝ կանայք։ Այդ տրամաբանությամբ վարչապետը պիտի շատ սիրավեպեր ունեցած լինի, որպեսզի հետո պարկեշտ ապրի։ Մի բան էլ ասեմ՝ վարչապետը պարզե՞լ է՝ Ռոբերտ Քոչարյանը մանուկ հասակում խավիար կերել է, թե ոչ»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Առավոտ», 8.09.98 թ.
Տպագրվում է կրճատումներով