Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԴՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ՝ «ՋՈԿՈՎԻ»

Հուլիս 13,2004 00:00

Տուժել են Հյուսիսային պողոտայի այն բնակիչները, ովքեր զարտուղի ճանապարհով լեզու գտնելու փորձ չեն արել «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ի, կադաստրի, դատարանների կամ այլ կառույցների հետ։

Հատկապես տուժել են համասեփականատիրոջ կարգավիճակ ունեցողները։ Լալայանց 33 հասցեում նրանք 6-ն են՝ իրենց ընտանիքներով, անչափահաս փոքրիկներով։ Համասեփականատեր ճանաչվել են 1998-ից, երբ պետական ֆոնդի այս տարածքին տրվեց սեփականության կարգավիճակ։

Ինչպես հայտնի է, տները քանդելիս փոխհատուցումը տրվում էր սեփականատիրոջը՝ ունեցած անշարժ գույքի շուկայական արժեքին համապատասխան, իսկ միայն գրանցում ունեցողներին՝ 3500 դոլարին համարժեք դրամով, համասեփականատերերին՝ ոչ մի լումա։ «Նորածին երեխան էլ է մեխանիկորեն ստացել նույն կարգավիճակը, մենք դրան չենք խառնվել, որովհետեւ չենք էլ հասկացել, որ ինչ-որ ժամանակ դա կվնասի։ Ասում ենք՝ գոնե գրանցվածի ձեւով տվեք՝ հրաժարվում են»,- մեզ հետ զրույցում բացատրեց Լալայանց 33-ի համասեփականատերերից մեկը՝ Շուշան Մնացականյանը։ Նա այսօր էլ շարունակում է ապրել ավերակերի վերածված տարածքում, թեպետ վտարման վճիռը ստացել է վաղուց։ Իսկ մնացածը, ովքեր ապրում էին տան մյուս թեւում, վտարվել են փետրվարից եւ բնակվում են վարձով կամ ծանոթների մոտ, քանի որ տան այդ հատվածը քանդվել է։ Գումար պետությունից դեռ չեն ստացել, որովհետեւ ընկել են խճճված պատմության մեջ։

1948 թվականից Շ. Մնացականյանի ծնողները տեղափոխվել եւ բնակվել են Լալայանց 33 տանը։ Նույն տարում այդտեղ ծնվել եւ մինչեւ օրս ապրում է Շ. Մնացականյանը։ 2001-ից նա փորձել է իր տարածքի համար ստանալ սեփականության իրավունքի վկայական։ Դատարանի միջոցով ստացել է համապատասխան վճիռ։ Սակայն 2004-ին «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ը դատախազության օգնությամբ դիմում է վճռաբեկ դատարան եւ բեկանելով հիշյալ վճիռը՝ զրկում է նրան 130 քմ տարածքից։ Հիմնավորումն այն է, որ 2003-ին այդ եւ հարակից այլ հողերի (920 քմ) սեփականատեր է ճանաչվել ոմն Արթուր Հարությունյան, որն այս տարվա փետրվարին ստացել է 219 հազար դոլար փոխհատուցում եւ անհետացել։ Բայց նա ձեռք է բերել հողի, ոչ թե դրա վրա կառուցված տան սեփականության վկայական։ Սակայն ԾԻԳ-ը համարել է հարցը փակված։ Շ. Մնացականյանին եւ ընտանիքի մյուս 10 անդամներին հատկացրել են 20 հազար դոլար՝ մնացած 74 քմ մակերեսով տան դիմաց, որից նրանք հրաժարվել են։ «ԾԻԳ-ին ասում ենք՝ գոնե համասեփականատերերին հաշվեք որպես գրանցվածներ, վեց ընտանիք ո՞ւր գնան, ի՞նչ գնեն այդ գումարով, ասում են՝ ձեր հարցը դատարանով լուծեք, մենք ոչինչ չենք կարող անել,- ասաց Շ. Մնացականյանը,- 200 դոլար են տալիս 1 քմ-ի համար ու ասում են՝ դա է շուկայական արժեքը, իսկ ինչպե՞ս են նույն տարածքի վաճառքի համար հայտարարություն տալիս 1000, բայց վաճառում 3000 դոլարով»։

«Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ի խարդախությունների մասին վկայող շատ փաստեր կան։ Մեկ տարվա ընթացքում ԾԻԳ-ում երեք տնօրեն փոխվեց։

Ի թիվս հարյուրավորների, եւս 90 բողոքող ընտանիք պատրաստվում է դիմել դատարան։ Տիկին Շուշանի պատմելով, Տերյան 12 հասցեում 20 քմ զբաղեցնողները Կենտրոնում ստացել են 4 բնակարան, Աբովյան 1/2 ապրողները 53 քմ-ի դիմաց՝ 55 հազար դոլար։ Նման դեպքերը շատ են։ Տուժել են նրանք, ովքեր պետության հանդեպ վստահություն են ունեցել։ Իսկ պետության կարիքների մասին «մտածողներն» ահռելի գումար դիզեցին այս անօրինակ առուվաճառքից։ Ցավն այն է, որ տուժողները բողոքելու տեղ չունեն՝ չեն ընդառաջում, նույնիսկ՝ դատարանները։ Բնակիչներն արդեն տեղեկացվել են, որ «դա վերեւից եկած հրաման է»։

Ի դեպ, ավերված այս տարածքում այժմ կանգուն է մնացել ոմն Չերչինյանի երկհարկանի նորակառույց առանձնատունը, որը ոչ մի փաստաթուղթ չունի։ Ինչպես նաեւ՝ նախկին իշխանության հետ որոշակի առնչություն ունեցող մի քաղաքացու տունը, որն էլ, ասում են, չի քանդվելու։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել