Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդեր»՝ Օսիայի շուրջ

Հուլիս 13,2004 00:00

«Վարդեր»՝ Օսիայի շուրջ

Հարավային Օսիայի թեման արծարծելիս վրաց վերլուծաբանները վերջին
շրջանում ավելի ու ավելի հաճախ են օգտագործում «աջարական սցենար» եւ «վարդերի
հեղափոխություն» արտահայտությունները:
Նրանք պնդում են, որ հարավօսերի առաջնորդ Էդուարդ Կոկոյտին ոչ միայն ճիշտ հետեւություններ չարեց Աբաշիձեի հետ կատարվածից, այլեւ կրկնեց ու էլ ավելի խորացրեց նրա թույլ տված սխալները, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում Կոկոյտիի «վռնդումը» Ցխինվալից: Ընդ որում, «վարդերի հեղափոխության»՝ առնվազն արտաքին ձեւավորումն արդեն ապահովված է: Վրացական աղբյուրների պնդմամբ, հարավօսական Թկիավի գյուղում սկսել են հավաքվել Վրաստանի բոլոր ծայրերից այստեղ ժամանած օսեր՝ իրենց ձեռքում ունենալով Սահակաշվիլու սկզբնավորած հեղափոխության անփոփոխ խորհրդանիշը՝ վարդը:

Իսկ իրավիճակը վրաց-հարավօսական շփման գոտում իսկապես շատ լուրջ է ու, չնայած երեկ կայացած քառակողմ հանդիպման ընթացքում Թբիլիսիի եւ Ցխինվալի ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված՝ «բոլոր սադրիչ գործողությունները դադարեցնելու մասին» պայմանավորվածությանը, ամեն վայրկյան սպառնում է վերածվել լայնածավալ բախումների: Իրավիճակի լրջության մասին են խոսում նաեւ նախագահ Սահակաշվիլու՝ Ռուսաստանի, մասնավորապես՝ ՌԴ Պետդումայի հասցեին արած աննախադեպ կոշտ հայտարարությունները: «Ռուսաստանի կայսերական ուժերը պատերազմ են հրահրում Հարավային Օսիայում, բայց դա չի լինի ներվրացական հակամարտություն, այլ կվերածվի զինված բախման Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,- նախազգուշացրել է Սահակաշվիլին՝ հավելելով, թե «մենք բարեկամության ձեռք պարզեցինք Մոսկվային, բայց պատասխան ժեստ չտեսանք»: Սահակաշվիլու այս համարձակությունը միանգամայն բացատրելի է. նա չի թաքցնում, որ վերջին օրերին գրեթե ամեն ժամ Օսիայի խնդրով ակտիվ խորհրդատվություններ է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի եւ նախագահի խորհրդական Կոնդոլիզա Ռայսի հետ: Միջազգային դիտորդներն իրավացիորեն նկատել են տալիս, որ լայնածավալ բախումներն, այնուամենայնիվ, քիչ հավանական են, քանզի հակամարտությունը հայտնի չափով միջազգայնացված է, իսկ Ռուսաստանի ակտիվ միջամտության իրավական հիմքերը՝ սաստիկ թույլ: «Արեւմուտքը մի կերպ՝ մեծ դժվարությամբ աչք է փակում ներռուսաստանյան կոչվող չեչենական խնդրի վրա, իսկ Հարավային Օսիայի հարցում արդեն հաստատ չի լռելու»,- գրում է բրիտանական թերթերից մեկը:

Վրաստանի օս մտավորականների հետ հանդիպմանը նախագահ Սահակաշվիլին խոստացել է, որ Հարավային Օսիան մեկ տարվա ընթացքում խաղաղ ճանապարհով կինտեգրվի Վրաստանին: «Մենք ոչ մի դեպքում ռազմական գործողություն չենք սկսի այնտեղ»,- հայտարարել է Սահակաշվիլին: Արեւմտյան շատ քաղաքագետներ գրեթե վստահ են, որ Ռուսաստանն արդեն զիջել է Հարավային Օսիան, եւ այժմ փորձում են հասկանալ, թե ինչի՞ դիմաց:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել