Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈ՞ՒՆ

Հուլիս 10,2004 00:00

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈ՞ՒՆ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ն, Էբերտի հիմնադրամի օժանդակությամբ, հունիսի 19-27-ը Երեւան քաղաքում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ հարցման միջոցով: Ֆինանսական միջոցների սղության պատճառով հարցումը սահմանափակվել է մայրաքաղաքի բնակիչների՝ 500 հոգու շրջանակով: Հարցման արդյունքներով, կոռուպցիայի դեմ պայքարում դրական է հասարակության դերը՝ 50,1 տոկոս, եւ ԶԼՄ-ներինը՝ 48,4: Այս հարցում, ըստ ռեսպոնդենտների (հարցմանը ենթարկվածների), դերակատարություն չունի քաղաքացին՝ 58,1 տոկոս, եւ բացասական դեր ունեն կուսակցություններն ու իշխանությունը՝ համապատասխանաբար 37,9 եւ 54,6 տոկոս: Ռեսպոնդենտների 30,8 տոկոսը կարծում է , որ հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ 2,3 տոկոսի կարծիքով դա կարելի է անել արտագաղթի միջոցով: Իսկ հարցին՝ «ո՞ր միջազգային կառույցները կամ գործոնները կարող են նպաստել Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին», 50,8 տոկոսը պատասխանել է՝ «ոչ մեկը», իսկ 2,1 տոկոսի կարծիքով՝ սփյուռքի մեծահարուստ հայերը: Հարցման ենթարկվածների 67,7 տոկոսը չի վստահում կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրին, 11,5 տոկոսը՝ մասամբ: Նրանք իրենց կարծիքը հիմնավորում են այսպես. «Իրենք՝ իշխանությունները կոռումպացված են՝ 14.6% եւ վաղուց կորցրել են վստահությունը՝ 6.3%»: Ռեսպոնդենտների գերակշիռ մասը առավել կոռումպացված է համարում պետական, քան մասնավոր հատվածը: Իսկ առավել կոռումպացված՝ նախ դատական համակարգը՝ 12,5 տոկոս, ապա կրթական՝ 10,9 տոկոս, եւ զարմանալիորեն ցածր տոկոս է արձանագրվել մաքսային եւ հարկային ոլորտներում՝ 1,9 եւ 1,7: Հարցվածների 4,4 տոկոսը կարծում է, որ կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել իշխանափոխությամբ, 3,4 տոկոսը՝ նախագահի խստապահանջության շնորհիվ, հոռետեսական է 10,8 տոկոսը՝ «հնարավոր չէ պայքարել»: Ի դեպ, հարցման ենթարկվածների 2,4 տոկոսը կոռուպցիան համարում է մեր ազգի հիվանդությունը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել