Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՐՔԱԽՈՍ ՀԱՅԸ ԲԱՐԻՆ ՄԱՂԹԵՑ

Հուլիս 10,2004 00:00

ԹՐՔԱԽՈՍ ՀԱՅԸ ԲԱՐԻՆ ՄԱՂԹԵՑ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով օրերս Հայաստանում էր վանեցի հոր եւ կարսեցի մոր զավակ Արթուն Երեցը, որը ծնվել է Ստամբուլում: Այժմ դասավանդում է Թուրքիայի ռեժիսուրայի դպրոցում, հրատարակել է երկու գիրք, նախատեսվում է եւս մեկը՝ համաշխարհային ֆիլմերի եւ ռեժիսորների մասին, որտեղ Սերգեյ Փարաջանովին հատկացրել է 10 էջ։ Իսկ Փելեշյանին նա չգիտեր։ Կինոռեժիսորն առաջին անգամ է Հայաստանում եւ փառատոնին մասնակցելու համար նկարել է նոր ֆիլմ՝ «Գեռնիկայի կոտորածը»։ Կինոնկարի հիմքում Պիկասոյի «Գեռնիկա» կտավն է, որը բողոք է ընդդեմ բռնության եւ պատերազմի անիմաստության, բնության, մարդկության եւ քաղաքակրթության ոչնչացման։ Արթուն Երեցն ունի 14-15 լուրջ ֆիլմեր, որոնցից են «Վիրավոր գայլը», «Հիասչանք պրիմիտիվներ», «Աստծո թոռը» եւ այլն, որոնցով մասնակցել է կինոփառատոների։ Իսկ առհասարակ նկարահանել է 40-ից ավելի ֆիլմ՝ կոմերցիոն նպատակներով։ Նա ասաց, որ տպավորված է Հայաստանի հուշարձաններով, իսկ մարդկանց հետ չի հասցրել շփվել։ Ռեժիսորին զարմացրել էր մուրացկանների թիվը մեր երկրում։ Զարմացել էր նաեւ, որ, ի տարբերություն Թուրքիայի եւ այլ երկրների, Երեւանի փողոցներում շներ ու կատուներ չկան։ Փառատոնի թերությունների մասին չցանկացավ խոսել, միայն նշեց, որ հրավերի հետ կապված՝ պետք է նախապես տեղեկացվեր, թե ինչ է սպասվում։ «Եթե խոսեմ, կարող եմ սուբյեկտիվ լինել,- ժպտաց կինոռեժիսորը,- մասնակցել եմ շատ փառատոների թե որպես ժյուրի, թե որպես մասնակից։ Բոլորն էլ քննադատելու տեղեր ունեն։ Այս անգամ ուզում եմ ոչինչ չասել։ Միայն լավ էր, որ աշխարհի տարբեր ծայրերից հայ ռեժիսորներ են հավաքվել։ Դա ողջունելի է։ Ցավոք, նրանք չէին շփվում. դա հարկ էր կազմակերպել։ Կարեւորը հավատալն է, որ հաջորդ անգամ ավելի լավ կլինի»։ Նա ցանկացավ հատուկ նշել, որ շատ վատ էր կազմակերպված Փարաջանովի երեկոն եւ, առհասարակ, Ազնավուրի, հայ կինոյի 80-ամյակի երեկոներն իմիջիայլոց էին պատրաստված։ «Դուք շատ զգայուն ժողովուրդ եք, քանի որ ծանր անցյալ եք ունեցել (նկատի ուներ թե մինչհեղափոխական, թե կոմունիստական տարիները)»,- նկատեց ռեժիսորը։ Չնայած ծանոթ էր ամբողջ հայոց պատմությանը, իր երիտասարդ տարիներին նա միշտ հեռու է եղել սփյուռքահայ կյանքից՝ ի հեճուկս հոր, որը ստիպել է նրան լինել հայերի միջավայրում։ Իսկ որպես վերջին ցանկություն, նա մաղթեց, որ յուրաքանչյուր հայի լույսը բարի լինի։ Նա այդ ասաց հայերեն, իսկ ողջ հարցազրույցի ընթացքում, ցավոք, թուրքերեն էր խոսում։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել