Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԶԴՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՎՐԱ

Հուլիս 10,2004 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԶԴՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՎՐԱ Երեկ ՌՈ պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը, ներկայացնելով իրենց կառույցի աշխատանքը, նշեց, որ վերլուծությունների արդյունքում ունեն հանցագործությունների նվազման ընդհանուր 23-25, իսկ ծանր հանցագործությունների դեպքում՝ 40 տոկոս ցուցանիշ։ «Մենք գրանցում ենք միջադեպեր, դեպքեր, որոնք վերածվում են լուրջ հանցագործությունների։ Մեր երկիրը դրա իրավունքը չունի։ Բանակի գործունեության վրա մեծ ազդեցություն է ունենում այսօր տիրող ընդհանուր մթնոլորտը։ Ինչքան էլ աշխատանք է տարվում, որպեսզի կառույցը զերծ մնա տիրող լարվածությունից, այնուամենայնիվ, այն զգալի է։ Մեր երկրում քաղաքական պայքարը անցել է ամեն սահման եւ այսօր դրա ուղղակի արտացոլումը տեսնում ենք արդեն նրանց զավակների վարքագծի վրա»։ Նա համոզված է, որ բանակը անընդհատ նորացվող համակարգ է, եւ իրենց մարտավարությունը ճիշտ է ընտրված։ «Այսօր մեր գերխնդիրն է,- պարզաբանեց ոստիկանապետը,- քողարկված հանցագործությունների ի հայտ բերելը, որովհետեւ դա է, որ ձեւավորում է անպատժելիության մթնոլորտ։ Զորամասի ղեկավարությունը այս կամ այն դեպքը թաքցնելով, փորձում է ցույց տալ, թե իր մոտ ամեն ինչ կարգին է, չհասկանալով, որ հենց դա է ծնում անպատժելիություն եւ բերում է լուրջ պրոբլեմներ»։ Կառույցի ղեկավարը «շնորհավորեց» աշխատակիցներին՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ներսիսյանին համակարգից հեռացնելու կապակցությամբ։ «Ցավակցեց» պարոն Նազարյանին, որը նշանակվել է Սեւանի ավազանի Մարտունու ՌՈ-ի պետ։ Վեցամսյա վերլուծության արդյունքները ներկայացրեց ՌՈ-ի պետի տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանը։ 2004-ին, նախորդ տարվա համեմատ, հանցագործությունները կրճատվել են 23 տոկոսով, միայն առաջին եւ 5-րդ բանակային կորպուսում է նկատվել աճ. առաջինում՝ 50%, 5-րդում՝ 25։ 2-րդում այն կրճատվել է 4 անգամ, 3-րդում՝ 25%-ով, 4-րդում՝ 30,7։ Հունվար-հուլիս ամիսներին զորամասերում հանցագործության դեպքերն ավելացել են 5,5%-ով, Ղարաբաղի պաշտպանական զորամասում դրանց թիվը նվազել է 25%-ով։ Այս ընթացքում արձանագրվել է սպանության 3 դեպք։ 27-ով պակասել են հիվանդության պատճառով մահվան դեպքերը, կրկնակի կրճատվել է դժբախտ պատահարների զոհերի թիվը։ 4 ականի պայթյունի հետեւանքով զոհվել է 1-ական զինծառայող։ Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ այս տարվա 13 եւ անցյալ տարվա 20 սահմանային միջադեպերի արդյունքում զոհվել է 6-ական զինծառայող։ Առաջին կիսամյակում արձանագրվել է ինքնասպանության 3 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց։ Նրանց ինքնասպանության են հասցրել 3-րդ բանակային կորպուսի, պաշտպանական բանակի, քիմիական զորքերի զորամասերում։ Երկու դեպքում պատճառը բարոյահոգեբանական ճնշումն է, երրորդը՝ զինծառայողի եւ նրա հարազատների աղանդավորական համոզմունքը։ Գրանցվել է զենքի օգտագործման կանոնների խախտման 23 դեպք։ Տարեսկզբից զոհվել եւ մահացել է 30 զինծառայող, այդ թվում՝ 11 սպա, 1 ենթասպա, 13 սերժանտ-շարքային, 5 պայմանագրային։ 2004թ. հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է մարմնական վնասվածքի 87 դեպք։ 29 ինքնախեղումի առյուծի բաժինը պատկանում է 3-րդ բանակային կորպուսին։ Եվս կենցաղային բնույթի 144 դեպք, որոնք ուղեկցվել են մարմնական վնասվածքներով։ Տուժել է ընդամենը 340 զինծառայող՝ մեծ մասը փախուստի մեջ գտնվելու ժամանակ։ 2004-ի առաջին կիսամյակում գրանցվել է գողության 12 դեպք։ Հայտնաբերվել է 82 հետախուզվող, 48-ը բերման է ենթարկվել, 39-ի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, 271-ը ինքնակամ լքել է զորամասը, 725-ը բացակայել է այնտեղից։ 25 զորամասերում կատարված ստուգումներից պարզվել է բանակին հասցված ավելի քան 5 մլն դրամի վնաս, 3 մլն 600 հազարը վերականգնվել է։ Որպես ՌՈ-ի գլխավոր պահանջ, նշվեց աշխատանքների կատարումը սահմանված ժամկետում եւ առաջադրանքի կատարման որակի ապահովումը։ Եթե առաջինը նրանց հաջողվում է, ապա երկրորդում ունեն լուրջ պրոբլեմներ եւ բացթողումներ։ Վերջում կառույցի 41 աշխատակիցներ պարգեւատրվեցին «Անբասիր ծառայության համար» մեդալով, 22-ը ստացավ շնորհակալագիր, 44-ը՝ պատվոգիր։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել