Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկախեղդ համակարգը կշարունակի վարկավորվել

Հուլիս 10,2004 00:00

Վարկախեղդ համակարգը կշարունակի վարկավորվել Լրացել է Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի պաշտոնավարման 100 օրը։ Այդ կապակցությամբ երեկ կայացած մամուլի ասուլիսը, սակայն, թվով երկրորդն էր։ Պարոն Անդրեասյանի 20 րոպեանոց խոսքի 15 րոպեն նվիրվեց համակարգի բոլոր ճյուղերին ուղղված վարկային հոսքերին։ «Առավոտն» արդեն անդրադարձել է գերմանական KFW բանկի՝ Շիրակում եւ Լոռիում իրականացվելիք վարկային ծրագրի ձախողմանը։ Նախագահը տեղեկացրեց, որ բանկի հետ բանակցություններ են տարվել եւ ամենայն հավանականությամբ աշնանը կստանան սպասված գերմանական վարկը։ Ա. Անդրեասյանը պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունն այն մասին, որ «Հայջրմուղկոյուղու» կառավարման մրցույթի հաղթող է դարձել ֆրանսիական «Սաուր» կազմակերպությունը։ Ստորագրված եւ ԱԺ մտնելուն պատրաստ է վարկերի մեջ լողացող «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության երկրորդ վարկային ծրագիրը՝ 22 մլն դոլար արժողությամբ։ Ի դեպ, երեւանցիների համար տարիներ շարունակ կրկնվող պաշտոնական խոստումը՝ 24- ժամյա ջուր մատակարարելու մասին (մինչեւ տարեվերջ), իրատեսական է մայրաքաղաքի միայն 80%-ի համար։ Իսկ Սարի թաղը եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքը դեռեւս չունեն ջրահավաք ավազան, պետք է սպասեն։ Ջրտնտպետկոմը դեռեւս չի հստակեցրել, թե պարտք ունեցող քանի բաժանորդ չի տեղադրել ջրաչափ ու չի կնքել պայմանագիր։ Չի հստակեցրել նաեւ, թե երբ ուժի մեջ կմտնի Արաբկիրի համայնքի բնակիչների հետ ձեռք բերած հաշտության համաձայնագիրն այն մասին, որ ջրմուղը պարտավորվում է ջրի աղտոտումից վնաս կրած յուրաքանչյուր բնակչի փոխհատուցել 13 խմ անվճար խմելու ջրով։ Ջրտնտպետկոմի նախագահը որոշել է կիրառել իր ունեցած վարչական բոլոր միջոցները՝ ջրի «գողերին» հայտնաբերելու եւ պատժելու համար։ Իսկ ահա սեփական համակարգի «գողերին» վերաբերվում է ներողամտորեն, նրանց չարաշահումները համարելով բացթողումներ, որոնք չեն կարող չլինել. «Տասը հազար մարդ է աշխատում, այդքանին հսկել հնարավոր չէ»։ Չնայած վարկային մեծ ներդրումներին, որոնք նախատեսված էին բարելավելու Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը, ջրի կորուստը եղել եւ մնում է 80-85%։ Նախագահ Անդրեասյանը չմոռացավ իր նախկինին՝ «ստեղծվել է լավ համակարգ՝ ճիշտ մեխանիզմներով»։ Իսկ ինչպե՞ս պատահեց, որ այդ «լավ համակարգը» ստեղծողներից մի քանիսը աշխատանքից զրկվեցին իր պաշտոնավարման սկզբից։ «Միգուցե ինձ մեղադրեիք լիբերալ քաղաքականությա՞ն, ոչ թե կադրային ջարդի համար։ Մեր բոլոր հայեցողական կարգով ընդունված ղեկավար պաշտոնյաները իրենց տեղերում են, քաղծառայողները՝ նույնպես։ Ի՞նչ կադրային ջարդի մասին է խոսքը»,- մեր հարցին պատասխանեց Ա. Անդրեասյանը։ Ստիպված ենք նրան հիշեցնել օրեր առաջ «Առավոտում» տպագրված ցանկը. նրա գալուց հետո աշխատանքից ազատվել են առաջին տեղակալը, Երեւանի ջրմուղ-կոյուղու գործադիր եւ առեւտրային տնօրենները (հայեցողական պաշտոններ), աշխատակազմի ղեկավարը (քաղծառայող)։ Իսկ շատերի գլխին կուտակված մութ ամպերի մասին առայժմ լռում ենք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել