Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀՈՒՅՍԸ ՉԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ

Հուլիս 10,2004 00:00

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՀՈՒՅՍԸ ՉԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ Հուլիսի 3-ին եւ 4-ին տեղի է ունեցել ՌԴ կոմունիստական կուսակցության 10-րդ համագումարը, որին մասնակցել է նաեւ ՀԿԿ-ի ղեկավարը: Երեկ պարոն Թովմասյանին խնդրեցինք ներկայացնել ռուսաստանյան ընդդիմության տրամադրությունները՝ հայկական ընդդիմության վերելքների ու վայրէջքների առիթով: Մեր զրուցակցի հավաստմամբ, ի հեճուկս ՌԴ իշխանությունների՝ կոմկուսը պառակտելու ջանքերին, համագումարն ընթացել է բարձր մակարդակով, ինչի գրավականը ընկեր Զյուգանովի վերընտրությունն էր կենտրոնական կոմիտեի նախագահի պաշտոնում: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ «Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Բելառուսի ընկերները բարձր են գնահատում բարեկամությունը: Բոլորիս համոզմունքն է՝ Հայաստան-Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինայի ժուղովուրդները պատմականորեն ինչպես եղել են միասին, այնպես էլ միասին շարժվելու են դեպի ապագա»,- ասաց մեր զրուցակիցը: Բարձր է գնահատվել նաեւ հայկական ընդդիմության գործունեությունը՝ ընդդեմ ազգադավ իշխանությունների: «Այնպես որ, այս համակարգը, որը գործում է թե Ռուսաստանում, թե Հայաստանում, վերջնականապես ապացուցել է իր հակաժողովրդականությունը. ոչ ռուս, ոչ հայ ժողովուրդը այդ ռեժիմն այլեւս չի հանդուրժի»,- հերթական անգամ համոզմունք է հայտնում ՀԿԿ առաջնորդը: Իսկ թե ինչպե՞ս են ռուս կոմունիստներն արձագանքել ՀԿԿ-ի հերթական պառակտմանը, մասնավորապես՝ ընկերներ Խորեն Սարգսյանի եւ Նորիկ Պետրոսյանի հեռանալուն՝ «Արձագանքները նույնն էին, քանզի այնտեղ էլ նույն սխեման է գործում: Իշխանությունները փորձում են միջամտել կուսակցության գործունեությանը եւ ջլատել բնականոն ընթացքը»: Երեւույթը ցավալի որակելով՝ ռուս կոմունիստները համոզմունք են հայտնել, որ կոմկուսները վերացնել չի հաջողվի՝ «մանր-մունր սխալներ են թույլ տրվում, որոնք ժամանակի ընթացքում կուղղվեն»: Մեր դիտարկմանը՝ ասվածը արդյո՞ք հակադարձ մեղադրանք էր ընդդեմ Ն. Պետրոսյանի եւ Խ. Սարգսյանի, որ նրանք իշխանությունների ազդեցության ներքո են գործել, ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման հավաստի հայտարարություններ անել, բայց որ նրանք ղեկավարվում են ինչ-որ կենտրոններից, ինչ-որ թելադրանքով՝ ես դրանում համոզված եմ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել