Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐՈՔ ՈՐ՝ ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ

Հուլիս 10,2004 00:00

ԻՐՈՔ ՈՐ՝ ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ ԶԼՄ-ների դեմ բռնարարքներ գործելու դիմաց 100 հազար դրամ տուգանելու վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի հունիսի 10-ին արձակած դատավճռից շուրջ 1 ամիս անց միայն հնարավորություն ունեցանք ծանոթանալ վճռի ամբողջական տեքստին: Ինչպես դատարանում էր դատավորը մեզ «հիացրել» այդ օրը դահլիճում տերուտնօրինություն անող սափրագլուխներին կարգի հրավիրելու իր կարողությամբ, այնպես էլ զմայլանքի պահեր պարգեւեց նրա հեղինակած դատավճռի տեքստը: Այսպես, Ռուբեն Ներսիսյանը գրել է, թե դատաքննությամբ դատարանն ապացուցված է համարել, որ ապրիլի 5-ին հանրահավաքի ժամանակ «Նաիրի» կինոթատրոնի կամարների մոտ ամբաստանյալներ Աշոտ Ավետիսյանն ու Հրայր Հարությունյանը գտնվել են «իրարից անկախ պատճառներով»: Թե ինչպես է սա ապացուցել դատարանը, երբ որեւէ քննություն չի տարվել՝ պարզելու արդյո՞ք այս երկուսը եւ թիկնապահի արտաքինով մնացած անձինք կազմակերպված խումբ չէին՝ մնում է անհայտ: Հիշեցնենք, որ ե՛ւ Աշոտ Ավետիսյանը (Բանգլադեշի Համոն), ե՛ւ Հրայր Հարությունյանը (արտաշատցի Հրոն) հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալ ու պատասխանել հարցերին: Թերեւս դատավորին խիստ հավաստի են թվացել նրանց նախաքննական այն «լոլո»-ները, թե առաջինը ժամադրված էր աղջկա հետ (որը ոչ մի կերպ չի հայտնվել խմբին նկարահանած բազմաթիվ սարքերի տեսադաշտում), իսկ երկրորդն էլ եկել էր Մատենադարանի մոտից թխվածք առնելու (սակայն դեպի խմորեղենի խանութ իր երթը սկսել էր «Նաիրիի» մոտ լուսանկարչական սարքեր ջարդուփշուր անելով): Դատավճռում նաեւ նշված է. «Խուսափելով նկարահանումների մեջ ընդգրկվելու հանգամանքից՝ յուրաքանչյուրն իր հերթին մոտենալով նկարահանող անձանց՝ նախազգուշացրել է՝ իրենց չնկարահանել, սակայն տեսնելով, որ իրենց խնդրանքներն ապարդյուն են, եւ շարունակվում են նկարահանումները, ամբաստանյալ Հրայր Հարությունյանը մոտեցել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր, տուժող Տիգրան Բաբայանին եւ տեսաերիզը ոչնչացնելու նպատակով նրա ձեռքից խլել է տեսախցիկը, այն դիտավորությամբ վնասելու նպատակով հարվածել գետնին»: Որքա՜ն կեղծիք կա դատավճռի այս մի քանի տողի մեջ, որ կայացվել է «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Նախ՝ բացի «Հայլուրի» օպերատորից, ով վկայեց, թե լսել է անծանոթ տղամարդու ձայն, որը պահանջել է չնկարել՝ այդ ո՞ր մի լրագրողն է ցուցմունք տվել, թե իրեն նախազգուշացրել են չնկարահանել: Ոչ ոք: Ուրեմն՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին դարձյալ ավելի հավաստի են թվացել ամբաստանյալների ցուցմունքները, որոնք անպատիժ կարող են նաեւ ստել: Եվ եթե դատավորը չմերժեր իմ միջնորդությունը ու որպես իրեղեն ապացույց հետազոտեր «Կենտրոնով» ցուցադրված տեսաժապավենը՝ այլեւս չէին կարողանա կեղծել, թե նախազգուշացումից հետո են հարձակվել լրագրողի վրա: Այդ դեպքում նաեւ ակնհայտ կլիներ, որ բնավ Հրայր Հարությունյանը չէր «Կենտրոնի» օպերատորի ձեռքն ոլորելով՝ նրանից խլել տեսախցիկը. տեսագրությունից պարզ երեւում է, որ այդ պահին արտաշատցի Հրոն ավելի հեռու է կանգնած: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն իր վճռում նշել է, թե պատիժ նշանակելիս նկատի է առել ինչպես հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալների անձը, որ «դրական են բնութագրվում», ու «պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը»: Որ լրագրողներին խփելը, տեսախցիկներ ջարդուխուրդ անելը թերեւս հասարակական որեւէ վտանգավորություն չի ներկայացնում՝ արդեն պարզ է ամեն լրագրողի դիմաց 50 հազար դրամ տուգանք նշանակելու նրա դատավճռից: Բայց ի՞նչ անուն տաս մի դատավորի, որը նշում է պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին, երբ դատավճռի հենց սկզբում Հրայր Հարությունյանի մասին գրված է, թե նա Մոսկվայի Պրոլետարսկի շրջանի ժողդատարանի վճռով դատապարտված է եղել 5 տարի ազատազրկման: «Դատավարությունը վերածվեց ֆարսի»,- հունիսի 30-ի իրենց հայտարարության մեջ նշել էին Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Նրանք գրել էին, թե չեն կարող այլ անուն տալ, քանի որ ե՛ւ նախաքննությունը, ե՛ւ դատավարության ընթացքը, ե՛ւ դատավճիռը «տարակուսանք ու վրդովմունք» են առաջացնում. «Ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը ցանկություն անգամ չդրսեւորեցին պաշտպանելու տեղեկություններ հավաքելու եւ տարածելու լրագրողների իրավունքը, էլ չենք ասում, որ նշանակված պատիժը համարժեք չէր արարքին»: Հավելել էին եւս մի հանգամանք. «Առայսօր միջոցներ չեն կիրառվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր ապրիլի 5-ին քայլեր չձեռնարկեցին լրագրողներին քաշքշող ու տեխնիկան ջարդող անձանց դեմ»: Իսկ «Ինտերնյուսի» իրավաբան Օ. Սաֆարյանը նշել էր, որ թեեւ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ եւ միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել, սակայն դատարանը կարող էր գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության, քանի որ նախաքննության մարմնի կողմից թույլ էր տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եւ դա չէր կարող վերացվել դատական քննության ընթացքում։ Այսքանից հետո կարող է հարց առաջանալ, թե ինչու չենք փորձում բողոքարկել այս ծիծաղելի դատավճիռը եւ հասնել այն բանին, որ գործն իրոք ուղարկվի լրացուցիչ քննության: Այդ քայլին չդիմելու պատճառը բնավ այն չէ, որ դատավճռի տեքստը մեզ տրամադրվել է ավելի ուշ, իսկ այն կարող էինք բողոքարկել միայն մինչեւ հունիսի 25-ը: Եթե անգամ ժամանակին տրամադրվեր՝ էլի չէինք դիմի Քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարան, ինչպես եւ ավելի վաղ՝ ապրիլի 5-ին չէինք դիմել իրավապահ մարմիններին, քանի որ հրաշալի պատկերացնում էինք, թե մեր իրավապահ համակարգի ներկա պատկերի պայմաններում ինչ է հետեւելու դրան. ինչը եւ ապացուցեց դատախազությունն՝ իր նախաքննությամբ եւ դատարանն՝ իր այս դատավճռով: Իրավապահներն իրենք էին փաստի առնչությամբ գործ հարուցել, եւ իրենք էլ այդ փաստին իրենց գնահատականով տեղիք տվեցին, որ ապրիլի 5-ից հետո մի անգամ էլ հունիսի 10-ին դատարանում մեզ ստորացված զգանք, երբ սափրագլուխների ոհմակն այս դատավճռից հետո լրագրող տեսնելով՝ խմբով բացականչում էր. «Մանթո՜, մանթո՜»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել