Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱԼԻՍ ԵՆ

Հուլիս 10,2004 00:00

ՏԱԼԻՍ ԵՆ

Խմբագրությանն է դիմել ժանեկագործուհի Զեփյուռ Դանիելյանը: Նա 20
տարի ասեղնագործում է: Ունեցել է ցուցահանդեսներ Հայաստանի մարզերում եւ
Երեւանում:
Բացի 6 պարսիկ բանաստեղծների դիմանկարներից, ասեղնագործել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամիին: Միակ ցանկությունն էր բանաստեղծների նկարները նվիրել Իրանի գրականության թանգարանին: Անցյալ տարի Զ. Դանիելյանը եղել է Իրանում ու որոշել անպայման ցուցահանդես ունենալ այդ երկրում: Պնդում է, որ ցանկությունը չի կարողանում իրագործել ՀՀ մշակույթի նախարարության ու ԻԻՀ մշակույթի կենտրոնի քաշքշուկի պատճառով: Ըստ տիկ. Զեփյուռի, երկուսն էլ հրաժարվում են պաշտոնական գրություն տրամադրել՝ Իրանում ցուցահանդես կազմակերպելու համար: Ի դեպ, ԻԻՀ նախկին դեսպանը Հայաստանում՝ Ֆահրատ Քոլեյնին հավանություն էր տվել տիկին Զեփյուռի աշխատանքների ցուցահանդեսի գաղափարին: Այժմ նույն կենտրոնը չի համաձայնում անգամ նվեր ընդունել Զ. Դանիելյանի ասեղնագործությունները: «Երբ գնացի Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոն, էդ մարդիկ կարկամեցին, որ անվճար ու անշահախնդիր եմ նվիրում: Ասացի՝ ոչինչ չեմ խնդրում, ընդամենը գրություն, որպեսզի կարողանամ ցուցահանդես կազմակերպել, էդ էլ չեն տալիս: Մշակույթի նախարարությունից պատասխանում են, որ պետք է ԻԻՀ մշակույթի կենտրոնը պաշտոնական գրություն տա, որը պիտի ՀՀ արտգործնախարարությունը մակագրի մշակույթի նախարարությանը, որպեսզի հետո իրենք թույլ տան: Երկար քաշքշուկից հետո ԻԻՀ մշակույթի կենտրոնում նախ պահանջել են դիմում գրել՝ պարսկական թեմատիկայով 9 աշխատանքները Իրան տանելու խնդրանքով»,-պատմեց ժանեկագործուհին: Նաեւ ավելացրեց, որ մի քանի հանդիպումից հետո ի վերջո իրեն դուրս են արել ու արգելել մոտենալ Մշակույթի կենտրոնի դռներին:

ԻԻՀ մշակույթի կենտրոնի աշխատակցուհի տիկ. Լինեթը (ազգանունը հրաժարվեց հայտնել) պարզաբանեց, որ կատարվածը փոքրիկ թյուրիմացություն է եւ Մշակույթի կենտրոնը պատրաստ է ընդունել ու լսել Զ. Դանիելյանին, անգամ տրամադրել համապատասխան գրություն, ինչի համար ընդամենը հարկավոր է գրավոր դիմում գրել:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել