Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՀՆԱՐՆԵՐԸ» ՉԳՈՐԾԵՑԻՆ

Հուլիս 10,2004 00:00

Ֆրանսահայ դիրիժորը վիրավորված է

«Առավոտը» տեղեկացրել էր ֆրանսահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանի՝ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում դեռեւս 2003թ. դեկտեմբերին սկսած Պուչինիի «Տոսկա» օպերայի փորձերի մասին։ Հիշեցնենք, որ դիրիժորը 1993-94թթ. Երեւանի օպերային թատրոնում ղեկավարել է Ա. Տիգրանյանի «Անուշը» եւ Դոնիցետտիի «Պողիկտոսը»։ Ըստ մեր աղբյուրների, արդեն ամիսներ շարունակ դադարեցվել են փորձերը, իսկ վերջերս Ն. Անդրեասյանը մեկնել է Ռուսաստան, հետ եկել Հայաստան ու պատրաստվում է վերադառնալ Ֆրանսիա։ Ֆրանսիա մեկնելուց առաջ հանդիպեցինք դիրիժորին։ Նա հաստատեց մեզ հասած լուրերը։ «Տոսկայի» փորձերի դադարեցման հետ կապված՝ տեղեկացրեց. «Անցյալ տարի դեկտեմբերից սկսեցի աշխատանքը օպերային թատրոնի մեներգիչների հետ։ Հունվարին դադարեցվեց, որի պատճառը անկեղծորեն չգիտեմ, իսկ այն, ինչը ինձ թվում է՝ չեմ կարող թույլ տալ բարձրաձայնել։ Փաստորեն, 7-8 ամիս այստեղ եմ, պարզվեց՝ ապարդյուն»։

Իսկ դիրիժորը Ռուսաստան մեկնել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանատան կանչով։ Այս տարվա սեպտեմբերից մինչեւ 2005թ. հուլիսը Ֆրանսիայի արտաքին գործերի ու մշակույթի նախարարությունները Ռուսաստանի քաղաքներում, սկսած Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից մինչեւ Նովոսիբիրսկ, կանցկացնեն ֆրանսիական ժամանակակից երաժշտության փառատոն։ «Կամերային երաժշտության համերգները՝ թվով 15, կղեկավարեմ ես, տեղի նվագախմբերի հետ»,- ասաց Ն. Անդրեասյանը։ «Առավոտի»՝ «Ինչո՞ւ հատկապես ձեզ են ընտրել» հարցին դիրիժորը պատասխանեց. «Մինչ 1992թ. Ֆրանսիայում ու Եվրոպայի այլ քաղաքներում ղեկավարել եմ օպերային ներկայացումներ, իսկ այդ թվականից սկսած՝ պրոպագանդել ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտորների երկեր, այդ թվում՝ եւ հայ ստեղծագործողների (Տ. Մանսուրյան, Լ. Աստվածատրյան, Ա. Զոհրաբյան, Մ. Իսրայելյան եւ այլք)»։ Մեր դիտարկմանը՝ «Ինչո՞վ բացատրել հայրենիքում ձեր անհաջողությունը», Ն. Անդրեասյանը հակադարձեց. «Այստեղ մինչեւ ինքդ չառաջարկես՝ ոչ մեկը ձայն չի հանի։ Կարծես միայն սպասում են անվճար առաջարկների, մոռանալով, որ զրոյից մինչեւ միլիոն թվեր կան։ Հասկանում եմ՝ զրոն էլ է թիվ, որի պայմաններում քանիցս աշխատել եմ։ Լինելով սփյուռքահայ, կուզեմ հիշեցնել, որ, ըստ հայկական մենթալիտետի, կան բանակցությունների բազմաթիվ ձեւեր, հնարավորություններ, ինչու չէ՝ հնարներ»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական
ակադեմիական թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց. «Ֆրանսահայ
դիրիժոր Նվարդ Անդրեասյանի հետ օպերային թատրոնը պայմանագիր չի կնքել։ Հետեւաբար,
ի՞նչ փորձերի դադարեցման մասին է խոսքը։ Պուչինիի «Տոսկա» օպերայի փորձերը
ընթանում են, իսկ հանդիսատեսը այն կդիտի աշնանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել