Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնում-ազատում» գործընթացն ուսումնասիրվում է

Հուլիս 10,2004 00:00

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում կազմակերպել էր սեմինար՝ նվիրված նախնական կալանքի հիմնախնդիրներին։

Փաստաբան Նարինե Ռշտունին տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են դատական վարույթները Կոտայքի մարզի եւ Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններում։

2003-ի համար, ըստ Ն. Ռշտունու տվյալների, կալանքի միջնորդությունների թիվը ավելացել է 758-ով։ Եվ եթե 2001-ին նախաքննական մարմինը կալանքի միջնորդություններ է ներկայացրել բացահայտված գործերի 42,5% դեպքերում, ապա 2003-ին՝ 55,4% դեպքերում։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տվյալների, 2003թ. դատարանների դահլիճներից ազատվել է 201, իսկ խափանման միջոց կալանքի փոփոխմամբ՝ 194 մարդ։ Ն. Ռշտունին տեղեկացրեց, որ դատարանների կողմից կայացվել է 19351՝ առանց ազատազրկման դատավճիռ։

Ոստիկանության քննիչ Թաթուլ Պետրոսյանը նկատեց, որ մեր օրենսդրության մեջ կան հակասություններ եւ դրույթներ, որոնց կիրառման դեպքում իրենք հանդիպում են լուրջ խոչընդոտների։

Խոսվեց նաեւ դատական նիստերին մեղադրյալի մասնակցության մասին։ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում, օրինակ, քննության է դրված եղել 400 կալանքի միջնորդություն։ Դրանցից 277-ի դեպքում մեղադրյալները գտնվել են հետախուզման մեջ։ 45%-ի դեպքում «դատական նիստերի արձանագրություններում եւ դատարանների որոշումներում բացակայում էին նշումներ մեղադրյալի դատական նիստին մասնակցության մասին», տեղեկացանք քննարկման ժամանակ։

Իսկ անհրաժե՞շտ է, որ մեղադրյալը մասնակցի իր նկատմամբ կալանքը կիրառելու որոշմանը դատարանում՝ դատավորների 22,7%-ը դրական է պատասխանել, փաստաբանների 97,5%-ը, քննիչների 46,9%-ը։ Ուշադրության արժանի էր հետեւյալ վիճակագրությունը. 92,6% դեպքերում նախաքննական մարմինը որոշում է կայացրել միջնորդությունով դիմել դատարան եւ դատարանն էլ նույն օրը որոշումը կայացրել է։ 15,9% դեպքերում որպես մեղադրյալ ներգրավվելուց մինչեւ դատարանի կողմից որոշում կայացնելը անցել է 1 օր, 1,25%՝ 2 օր, 2,4%՝ 3 օր, 1,2%՝ 4 օր, 1,2%՝ 6 օր։ Ռեկորդային ժամկետը 7 տարին է եղել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել