Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍԸ

Հուլիս 10,2004 00:00

Հարցազրույց
ՀԱԱԿ քաղաքական խորհրդի քարտուղար
Էդվարդ Անտինյանի հետ
– Պրն Անտինյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ստրասբուրգում Ռ. Քոչարյանի ելույթի՝ ԼՂՀ-ին վերաբերող հատվածին:

– Ռ. Քոչարյանը շեշտել էր, որ հայերը եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են, որ արդեն 16 տարի է ԼՂՀ-ն ապրում է Ադրբեջանի հետ շփում չունենալով, եւ մի ամբողջ սերունդ է այդպես դաստիարակվել: Ստրասբուրգում Քոչարյանը նաեւ հայտարարեց. «Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ոչ ԼՂՀ-ի հետ միասին, եւ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»: Նման համոզիչ փաստարկներից հետո նա ասում է, որ եթե Ադրբեջանը ժամանակին ստորագրեր, ապա ինքը համաձայն էր ոչ միայն գրավյալ տարածքները վերադարձնելուն, այլեւ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ընդհանուր պետություն կազմելուն: Այսինքն՝ ադրբեջանցիների համաձայնության դեպքում արդեն մեկ սերունդ անկախ ապրած, երբեք անկախ Ադրբեջանի մաս չկազմած, «գենետիկորեն անհամատեղելի» ԼՂՀ-ն Քոչարյանը պատրաստ էր ընդհանուր պետության կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Այսպիսի իրարամերժ դիրքորոշում ներկայացնելը ԵԽԽՎ-ի ամբիոնից, կարծում եմ, չի նպաստի ԼՂՀ-ի շուրջ հետագա խաղաղ կարգավորման բանակցությունների արդյունավետությանը:

– Ստրասբուրգում Քոչարյանի ելույթի հայ-թուրքական հարաբերությունների հատվածը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին։

-ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից անհրաժեշտ էր խոսել քաղաքակրթական համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, 21-րդ դարին վայել միջպետական հարաբերություններ հաստատելու, ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցելու մեր պատրաստակամության մասին: Այդ համատեքստում էր պետք ցույց տալ, որ Թուրքիան միշտ չէ, որ առաջնորդվում է այդ արժեքներով, մատնանշելով նրա ոչ քաղաքակիրթ պահվածքը ցեղասպանության ճանաչման հարցում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ էր կարեւորել Թուրքիայի ձգտումը անդամակցելու Եվրամիությանը: Քանի որ մենք մեզ ավելի անվտանգ կզգանք, երբ մեր հարեւանը, որի հետ ունենք չկարգավորված խնդիրներ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող Եվրամիության անդամ լինի:

– Ճի՞շտ եք համարում Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Քոչարյանի չմասնակցելը:

– Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Քոչարյանի չմասնակցելու վերաբերյալ հարցը հատուկ կարեւորել ենք մեր կուսակցության անունից 27.05.2004թ. կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի արած հայտարարության մեջ եւ մեր մտահոգությունն ենք հայտնել այդ առթիվ: Անգամ վերջին ելույթներում եւ հարցազրույցներում մեր կողմից բազմիցս նշվել է դրա բացասական հետեւանքների մասին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ բաց թողեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասնակիցը լինելու պատմական շանսը: Նոր վերադասավորումների արդյունքում Հայաստանը հայտնվեց ոչ միայն մեկուսացման մեջ, այլեւ Հարավային Կովկասում անվտանգության համակարգերի խաչմերուկում: ՆԱՏՕ-ի նման հզոր կառույցի անվտանգության համակարգի (որի մեջ մտնելու են նաեւ մեր հարեւաններ Վրաստանն ու Ադրբեջանը) բաժանարար գիծն անցնելու է Հայաստանի վրայով: Անկախ իշխանությունների բոլոր հավաստիացումներին, թե ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն ավելի քան նորմալ է, այնուամենայնիվ, Հայաստանը դուրս է մնում այդ կառույցից եւ տարածաշրջանում անվտանգության հակադիր համակարգերի դիմակայության բեռը վերցնելու է իր վրա:

Քոչարյանի Ստամբուլ չմեկնելը որակում եմ որպես կոմպլեմենտարիզմի ավարտ, իսկ այս օրերի Քոչարյանի ռուսաստանյան շրջագայությունը եւ այնուհետեւ Վ. Օսկանյանի այցելությունը Մոսկվա՝ ավարտված կոմպլեմենտարիզմի հերթական դրսեւորում: Իրականում, Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն կոմպլեմենտար քաղաքականություն չեն վարում, եւ բազմաթիվ փաստերը վկայում են նրանց կողմից ընդգծված, միմիայն Ռուսաստանի շահերին միտված քաղաքականության իրականացման մասին: Առհասարակ, կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է հրաժարվեին կոմպլեմենտարիզմից, ոչ թե հօգուտ Ռուսաստանի շահերի, այլ ելնելով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային նոր իրողություններից եւ զարգացման միտումներից՝ հօգուտ Հայաստանի, այն է՝ հայտ ներկայացնել անդամագրվելու Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին:

– Ձեր կուսակցությունը նպատակ ունի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարաժամկետ ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցություն հաստատել, ուրեմն դուք նաեւ կարեւորում եք, թե ո՞վ կընտրվի ԱՄՆ նախագահ:

– Այո, բայց այդ ամենը մենք բացարձակապես չենք կապում ոչ գործող ադմինիստրացիայի հետ ունեցած հարաբերությունների, ոչ էլ ադմինիստրացիայի փոփոխության հետ: Մենք կարեւորում ենք մեր երկու պետությունների միջեւ հիմք դրվող հեռանկարային համագործակցությունը: Ուղղակի մեջբերեմ մեր կուսակցության վերլուծական կենտրոնի վերջին զեկուցագրից մի հատված. «Ներկայումս ԱՄՆ-ում ամենաբարձր քաղաքական վարկանիշ ունեցող Բիլ Քլինթոնը, մեծ հետաքրքրություն ներկայացնող իր գիրքը հրատարակելով, կարծում ենք ոչ թե կմիանա Ջոն Քերիի ընտրարշավին, այլ նախապայմաններ կստեղծի Հիլարի Քլինթոնի 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար: Այսինքն՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունն իր ռեսուրսներն ամբողջությամբ եւ ակտիվ չի աշխատեցնելու Ջոն Քերիի օգտին, քանի որ դրանով իսկ կզրկի Հիլարի Քլինթոնին՝ երբեւէ ԱՄՆ նախագահ դառնալու հնարավորությունից: Այս պարագայում, հանրապետականներ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ ավագի եւ Ջորջ Բուշ կրտսերի հեղինակավոր եւ ադմինիստրատիվ ռեսուրսներն աշխատելով հօգուտ Ջորջ Բուշի՝ կապահովեն վերջինիս հաղթանակը»:

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել