Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը ֆաշի՞ստ է

Հուլիս 10,2004 00:00

Հմայակ Հովհաննիսյանը հուլիսի 8-ին դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ առաջարկելով կալանել ԱԼՄ ղեկավարին:

Դիմումում ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նախ հիշեցնում է, որ հունիսի 17-ին խնդրել էր լրատվամիջոցն ազգային թշնամանք հարուցելու նպատակով օգտագործելու, իրեն զրպարտելու եւ արժանապատվությունը վիրավորելու առնչությամբ քրգործ հարուցել ԱԼՄ ղեկավար Տիգրան Կարապետյանի նկատմամբ. «Դատախազությունն առայսօր չի կանխել ԱԼՄ տնօրենի հակասեմիտական, ֆաշիստական, զրպարտչական եւ վիրավորական դրսեւորումները: Ընդհակառակը՝ այդ դրսեւորումները ստացան հասարակության եւ մեր երկրի ազգային անվտանգության համար չափազանց վտանգավոր զարգացումներ՝ նշանավորվելով Տ. Կարապետյանի շուրջ ֆաշիստական «ճակատի» ձեւավորման փաստով»: Հմայակ Հովհաննիսյանը մեջբերում է մասնավորապես «Հայ արիական միաբանության» հայտարարությունները, թե ամեն ինչ անելու են Տ. Կարապետյանին պաշտպանելու համար, մտադիր են Հայաստանում իրականացնել հրեական զտումներ, իսկ իրավապահներին կոչ են անում «Հայաստանը մաքրել հրեական չարիքից»:

ԱԺ պատգամավորը դիմումում անդրադարձել է նաեւ հուլիսի 1-ին ԱԼՄ-ով հեռարձակված շուրջ 2 ժամանոց կինոնկարին, որում, ըստ նրա՝ «ակնհայտ ընդհանրություններ» կան վերոհիշյալ դատողությունների հետ. «Դատափետելով իրեն «Վոլգոգրադից վտարած հայտնի ազգին», մատնանշելով «թշնամի շուստերմաններին», նորից ու նորից արծարծելով իմ կողմից «ջհուդական քայլեր» կատարելու թեման, Տ. Կարապետյանը հանգում է նույն պաթետիկ եզրակացությանը. «Ես գործում եմ բարու դաշտում, իսկ Հմայակը՝ չարի»:

Այս ամենից հետո Հ. Հովհաննիսյանը գլխավոր դատախազին է ներկայացրել պատմական մի շարք զուգահեռներ. «Մի՞թե հասկանալի չէ, թե ինչպիսի մեծ վտանգ է ներկայացնում ԵԽ կազմում ընդգրկված, սակայն դեռ փխրուն եւ անկայուն ժողովրդավարական հաստատություններով մեր երկրի համար մետրային ալիքը տնօրինող այս նորահայտ «ֆյուրերը»: Չէ՞ որ բոլոր ժամանակներում էլ ֆաշիզմը սկզբից հանդես է եկել ծանր սոցիալական վիճակում հայտնված լայն զանգվածների անունից՝ ձգտելով նրանց դժգոհությունը հասցեագրել «պետությունը թալանող» հրեաների, «ծախու» քաղաքական գործիչների եւ մտավորականների դեմ: Այդ առումով Տ.Կարապետյանի վարքագիծը չափազանց բնութագրական է: Մեղադրելով ինձ «քաղաքական կոռուպցիայի մեջ»՝ նա պարտավոր է դատարանի առջեւ պատասխան տալ իր այդ զրպարտության համար, կամ էլ դատարանը պարտավոր է նրան արդարացնել՝ ապացուցելով, որ ես Մոսկովյան 33ա հասցեով ոչ բնակելի տարածքի սեփականաշնորհման համար կաշառք եմ տվել կառավարությանը, որի որոշմամբ այդ տարածքը սեփականաշնորհվել է, եւ ՀՀ նախագահին, ով իր ստորագրությամբ վավերացրել է սեփականաշնորհման օրինականությունը»:

Ֆաշիզմի շուրջ այլ դատողություններից հետո Հմայակ Հովհաննիսյանը դիմումի մեջ նշել է. «Հաշվի առնելով մեր հասարակությանը սպառնացող վտանգի լրջությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Տ. Կարապետյանի անպատժելիությունն ու նրա կողմից ԱԼՄ-ի հեռուստահաճախության տնօրինումը նպաստեցին Հայաստանում մինչ այս գոյություն չունեցող ֆաշիստական միտումների ի հայտ գալուն՝ առաջարկում եմ որպես խափանման միջոց Տ. Կարապետյանի համար ընտրել կալանքը: Ստեղծված իրավիճակում դա օբյեկտիվ դատաքննության միակ հնարավորությունն է: Չէ՞ որ համաշխարհային լրատվական պրակտիկայում նախադեպը չունեցող այն օրինազանցությունները, որոնք արտոնված են Տ. Կարապետյանին եւ չեն կասեցվում Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից՝ ցույց են տալիս, որ նա ունի հզոր հովանավորներ: Այլապես ինչպե՞ս կարող էր 1999-ին Վոլգոգրադի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցած եւ ձայների 0,73%-ը հավաքած Տ. Կարապետյանը «հանկարծ» 1994-ից դառնալ ՀՀ քաղաքացի եւ 2003-ին գրանցվել պատգամավորության թեկնածու»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել