Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԱԿԻ ՓՈՐՁԱՌՈՒ Է»

Հուլիս 10,2004 00:00

Կարծիք
է հայտնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
– Ամառվա սկզբին դուք հայտարարեցիք, թե ամռանը հանգստանալու չեք մեկնելու եւ զբաղվելու եք ընդդիմությանը համոզելով, որ վերադառնա խորհրդարան։ Հիմա, երբ ամառը կիսվում է, ի՞նչ փուլում է ձեր՝ համոզելու գործընթացը։ Ո՞ւմ հետ եք հանդիպել եւ ո՞ւմ եք կարողացել համոզել։

– Որեւէ պաշտոնական հանդիպում ընդդիմության հետ չի լինելու։ Անցած ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ ընդդիմությունը հոգեբանորեն պատրաստ չէ երկխոսության։ Խնդիրը ոչ թե խորհրդարան վերադառնալն է, այլ այն, որ հասարակության համար պարզ չէ, թե ինչ է ուզում ընդդիմությունն ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ այս ընթացքում քաղաքական ուղեծիրներ են փոխվում, եւ նաեւ իրենց շահերից ելնելով՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է վերադառնան խորհրդարան։ Խնդիրը կամ պետք է լուծվի քաղաքական դաշտում, եւ քաղաքական ուժերը այս հարցի հետ կապված պետք է վճիռ կայացնեն, կամ՝ պետք է գործի օրենքը։ Սրանք են ճանապարհները։ Երբ ես ասում եմ՝ պետք է փորձեմ, որ վերադառնան խորհրդարան, դա անում եմ ոչ թե բուն խորհրդարանի համար, այլ հասկանում եմ, որ պետության համար բավականին վտանգավոր երեւույթ է, երբ ընդդիմությունը չի գալիս խորհրդարան։ Չեմ կարծում, որ ընդդիմության՝ խորհրդարան գալը շահեկան պրոցեսների հիմք կդառնա օրինաստեղծ աշխատանքի համար։ Բայց այս ամենը պարզապես անհասկանալի է միջազգային հանրությանը։ Մանավանդ վերջին շրջանում Հայաստան այցելած միջազգային կառույցների ներկայացուցիչները չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում բոյկոտել խորհրդարանը։ Ես մտածում եմ, որ ընդդիմության վերադարձի համար ելքեր կգտնվեն, որպեսզի աշխատանքները շարունակվեն։

– Կոալիցիայի մայիսյան հայտարարության մեջ ընդդիմությանը միասին աշխատելու առաջարկ էր արված չորս կետերի շուրջ՝ Սահմանադրություն, «Ընտրական օրենսգիրք», հակակոռուպցիոն պայքար եւ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարում։ Արդյո՞ք կոալիցիայի այս առաջարկները ուժի մեջ են, թե՞ կարելի է դրանք համարել անցած-գնացած փուլ։

– Իհարկե, այդ առաջարկությունները ուժի մեջ են, եւ նպատակն այն է, որ ավելի շահեկան քննարկումներ տեղի ունենան բոլոր այդ հարցերի հետ կապված։ «Ընտրական օրենսգիրքը» եւ սահմանադրական փոփոխությունները ոչ միայն ընդդիմության հետ պիտի քննարկվեն, այլեւ ամբողջ հասարակության։ Այնպես որ, դա մենք հայտարարենք թե ոչ՝ պատգամավորները ունեն իրենց առաջարկություններն ու մոտեցումները, եւ իրենց լիազորությունների շրջանակում է՝ մասնակցել քննարկումներին եւ առաջարկություններ անել։

– Դուք ժամանակ առ ժամանակ ընդդիմությանը գնահատականներ եք տալիս. մեկ ասում եք, թե նոր ընդդիմություն է հարկավոր, հետո էլ՝ թե նոր ընդդիմությունը կարող է վտանգավոր լինել։ Ամառվա ընթացքում կարծիքներ են հնչում, թե սեպտեմբերին ընդդիմադիր ուժերը հանդես կգան նոր ֆորմատով։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է նոր ֆորմատի առաջացումը։

– Կարծում եմ՝ այս ամբողջ պրոցեսում ֆորմատի փոփոխությունները անընդհատ են։ Պարզապես աշնանը զարգացումները, կարծում եմ, այնպիսին կլինեն, որ այն, ինչ այսօր կատարվում է, բացահայտ կհայտարարվի հասարակությանը, ֆորմատի փոփոխությունը անընդհատ պրոցես է։ Ինչո՞ւ եմ ասում, որ նոր ընդդիմության ձեւավորումը վտանգավոր է։ Ոչ թե մարդիկ են վտանգավոր, այլ՝ գաղափարախոսությունը. ընդդիմության այսօրվա հենքի վրա 2001 թ. փաստաթուղթ է ստորագրվել (ԼՂՀ հարցի հետ կապված խորհրդարանական ուժերի համատեղ հայտարարության մասին է խոսքը.- Մ. Ե.)։ Իսկ մեր ամենակարեւոր հարցը ղարաբաղյան հիմնախնդիրն է։ Մյուս բոլոր ուժերը մերօրյա պետությունում կամ հիմնավոր գաղափարախոսություն ունեն՝ կապված հարցի փուլային լուծումների հետ, կամ՝ նոր առաջացած ուժեր են, որոնք այդ ժամանակաշրջանի տերերը չեն կարող լինել։ Այս ընդդիմությունը որոշակի փորձառու է, ունենք բավականին լուրջ քաղաքական գործիչներ, եւ հնարավորինս կառուցողական կարող է լինել։ Այսինքն՝ երբ այս ընդդիմությունը առանձնացնում ես, տեսնում ես՝ տակը բան չմնաց. կամ խռոված ուժեր են, կամ՝ նոր առաջացող։ Այս ամիսներին ոմանք իրենց հայտարարում են 3-րդ ուժ՝ չհասկանալով, թե դա ի՞նչ է նշանակում։

– Արամ Կարապետյանի՞ն նկատի ունեք։

– Ինչո՞ւ միայն նրան. վերջերս մի ինչ-որ ԺԱԿ կազմակերպություն է առաջացել, որն իբր մտածում է ժողովրդի մասին։

– Կարծիք կա, թե խորհրդարանի աշխատանքները բոյկոտած պատգամավորներին մանդատից զրկելու հավանականության մասին կոալիցիոն քաղաքական ուժերը միտումնավոր են շատ խոսում, որպեսզի ընդդիմությանն այդպիսով ստիպեն վերադառնալ։

– Այդ մասին խոսողը, կարծում եմ, հիմնականում ես եմ։ Դա այնքան էլ լայն քննարկման առարկա չէ, ինչպես դուք եք ասում։ Կրկնում եմ՝ այդ հարցում (ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցում.- Մ.Ե.) երկու տարբերակ կա. կամ քաղաքական վճիռ պետք է կայացվի, կամ՝ օրենքը պետք է գործի։ Ընտրությունը թողնում ենք ընդդիմությանը։ Այսինքն՝ չկա շահագրգռվածություն, որ ընդդիմությունը չգա խորհրդարան, լրիվ հակառակը։ Հիմա մնում է, որ ընդդիմությունը ինքն իր մեջ այդ հարցը մեկ անգամ եւս քննարկի։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել