Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ԴՐՍՈՒՄ

Հուլիս 09,2004 00:00

ՄԵՐՈՆՔ՝ ԴՐՍՈՒՄ Ոգի եւ ուժ Թիֆլիսահայերի կյանքում լուրջ իրադարձություն էր 1999 թվականի մարտին հիմնադրված «Սուրբ Գեւորգ» մարզական ակումբը։ Այս գործը ձեռնարկողը մեր հայրենակից Տիգրան Ավետիսյանն է, որն ընտրել է արեւելյան մարտարվեստի կիոկունկայ (կիոկուսինկայ) կարատեի ոճը։ Մարզաձեւի անվանումն ինքնին հուշում է, որ Տիգրանի ընտրությունը պատահական չէ. մարզիչը արդարության, հավատի եւ մարդկային բարձր որակների համար պայքարող անձնավորություն է։ Տիգրան Ավետիսյանը, որ ծնվել է Երեւանում, տասնմեկ տարի մարզվել է արեւելյան մարտարվեստների տարբեր ձեւերով, սկսած՝ ձյուդոյից, վերջացրած կարատեով, որից այժմ կրում է սեւ գոտի։ Նա Վրաստանի կրկնակի չեմպիոն է (2000 եւ 2002 թթ.), իսկ երկու տարի առաջ մարզչական գործունեության համար ստացել է լավագույն երիտասարդ մարզիչ կոչման ոսկե հավաստագիր։ Այժմ նրա մոտ մարտավարման արվեստն են յուրացնում շուրջ քառասուն երեխաներ, որոնց գերակշիռ մասը հայկական ընտանիքներից են։ Տիգրան Ավետիսյանի հիմնած մարզական այս օջախը հարեւան երկրում մեծ հեղինակություն է վայելում մարզական շրջանակներում, որովհետեւ կարճ ժամանակում հասել է շոշափելի նվաճումների՝ դառնալով Վրաստանի բաց առաջնության թիմային հաղթող, Վրաստանի չեմպիոն, Աջարիայի բաց առաջնությունում գրավելով առաջին տեղը, հանրապետության թիմային առաջնության առաջին մրցանակակիր, Թբիլիսիի թիմային առաջնության չեմպիոն, Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող, կովկասյան առաջնության առաջին մրցանակակիր, Վրաստանի կարատեի ֆեդերացիայի առաջին նախագահ Գուրամ Բարագաձեին նվիրված միջազգային մրցաշարի հաղթող։ Եվ սա ակումբի ձեռքբերումների ամբողջական ցանկը չէ։ Մարզիչ Տիգրան Ավետիսյանն իր սաներից հատկապես առանձնացնում է առավել աչքի ընկածներին՝ Արթուր Գեւորգյանին, Ռուբեն Ծատուրյանին, եղբայրներ՝ Սերգո եւ Յուրի Նազարովներին, Սերգո Մովսիսյանին, Սերգո Իգիթյանին, Ռաֆայել Ժամկոչյանին։ Այս տարվա մայիս ամսին ակումբը նշեց հիմնադրման 5-ամյակը։ Ամենօրյա մարզումները, որպես կանոն, տալիս են իրենց արդյունքը, սակայն դրանք ավելի շատ կարող էին լինել, եթե այդ միասնական կոլեկտիվը հնարավորություն ունենար Հավլաբարի ռուսական գիմնազիայի անշուք դահլիճից տեղափոխվել հարմարավետ պայմաններ ունեցող մեկ այլ մարզօջախ։ ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել