Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ» ՓՈՓՈԽՎՈՒՄ Է

Հուլիս 09,2004 00:00

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ» ՓՈՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ Չնայած ընդդիմությունն ուղարկել է իր օրինագիծը Վենետիկի հանձնաժողով Խորհրդարանական քաղաքական կոալիցիան խորհրդարանական ընդդիմությանը երկխոսության հրավիրելու մայիսյան հայտարարության մեջ առաջարկել էր ընդդիմությանը երկխոսության նստել հետեւյալ հարցերը քննարկելու համար. սահմանադրական բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրական օրենսգրքի փոփոխությունները համաձայնությամբ ընդունելու հնարավորություն, հակակոռուպցիոն պայքարում ընդդիմության գործուն մասնակցության մշակում եւ ԵԽԽՎ 1367 եւ 1354 բանաձեւերի կատարման ժամանակացույցի մշակում։ Այս բոլոր առաջարկները մերժվեցին ընդդիմության կողմից։ Սակայն թե՛ սահմանադրական փոփոխությունները, թե՛ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները ԵԽԽՎ առջեւ ստանձնած պարտավորությունների շղթայի մի մասն են, որոնք վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանը կատարի։ Ստեղծվել է խիստ հետաքրքիր իրավիճակ՝ ընդդիմությունը թեպետ ունի սահմանադրական փոփոխությունների եւ «Ընտրական օրենսգրքի» սեփական տարբերակներն ու առաջարկությունները, սակայն չի պատրաստվում նաեւ այս հարցերում համագործակցել իշխանությունների հետ։ Իշխանական կոալիցիային այլ բան չի մնում, քան՝ ինքնուրույն գրել սեփական օրենսգիրքը։ «Ընտրական օրենսգրքի» վրա կատարվող աշխատանքների ընթացքը ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը գնահատում է նորմալ. «Ընտրական օրենսգրքի» վրա կատարվող աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ ստացանք երկրորդ փաստաթուղթը Վենետիկի հանձնաժողովից եւ ԵԱՀԿ-ից։ Սրանցում փորձագետները որոշ նոր առաջարկություններ են արել։ Այնտեղ բավական օգտակար առաջարկություններ կան։ Կարծում եմ՝ շուտով, թերեւս՝ սահմանադրական փոփոխությունների հետ զուգահեռաբար, «Ընտրական օրենսգրքի» նախագիծը եւս կուղարկվի փորձաքննության եւ խորհրդարանում կդրվի շրջանառության մեջ»։ Եվրոպացիների առաջարկների մեծամասնությունը Տիգրան Թորոսյանը ընդունելի է համարում, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք պարզապես մեր մենթալիտետին հարմար չեն, օրինակ. «կա այսպիսի առաջարկություն, որով առաջարկվում է վերականգնել շրջիկ տուփերը, որը մենք ժամանակին ունեինք եւ վերացրեցինք՝ տեսնելով, թե ինչ աղավաղումների պատճառ կարող են դրանք դառնալ»։ Ընտրական հանձնաժողովների ձեւավորման մասով առաջարկվում է, որ հանձնաժողովների առաջին մասը ձեւավորվի ըստ կուսակցական պատկանելության, եւ նրանք նշանակվեն ԿԸՀ-ի անդամ, իսկ հանձնաժողովների մյուս մասը կազմված լինի մասնագետներից։ Թեպետ սա ընդունելի առաջարկ է, բայց ըստ Տիգրան Թորոսյանի՝ չի կարելի բացառել, որ ԿԸՀ-ի անդամները եւս մասնագետներ լինեն. «Իհարկե, մենք գալու ենք այն մոտեցմանը, որը կիրառվում է եվրոպական բազմաթիվ երկրներում, որոնցում ընտրական հանձնաժողովների անդամները որեւէ կապ չունեն կուսակցությունների հետ»։ Նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման աշխատանքներում ընդդիմության մասնակցությունը զրոյական է։ Տիգրան Թորոսյանը փոխանցեց, որ ինքը ընդդիմության ներկայացուցիչներին նույնիսկ խնդրել էր, որ եթե չեն ուզում գալ եւ մասնակցել քննարկումներին, «կարող են իրենց առաջարկությունները թղթի վրա գրված ներկայացնել, եւ դրանք անպայման կքննարկվեն, որովհետեւ այս իրավիճակը՝ խորհրդարանի աշխատանքներին չմասնակցելը, կարծում եմ, անվերջ չէ։ Եվ եթե հիմա ինչ-որ բան բաց է թողնվում, հետո դժվար է վերականգնել։ Ես կարծում եմ՝ այն բանից հետո, երբ ընդդիմությանն առաջարկվեց փոփոխություններն ընդունել համաձայնությամբ եւ այդ առաջարկությունը մերժվեց, այլեւս ճիշտ չէ դրա մասին խոսել։ Որովհետեւ իսկապես խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանական ընդդիմությանն արված առաջարկով հրաժարվեց իր հիմնական տարբերիչ հատկանիշից՝ իր ձայների գերակշռությունից, որով կարող էր ցանկացած որոշում ընդունել»։ Տիգրան Թորոսյանի համար այս առաջարկի մերժումը շատ տարօրինակ է թվում։ Ընդհանրապես, ընդդիմությանը խորհրդարան վերադարձնելու եւ «Ընտրական օրենսգրքի», նաեւ այլ հարցերի քննարկումներին մասնակից դարձնելու մասին մեր հետաքրքրասիրությանը պատասխանելով՝ Տիգրան Թորոսյանը նկատեց, որ Հանրապետականը երբեք իր առաջ խնդիր չի դրել ընդդիմությանը խորհրդարան վերադարձնել. «Իհարկե, ընթացքում եղել են շատ փորձեր մեր կողմից։ Ի վերջո, անկախ այն բանից, որ մենք այս պահին իշխանության մեջ ենք, իրենք՝ ընդդիմության, մենք գործընկերներ ենք քաղաքական ասպարեզում»։ Վերադառնալով «Ընտրական օրենսգրքին»՝ ասենք, որ ընդդիմությունը իր հերթին «Ընտրական օրենսգրքի» իր տարբերակն է հանձնել Վենետիկի հանձնաժողովին, սակայն որեւէ արձագանք չի ստացվել։ «Ընտրական օրենսգրքի» շուրջ եւս ստեղծվել է խիստ ինքնատիպ իրավիճակ՝ ընդդիմությունն իր տարբերակն ունի, իշխանական կոալիցիան՝ իրենը։ Եթե ընդդիմությունը աշնանը եւս չվերադառնա խորհրդարան, խորհրդարանական կոալիցիան կընդունի իր սեփական «Ընտրական օրենսգիրքը», եւ առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրությունների դեպքում ապօրինությունների եւ կեղծիքների համար հերթական «մեղավորների» շարքում կլինի նաեւ «Ընտրական օրենսգիրքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել