Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրինախախտները չեն զրկվում լիցենզիայից

Հուլիս 09,2004 00:00

Օրինախախտները չեն զրկվում լիցենզիայից Որովհետեւ նրանց գործերն ուշ են ներկայացվում Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ 2004-ի առաջին կիսամյակում պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների մասին: Ըստ օրենքի՝ լիցենզիան տրամադրվում է անժամկետ, որն էլ տարեցտարի նվազեցնում է լիցենզիա ստացողների թիվը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական շուկայի զարգացման եւ արժութային կարգավորման վարչության պետ Կարեն Թամազյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում նախարարության կողմից արձանագրվել է լիցենզավորման կասեցման մի քանի դեպք: Տնտեսվարողներից ընդհանուր առմամբ գանձվել է ավելի քան 195 միլիոն դրամ, մինչդեռ նույնքան ժամանակում նախորդ տարի գանձվել էր կիսով չափ ավելի: Վարչությունն այս տարի կասեցրել է 836 ընկերության լիցենզիա: Ձեռնարկություններն ու ընկերությունները հիմնականում զրկվում են իրենց լիցենզիաներից՝ պետական տուրք չվճարելու համար: Այս տարվա հուլիսի 15-ից «Լիցենզավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ են լինելու. թորած ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիաները վերաձեւակերպվելու են՝ ըստ գործունեության տեղի: Սա նշանակում է, որ այսուհետեւ տնտեսվարող սուբյեկտը 1 լիցենզիայի հիման վրա կարող է գործունեություն ծավալել կոնկրետ վայրում: Մեկ այլ տեղ այն տարածելու համար նա պետք է ձեռք բերի այլ լիցենզիա: Լրագրողներին զարմացրեց այն, որ այս 6 ամիսների ընթացքում սննդամթերքի արտադրության համար տրամադրվել է 334 լիցենզիա: Պարզվում է նաեւ, լիցենզիա տրամադրող մարմինը վերահսկողության իրավունք չունի արտադրության տեխնոլոգիաների, որակի եւ այլ չափանիշների նկատմամբ: Եվ հարցին, թե ինչպես կմեկնաբանեն փաստը, որ իրենց տված լիցենզիայով գործող ընկերություններից շատերի արտադրանքը, ինչպես վերջերս պարզվեց, չի մոտենում ընդունված չափանիշներին, Կ. Թամազյանը պատասխանեց. «Դրանով պետք է զբաղվեն Որակի, սանիտարահակահամաճարակային եւ հիգիենայի պետական տեսչությունները: Նախարարությանը պետք է ներկայացնեն օրենքը խախտողների ցուցակը, մենք պետք է վերանայենք ու զրկենք նրանց՝ հետագա գործունեություն ծավալելու իրավունքից»: Վարչության պետն ավելացրեց նաեւ, որ 2003թ. նման դեպք չի եղել, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում ներկայացվել է 11 օրինախախտ ընկերության անուն, որոնցից կասեցվել է 3-ի լիցենզիան [բոլորն էլ զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերություններ]: «Պատճառն այն է, որ կասեցման ներկայացնում են շատ ուշ: «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն՝ եթե խախտումն արձանագրելուց 3 ամիս հետո են կասեցման ներկայացնում, լիազոր ներկայացուցիչն արդեն իրավասու չէ որեւէ բան անել: Շատ դեպքերում արձանագրում են դեկտեմբերին, մեզ ներկայացնում հունիսին, երբ այլեւս պատժամիջոցներ կիրառել չենք կարողանում»,- բողոքեց Կարեն Թամազյանը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել