Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՍԹԱՓԵՑՆՈՂ ՉԵՆ

Հուլիս 09,2004 00:00

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՍԹԱՓԵՑՆՈՂ ՉԵՆ Ինչից էլ օգտվում են ձեռնարկատերերը Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է բնապահպանական վճարների, տույժ ու տուգանքների դրույքաչափերի բարձրացման նախագիծ ներկայացնել կառավարություն։ Նախարար Վարդան Այվազյանի կարծիքով, դրույքաչափերը պետք է բարձրանան այնքան, որ տնտեսվարող սուբյեկտները սկսեն լուրջ մտածել մաքրիչ սարքավորումների եւ նոր տեխնոլոգիաների ներդրման մասին, թե չէ հիմա «հաճույքով վճարում են տուգանքներն ու շարունակում աղտոտել շրջակա միջավայրը»։ Նախարարը բերեց օրինակներ՝ «Մաքուր երկաթը», «Մանես-Վալեքսը»։ Հարկ է նկատել, որ բոլոր վերագործարկված ձեռնարկությունների ներդրումային փաթեթում էկոլոգիական անվտանգություն ապահովող տեխնոլոգիական միջոցները պարտադիր տեղ են գրավում, բայց արտադրությունը սկսվելու հետ մոռացվում են։ Պատճառն այն է, որ փաթեթի ծրագրային կատարման ընթացքին հետեւող առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն այդ կետին անտարբեր է՝ նրան այլ խնդիրներ են մտահոգում։ Իսկ բնապահպանության նախարարությունն բավարարվում է վճարների գանձումն ապահովելով, երբեմն էլ՝ տույժի ենթարկելով, ինչն էլ, գործող դրույքաչափերով չափազանց ցածր է ձեռնարկատերերին «խելքի բերելու» համար։ «Ես գտնում եմ, որ Երեւանում փոշու եւ ծխի առաջացման համար 600 դրամ տուգանքը շատ քիչ է, վեց հազարն էլ է քիչ, պետք է վաթսուն հազար լինի»,- սթափեցնող թվի սահմանագիծը նշեց նախարարը։ Նա խոստովանեց, որ իրենց նախաձեռնությունը «հաստատ դուր չի գա» առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը։ Ճիշտ այնպես, ինչպես արդեն դուր չի եկել բնապահպանների՝ կառավարություն ներկայացրած եւ երեկ հաստատված որոշումը, ըստ որի 137 անուն վտանգավոր թափոնների փոխարեն կարելի է ներկրել միայն 67-ը: Այնինչ, «սղված» թափոնները ներկրվում եւ օգտագործվում էին արտադրության որոշ տեսակների համար՝ որպես երկրորդային հումք։ Բացի այդ, Հայաստանը ծառայում է թափոնների տարանցիկ գոտի։ Այսինքն, այդ բիզնեսով զբաղվողները պետք է փող աշխատելու այլ ձեւ գտնեն։ Նրանց իրավունքների պաշտպանության մասին նախարարը կտրուկ պատասխան տվեց. «Նրանց իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսվում են մեր իրավունքները, իսկ ի՞նչ անենք, էկոլոգիայի մասին չմտածե՞նք»։ Որոշման ընդունումը պայմանավորված էր նաեւ ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների՝ երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիային Հայաստանի անդամակցությամբ։ Նախարար Այվազյանը վստահեցրեց, որ վերջին երեք տարում (այնինչ՝ իր պաշտոնավարման ընթացքում) խիստ վտանգավոր եւ ոչնչացման ենթակա, նաեւ առանց լիցենզիայի թափոնի ներկրում չի եղել։ Ավելին, շատ երկրներից են իրեն առաջարկում «մեծ-մեծ փողեր, որ վտանգավոր թափոն բերեն, մի տեղ թաղեն, վրան ծառեր տնկեն, բայց միշտ հրաժարվում ենք, որովհետեւ 20-30 տարի հետո դրանք դուրս կգան հողի երես ու կվտանգեն միջավայրը»։ Սակայն պարոն Այվազյանը դժվարացավ պատասխան տալ, թե ինչ պետք է անել, որպեսզի ապրանքի անվան տակ երկիր չներկրվեն ժամկետանց դառնալուն մոտ, բայց դեռ գործածության ժամկետի մեջ գտնվող դեղորայքն ու անվադողերը, որոնք կարճ ժամանակում իրացման հնարավորություն չունենալով՝ դառնում են թափոն եւ վտանգավոր՝ միջավայրի համար։ Ինչ վերաբերում է մինչ օրս տեղական արտադրությունից, ինչպես նաեւ ներկրված ապրանքներից առաջացած թափոնների ծավալի եւ գտնվելու վայրի մասին տվյալներին, ապա դրանք զետեղված են նախարարության կազմած «Քիմիական նյութերի եւ թափոնների կառավարման ազգային ակնարկում», որին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել