Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամագործակցենք վարչախմբի հետ

Հուլիս 09,2004 00:00

Կհամագործակցենք վարչախմբի հետ Ասում է ընդդիմության ներկայացուցիչը Հուլիսի 1-4-ը Սոֆիայում անցկացված Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության 2-րդ լիագումար նիստի աշխատանքներին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է նաեւ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը: «Առավոտի» հարցին՝ հակասակա՞ն չէ արդյոք օրենսդիր գործունեության բոյկոտի պայմաններում արտասահմանյան ուղեւորություններից չհրաժարվելը, պրն Զաքարյանը պատասխանեց. «Ոչ մի հակասություն չեմ տեսնում: Ես երկու անգամ հրաժարվել եմ արտերկիր ուղեւորությունից, երբ խոսքն, ասենք, ուղղափառ երկրների խմբի հանդիպումների մասին էր, քանի որ դրանք չեմ կարեւորել Հայաստանի համար: Իսկ տարածաշրջանային հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվում է Ղարաբաղի հարցը, որը միշտ շատ ենք կարեւորել: Եվ այս հարցի շուրջ նույնիսկ պատրաստ ենք համագործակցել գործող վարչախմբի հետ»: Հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ Ղարաբաղի հարցի շուրջ իշխանության հետ համագործակցելու պատրաստակամությունը կարող է դիտվել իբրեւ ապացույց հաճախ հնչող պնդումների, թե այդ ու արտաքին քաղաքական հարցերում ընդդիմության եւ ներկա իշխանությունների միջեւ չկա որեւէ տարաձայնություն: «Համաձայն չեմ,- ասաց ՀԺԿ քարտուղարը:- Տարաձայնություններ կան, որքանով ես Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից տեղյակ եմ Քի Ուեսթի սկզբունքների մասին: Օրինակ՝ մենք միշտ շեշտում ենք, թե Ղարաբաղի հարցի լուծումը երբե՛ք չպիտի լինի Հայաստանի ինքնիշխանության հաշվին»: Այնուամենայնիվ, այս խորհրդարանական նախաձեռնության հանդիպումներից առաջինի ընթացքում նաեւ ընդդիմադիրները մի փաստաթուղթ էին ստորագրել, որով աջակցություն էին հայտնում Ռոբերտ Քոչարյանի ջանքերին: «Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը,- աջակցության օբյեկտը ճշտեց Ստեփան Զաքարյանը:- Եվ այդ հարցի արդարացի լուծմանը միշտ էլ պատրաստ ենք աջակցել՝ ուզում է Քոչարյանը լինի կամ որեւէ մեկ ուրիշը, ով կզբաղվի այդ հարցով»: ՀԺԿ քարտուղարը նաեւ անդրադարձավ այն կշտամբանքին, թե ընդդիմությունը գնում է նման այցերի, երբ պատրաստակամություն էր հայտնել մասնակցել միայն այնպիսի գործուղումների, որոնք վճռական կլինեն իշխանափոխության համար. «Չգիտեմ, թե ով է նման բան ասել, բայց ես դա լուրջ չեմ ընդունում, քանի որ մենք իշխանափոխությունը երբեք չենք կապում արտերկրի հետ: Հայաստանից դուրս չէ իշխանափոխության հարմար տեղը»: Նկատենք, որ նման հավաստիացում արել էր «Ազգային միաբանության» մի ներկայացուցիչ: Ըստ այդմ՝ «Արդարությունը» չի՞ կիսում այդ մոտեցումը՝ հարցին ի պատասխան Ստեփան Զաքարյանը պնդեց. «Մենք հակառակ դիրքորոշումն ունենք եւ իշխանափոխությունը չենք փնտրում երկրից դուրս»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել