Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 09,2004 00:00

ԵՐԿՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա կիրակի օրը, հուլիսի 11-ին, Հայաստանի տարածքում տեղի կունենան երկու տարբեր մակարդակների ընտրություններ՝ Արտաշատի քաղաքապետի եւ Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետի: Եվ Արտաշատում, եւ Շենգավիթում նախընտրական փուլն անցնում է հարաբերական անդորրի պայմաններում: Հարաբերական, որովհետեւ, ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այս անգամ էլ առաջադրված թեկնածուները միմյանց վերաբերում են, մեղմ ասած, անվստահությամբ: Խոսքն այս դեպքում ավելի ճշգրիտ վերաբերում է մի կողմից՝ Արտաշատի գործող քաղաքապետին եւ Շենգավիթի թաղապետին, մյուս կողմից՝ առաջադրված մյուս թեկնածուներին: Մասնավորապես Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար գրանցված թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանը, Թադեւոս Թադեւոսյանն ու նախկին հանրապետական Գագիկ Մնացականյանը: Նախկին, որովհետեւ հուլիսի 5-ին նրան հեռացրել են հարազատ կուսակցությունից՝ առանց ՀՀԿ-ի համաձայնության իր թեկնածությունն առաջադրելու համար: Ի դեպ, հենց վերջինս համարվում է ներկա քաղաքապետին ռեալ այլընտրանք հանդիսացող, այսպես ասած՝ «անցողիկ» թեկնածու: Ընտրություններին հետեւող մեր անկախ աղբյուրների վկայությամբ, նախընտրական շրջանում արտառոց ոչինչ չի եղել, որը կարելի է որակել որպես օրենսդրության ոտնահարում, սեւ PR, ճնշումներ, ահաբեկումներ եւ այլն: Միակ բանը, որ արձանագրել են մեր աղբյուրները, այն է, որ ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ վարչական լծակներն այս կամ այն կերպ օգտագործվում են գործող իշխանության, տվյալ դեպքում՝ քաղաքապետի օգտին: Մասնավորապես նշվում է, թե օրերս Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը հավաքել է գյուղապետերին եւ հրահանգել իրենց ծանոթ-բարեկամ արտաշատցիներին հորդորել քվեարկելու գործող քաղաքապետի օգտին՝ ասելով, թե նա կոնկրետ ծրագրեր ունի, որոնք պետք է իրագործվեն: Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովներին, որոնք, ի վերջո, հաշվելու են թեկնածուների ստացած քվեները, ապա՝ 9 անդամներից գոնե 6-ը, ըստ մեր տեղեկությունների, պայմանականորեն ասած՝ ՀՀԿ-ինն են եւ աշխատելու են գործող քաղաքապետի համար: Մնացած երեքը, որոնց թվում է նաեւ «Արդարություն» դաշինքից ներկայացված ԱԺԴ անդամ, ժամանակին վարչական կալանքի ենթարկված Ստեփան Ստեփանյանը, չեզոք են: Նրանք ավելի շատ հետեւելու են ընտրություններն օրինական եւ արդար անցկացվելուն: Դիտորդներ, գոնե տեղական հասարակական կազմակերպությունների մակարդակով, հուլիսի 11-ին Արտաշատում անպայման կլինեն: Ինչ վերաբերում է Երեւանի Շենգավիթ համայնքում սպասվող ընտրություններին, ապա՝ հակառակ թեկնածուներից մեկի՝ Ավետիս Գրիգորյանի (հայտնի է «Ղռերի Ավո» մականունով.- Ն.Մ.) հրապարակային պնդումներին, թե գործող թաղապետը՝ Մարտին Գրիգորի Սարգսյանը, մասնավորապես իր նկատմամբ սեւ PR է իրականացնում, նրանն են ընտրական հանձնաժողովների անդամները, որ նա վարչական լծակները գործի է դրել իր վերընտրությունն ապահովելու համար, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզան Կռունկյանը «Առավոտին» ասաց, թե քարոզարշավը նորմալ է ընթանում, եւ որեւէ թեկնածուի կողմից բողոքներ չկան: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում թաղապետի թեկնածուներ են երեքը՝ երկու Մարտին Սարգսյանները, որոնցից մեկը ՀՀԿ անդամ եւ գործող թաղապետն է, մյուսն անկուսակցական է, ինչպես նաեւ արդեն մեր մատնանշած Ավետիս Գրիգորյանը: Ի դեպ, վերջինիս արած հայտարարություններին երեկ խնդրեցինք անդրադառնալ Շենգավիթի թաղապետ եւ համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Հովհաննիսյանին: Վերջինս, սակայն, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ սահմանափակվելով միայն մեկ դիտարկմամբ, թե՝ ընտրությունների արդյունքներն ամեն ինչ կասեն եւ կմեկնաբանեն: Ի դեպ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ինչպես 2002-ին, այնպես էլ այս անգամ ընդդիմությունը որեւէ շահագրգռություն չի ցուցաբերում, թեեւ, թվում է, քաղաքապետ կամ թաղապետ ունենալու համար այսօր նրանք ռեալ շանսեր ունեն: Մեր այս հարցադրմանը պատասխանելով՝ մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց. «Չենք մասնակցում, որովհետեւ մտածում ենք, որ տեղական նշանակության ընտրությունները հարց չեն լուծում, ընտրական ինստիտուտն այնքան վարկաբեկված ու չկայացած է, որ դրանց միջոցով մեր ժողովուրդը չի կարող իր կամքն արտահայտել: Դրանք ավելի շատ իշխանական տարբեր կլանների միջեւ պայքար են այսօր: Իհարկե, կան թեկնածուներ, որոնց հանդեպ մենք մեր մոտեցումներն ունենք, բայց ձեռնպահ ենք մնում քաղաքական դիրքորոշում հայտնելուց, որովհետեւ գործընթացները որեւէ ձեւով չեն տեղավորվում քաղաքական պայքարի շրջանակներում»: Ս. Սուրենյանցը ավելի ուշ հստակեցրեց, որ խոսքը տվյալ դեպքում Շենգավիթի թաղապետի թեկնածու «Ղռերի Ավոյի» մասին է: «Նրա ընտրությունը մեզ համար անցանկալի կլիներ, որովհետեւ վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան, որոնք վկայում են «Հոկտեմբերի 27»-ի հետ նրա ինչ-ինչ առնչությունների մասին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել