Հարցազրույց «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ:
– Որքանո՞վ են իրական 1995 թվականի ԱԺ ընտրության արդյունքները, որոնց որպես հետեւանք «Շամիրամը» ԱԺ 8 տեղ ստացավ։
– Իրական էր այնքանով, որքան որ իրական եւ կայացած էր մեր հասարակությունը, եւ կեղծված ուղիղ այնքան, որքան որ է կեղծիքն ու երեսպաշտությունը հասարակության մեջ։ Նույն պատկերը կլինի եւ այսօր, եւ 5 տարի հետո՝ հաջորդ նախագահական ընտրություններին։ Ոչ ազատ հասարակությունը միշտ էլ հանդուրժելու է անարդարությունը։
– «Առավոտին» հայտարարել էիք, որ Վանո Սիրադեղյանի հետ կգնաք թեկուզ դժոխք։ Այժմ նա ընդդիմություն է, շարունակելո՞ւ եք հետեւել նրան։
– Միայն Վանո Սիրադեղյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ է, որ կարելի է հանդուրժել քաղաքականությունը որպես կատեգորիա՝ իր բոլոր դրական եւ բացասական կողմերով։
– «Շամիրամի» հաջորդ «Նախագահը՝ նախագահ» կարգախոսն այս անգամ հնարավոր է փոխվի «Վարչապետը՝ նախագահ» կարգախոսով։
– Հնարավոր չէ, քանի որ մենք ընտրել ենք ազատ աշխատաոճ, համակրանքներն ու հակակրանքները կարող են արտահայտվել իրենց անունից, բայց ոչ կուսակցության։
– Այսինքն՝ «Շամիրամը» դե-ֆակտո դադարո՞ւմ է գոյություն ունենալ։
– Նախընտրական շրջանում՝ այո։
– Իսկ գուցե 40 օրով դառնում եք ընդդիմությո՞ւն։
– Ընտրություններն ու դրանց արդյունքները ցույց կտան։ Գուցե Հայաստանում ֆաշիզմ հաստատվի կամ սկսվի քաղաքացիական պատերազմ՝ իր բոլոր հետեւանքներով։ Այդ դեպքում, կարծում եմ, անլուրջ կլինի խոսել դիմության կամ ընդդիմության մասին։
– Իսկ հնարավո՞ր է, որ «Շամիրամը» դադարի գոյություն ունենալուց։
– Իսկ ինչո՞ւ ոչ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։
– Ինչո՞ւ եք այդքան հոռետես։
– Ամբողջ մամուլը դարձել է վախկոտ եւ իշխանամետ։ Քաղաքական բոլոր ուժերն ու գործիչներն առանց հիմնավոր պատճառի պաշտպանում կամ երդվում են թեկնածուներից որեւէ մեկին։ Որեւէ մեկին ձայն տալու համար հարկավոր է նրան մինչեւ ուղնուծուծը ճանաչել։ Ծրագրեր չեն ներկայացնում, բայց հավատարմության երդումներն այլեւս տրված են։
– Ի դեպ, ինչո՞ւ չի տպագրվում «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթը։
– «Չորրորդ իշխանությունը» չի կարող իրեն անորոշ կամ կիսաազատ պահել։ Բայց ես այսօր որեւէ երաշխիք չունեմ, որ ազատ լինելու դեպքում հարվածի տակ չեմ դնի խմբագրակազմին։ Իսկ կիսադեմոկրատական թերթ չեմ տպագրի։
– Ձեր մտավախությունները կոնկրետ հի՞մք ունեն։
– Թավշյա հեղաշրջումները գաղտնի եւ թաքուն հեռանկարներ են ենթադրում։ «ՉԻ»-ին ոչ մի բացահայտ սպառնալիք չի եղել եւ չի էլ լինի, բայց ես ավելի շատ վախենում եմ թաքուն եւ էժան դավերից։
– Ի՞նչ կոնկրետ հարցեր են քննարկվել «Շամիրամի» եւ վարչապետի հանդիպման ժամանակ։
– Հետաքրքրվել ենք, թե ով է լինելու վարչապետը, եթե վարչապետը նախագահ դառնա։ Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են լինելու։
– Ի՞նչ պատասխանեց վարչապետը։
– Որքան հիշում եմ, խուսափեց։
– «Շամիրամը» խոստացա՞վ պաշտպանել վարչապետի թեկնածությունը։
– Ոչ։ «Շամիրամը» ոչ մի հայտարարության տեքստ չփոխանցեց վարչապետին։
– Ո՞ւմ օգտին է քվեարկելու Շողեր Մաթե
ւոսյանը։
– Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 5 տարի հետո։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Առավոտ», 20.02.98թ.