Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՄՄԻՆ ԿՐԿԻՆ ԿՄԵԿՆԻ ՅՈՒՐՄԱԼԱ

Հուլիս 09,2004 00:00

Այս անգամ՝ «Հայեր» վոկալ քառյակով

Արդեն երկրորդ անգամ Յուրմալայում անցկացվող «Նովայա վոլնա» երգի միջազգային մրցույթին կմասնակցի Հայաստանը՝ երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Հայեր» վոկալ քառյակի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի նախաձեռնությամբ։

Տեղեկացնենք, որ այս տարի Հայաստանը փետրվարին, նախնական լսումների նպատակով Մոսկվա էր ուղարկել «Հայեր» վոկալ քառյակի, երգչուհի Վարդուհի Վարդանյանի, «Հայեր» խմբի նախկին երգչուհի Արմինե Նահապետյանի CD-ները։ Հինգ հազար կատարումներ լսելուց հետո, ժյուրին (նախագահ՝ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյ, ժյուրիի անդամներ՝ պրոդյուսեր Եվգենի Օռլով, կոմպոզիտորներ՝ Իգոր Նիկոլաեւ, Մաքս Ֆադեեւ եւ այլք) ընտրել է 80 մասնակցի, որոնք ապրիլի 12-ին կենդանի կատարումներով հանդես են եկել Մոսկվայում։ Հայաստանից ընտրվել է «Հայեր» վոկալ քառյակը, ներկայացնելով Բեթհովենի թիվ 9 սիմֆոնիայի ավարտը եւ «Սուսերով պարը»՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից։ Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել 16 ներկայացուցիչ, որոնք կսկսեն պայքարը հուլիսի 28-ին, Յուրմալայի «Ձինտարի» համերգային դահլիճում։

«Առավոտի» հարցին՝ «Դուք որոշել եք պայքարել ամեն տարի, մինչեւ հաղթական ավա՞րտ», Ն. Սարգսյանը պատասխանեց. «Մենք քայլ ենք անում իսկական շոու-բիզնես մուտք գործելու համար։ Հակառակ ինձ հասած շշուկների, գտնում եմ, որ անցյալ տարի Էմմիի մասնակցությունը մրցույթին եւ 16 լավագույնների թվում նրա հայտնվելը իսկական հաղթանակ էր։ Ավելին, երկրորդ տարին մեր կենտրոնի (նկատի ունի իր ղեկավարած քոլեջը- Ս.Դ.) մասնակցության իրավունքը մրցույթին, նշանակում է՝ ընդգրկում միջազգային չափանիշների շրջանակ։ Ի վերջո, մրցույթների շնորհիվ է, որ իմ աղջիկները նույն տեղում չեն դոփում։ Այդպես էլ պետք է լինի, եթե նպատակ ես դրել հասնել պրոֆեսիոնալիզմի միջազգային չափանիշների։ «Հայեր» քառյակի երգչուհիները մրցանակներ են շահել, այդ թվում «Գրան պրի»՝ Էստոնիայում, Մոսկվայում, Բուլղարիայում կայացած միջազգային մրցույթներում։ Ինչ վերաբերում է ինձ հասած շշուկներին, չեմ կարող հասկանալ մեկ բան՝ եթե օրեր շարունակ հնչում է Հայաստան անունը ու հայկական երգ, ի՞նչ վատ բան կա դրանում։ Այս տարի ՕRT եւ Ծձի TV հեռուստաալիքներով «Հայերը» նկարահանվել են մեր պատմամշակութային արժեքների ֆոնին, նաեւ ներկայացրել վերջիններիս պատմությունը։ Եվ դա հնչում է 13-20 տարեկան աղջիկների շուրթերից»։ Մեր՝ «Դուք հերքո՞ւմ եք այն բոլոր լուրերը, թե իբր ձեր անձնական կապերի շնորհիվ է, որ երկրորդ տարին իրավունք եք ստանում մասնակցելու միջազգային այս հեղինակավոր մրցույթին» հարցին, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Անկասկած, ես ունեմ մեծ շրջապատ, բայց բիզնեսը մնում է բիզնես եւ միայն գործից չհասկացողը կարող է նման բան ասել։ Իմ նախկին գործընկերուհի, ռուսական էստրադայի շոու-բիզնեսում հայտնի Լարիսա Դոլինան առաջարկեց, որ «Հայերի» հետ բավական է ընդամենը երկու ամիս գործունեություն ծավալել Մոսկվայում եւ նրանց առջեւ կբացվեն ռուսաստանյան շոու-բիզնեսի դռները»։

«Ուզում եք ասել, որ միայն ֆինանսը չէ գլխավորը»՝ դիտարկմանն էլ տիկին Սարգսյանը պատասխանեց. «Այն էլ ի՜նչ դերակատարություն ունի։ Պետք է հասկանալ, որ շոու-բիզնեսը ամենածախսատար ու ֆինանս բերող բիզնեսն է, միայն պետք է կատարել ներդրումներ։ Սա այն ոլորտը չէ, որ միայն շրջապատը, ընկերները դեր կատարեն»։ «Կարելի է մտածել, որ ոչ մի դրամ չի՞ ծախսվել «Հայերի»՝ մրցույթին մասնակցելու համար» հարցին ի պատասխան տիկին Սարգսյանն ասաց. «Մեծ աջակցություն են ցուցաբերել պարուհի Սոֆի Դեւոյանը, քոլեջի դիզայներ Ազա Թոթոլյանը, «Հ1» ազգային երաժշտական ալիքի աշխատակիցները»։ «Ձեր կարծիքով, ձեր դստեր՝ երգչուհի Էմմիի անցյալ տարվա ելույթը Յուրմալայում ժյուրիի կողմից արդա՞ր գնահատվեց» հարցին Ն. Սարգսյանը պատասխանեց. «Կրկնում եմ, սա բիզնես է։ Առաջին մրցանակի արժանացած Անաստասիա Ստոցկայային մրցույթից հետո մեկ տարվա ընթացքում որտե՞ղ եք հանդիպել՝ ընդամենը 2 տեսահոլովակ։ Բայց ի՜նչ ներդրումներ էր կատարվել։ Թույլ տվեք, ի վերջո մեկ տարվա լռությունից հետո բարձրաձայնել՝ թեեւ Իսրայելից երգիչ Ռաֆայելը, որին գնահատում եմ, ինտերնետային հարցումներով արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, բայց ավելի ուշ պարզվեց, որ դա Էմմիի մրցանակն էր, քանի որ նա էր հավաքել ավելի շատ ձայներ։ Թույլ տվեք նկատել, որ այս մեկ տարվա ընթացքում Էմմին բազմիցս հանդես եկավ համատեղ համերգներով Սպիվակովի, Դոլինայի, Դոբրինինի, Երմոլնիկի եւ այլ անվանի արտիստների կողքին։ Այո, մանր-մունր խախտումներ լինում են»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. «Յուրմալա 2004»-ին կմասնակցեն մեր հայրենակիցներ Անահիտ
Սիմոնյանը՝
Սուրգութից եւ Ջուսը՝ Մոսկվայից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել