Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին տուժողի իրավահաջորդ չէ՞

Հուլիս 09,2004 00:00

Մայրաքաղաքի Նորքի 3-րդ զանգվածի բնակիչ Կարապետ Արզումանյանը մեզ ներկայացրեց փաստաթղթերի մի մեծ տրցակ:

Այնտեղ տեղ էին գտել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի միմյանց հակասող վճիռները։ Կ. Արզումանյանի մայրը մահացել է 2000թ. հունիսի 13-ին։ Քաղաքացին մոր՝ Ազատուհի Արզումանյանի մահվան իրական պատճառները եւ հանգամանքները առայսօր համարում է չպարզված։

Մոր հիվանդության եւ մահվան վերաբերյալ դատաբժշկական եզրակացության պատճենները ձեռք բերելու համար նա դիմել է Հրազդանի միջշրջանային դատաբժշկական փորձաքննության բաժնի պետին եւ հանրապետական դատաբժշկական գիտափորձնական կենտրոնի տնօրենին, որը պատասխանել է, թե 1208 հրամանի համաձայն, արգելվում է անձին փաստաթուղթ տրամադրելը, այն կարող է հատկացվել դատարանի գրավոր պահանջի հիման վրա կամ տուժողի իրավահաջորդ ճանաչվելու դեպքում։

Կ. Արզումանյանին դատաբժշկական եզրակացության պատճենները հարկավոր են եղբոր ընտանիքին գույքային պահանջ ներկայացնելու համար։ 2001թ. հոկտեմբերին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է դիմումը բավարարել եւ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին հանձնարարել Կարապետ Արզումանյանին հանձնելու Ազատուհի Արզումանյանի դատաբժշկական եզրակացության պատճենները՝ սկսած 1990թ. մինչեւ 1996թ. ներառյալ։ Սակայն մեկ ամիս անց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, քննության առնելով պատասխանող կողմի ներկայացրած բողոքը, Կ. Արզումանյանի դիմումն անհիմն է համարել եւ մերժել։ Վճիռն անփոփոխ է թողել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը։ Մեկ տարի անց քաղաքացին ստիպված է եղել դիմել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։

Ըստ ՀՀ քաղդատօրի 210 հոդվածի՝ վերաքննիչ դատարան բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձեւով ուղարկել բողոքի եւ դրան կից փաստաթղթերի պատճենները։ Քաղաքացուն չեն ուղարկել պատճենները, որով զրկել են նրան բողոքին պատասխանելու իրավունքից, ըստ նույն օրենսգրքի 211 հոդվածի։ Կ. Արզումանյանին տակավին հայտնի չէ, թե ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով է վերաքննիչ դատարանը մերժել իր դիմումը եւ վճռում պատճառաբանել, որ հարցը կարող է լուծվել «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Դատարանից նա խնդրել է ղեկավարվել ՀՀ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի հոդված 18-ով եւ փաստաբանին տրամադրել պահանջված փաստաթղթերը։

Հայցադիմումը մերժել է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ անտեսելով ՀՀ քաղդատօրի մի շարք հոդվածների (209-ի 3-րդ կետ, 210, 211, 212-ի 1-ին կետի 2-րդ ենթակետ) խախտման մասին Կ. Արզումանյանի վկայակոչած հիմնավորումները եւ զրկելով նրան մոր վերաբերյալ դատաբժշկական եզրակացության պատճեններին ծանոթանալու հնարավորությունից։

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել